Երկու երնեկ մի տեղ չի լինում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | օգոստոսի 6, 2011 7:00

Որտեղ ջուր, այնտեղ կյանք: Սա վաղուց հաստատված ճշմարտություն է և ապացուցման կարիք չունի: Այդ առումով Սևանա լիճը Հայաստանի անփոխարինելի հարստությունն է, որից էլ օգտվեցինք շռայլորեն:

Ժամանակին հանրապետության տնտեսության կարիքների համար կապուտակ Սևանի ջրային պաշարներն  օգտագործվեցին Սևան-Հրազդան էներգետիկ կասկադի միջոցով, որը ներառում է 6 ՀԷԿ, ինչպես նաև ոռոգման նպատակով: Հետևանքը բոլորիս է հայտնի:  Բնապահպաններն աղաղակում էին, որ լիճը կամաց-կամաց մեռնում է, և լավ է, որ թեև ուշացումով, բայց վերջապես եկավ Սևանի պարտքը վերադարձնելու ժամանակը: Իսկ էներգետիկներն էլ հպարտանում էին, որ կասկադի շահագործումից հետո շատ բան փոխվեց  հանրապետության կյանքում, որ այն  որոշիչ դեր խաղաց հանրապետության տնտեսության կյանքում:

Այդպես է, այլ կարծիք լինել չի կարող: Չէ՞ որ դրա արդյունքում ծնունդ առան Հրազդան և Չարենցավան քաղաքները:  Եվ ոչ միայն: Գաղտնիք չէ, որ  առանց ջրի կյանքը դժոխքի է վերածվում, բայց պետք է անկեղծորեն խոստովանել, որ պակաս դժոխային չէ առանց «Իլիչի աչիկների»: Իսկ դրա արժեքը  գնահատելու համար բավական է մի ակնթարթ վերհիշել անկախության ցուրտ ու մութ տարիները: Այստեղ է, որ մարդ երկու քարի արանքում է հայտնվում.  ո՞րն էր ճիշտ, կառուցե՞լը, թե՞ չկառուցելը: Հարկ է հիշել, որ առաջին` Քանաքեռ ՀԷԿ-ը, կառուցվել և շահագործման է հանձնվել 1936 թ., որով և հանրապետությունում հիմք դրվեց էներգահամակարգ հասկացությանը:   Պարզվում է` այն ոչ միայն ամբողջությամբ կատարեց իր որոշիչ դերը հանրապետության արդյունաբերության զարգացման գործում, այլև կադրերի պատրաստման յուրօրինակ դարբնոց դարձավ: Կայանի` տարին բոլոր ողջ հզորությամբ աշխատելը բացարձակ անհնար է, քանզի դրա համար միլիարդների հասնող ջրի պաշար է անհրաժեշտ, ինչը մենք չունենք: Այնուհանդերձ, հանրապետության էներգետիկ պահանջի 8-10 տոկոսն է բավարարում կասկադը, նաև էներգիա մատակարարում ատոմակայանին: Արժե թերևս հպարտանալ այդ հսկա կառույցով, եթե այն այսօր մերը լիներ: Բայց շատերն են հիշում, որ 2003 թ. Սևան- Հրազդան կասկադը վաճառվեց ռուսական «Ինտերռաո» ընկերությանը` միջուկային վառելիքի 25 միլիոն դոլար պարտքի դիմաց, ու այն դարձավ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ:

Այն, ինչ կատարվեց Ճապոնիայի Ֆուկուսիմա ատոմակայանում, ցնցեց ողջ աշխարհը, ավելին, սառը ցնցուղ դարձավ աշխարհի  ատոմակայան ունեցող 140 երկրների համար: Կատարվածը մտահոգեց նաև մեզ, իհարկե, ոչ պատահական, քանի որ մոտենում է մեր ատոմակայանի շահագործման ժամկետը, և մինչ ճապոնական աղետը նոր ատոմակայան կառուցելու ծրագիր էր ասպարեզ իջել: Թեև ուսումնասիրության նպատակով ՄԱԳԱՏԵ-ի մեր երկիր ժամանած ներկայացուցիչների` մեր ատոմակայանի անվտանգությանը տված տեխնիկական եզրակացությունը շատ դրական էր, բայց երկրաշարժ տեսած ժողովրդի համար նոր ատոմակայանի կառուցումը չափազանց ռիսկային է: Նրանք նույնիսկ որոշ առումներով զարմացած հեռացան:

Այս առնչությամբ հարկ է արժանին մատուցել մեր հայրենակից, և՛ ատոմակայնի, և՛ Հրազդան ՋԷԿ-ի նախագծերի հեղինակ ու շինմոնտաժային աշխատանքների ղեկավար Վազգեն Ղազարովին (ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի եղբայրը), որ մեզ  այսպիսի հուսալի ատոմակայան ժառանգություն թողեց: Նա, որ ժամանակին, ի դեպ,  դեմ է եղել դարի կառույց համարվող, ակադեմիկոս Ալեքսանդրովի նոր նախագծով կառուցվող Չեռնոբիլի ատոմակայանին:  Ինչպես ժամանակը ցույց տվեց, նրա մտավախությունը որոշ հիմքեր ուներ: Իսկ երբ տեղի ունեցավ աղետը, նրան առաջինը գործուղեցին Չեռնոբիլ… Ճապոնիայի աղետից հետո շատերը սկսեցին ավելի լուրջ մտածել  այլընտրանքային էներգիայի աղբյուրներ գտնելու մասին: Իսկ դա առաջին հերթին փոքր ՀԷԿ-երի կառուցումն է, որոնք այսօր  արագ զարգանում են Հայաստանում:

Եթե 1926 թ.  ԳՕԷԼՌՕ-ի ծրագրով հանրապետությունում կառուցվեց առաջին ՀԷկ-ը,  ու այնուհետև դրանց թիվը հասավ 13-ի, ապա այսօր հանրապետությունում 96 փոքր ՀԷԿ կա` էներգիայի 5-7 տոկոսի ընդհանուր սպառման ծավալով: Իսկ 2012-ին այդ թիվը կավելանա  56-ով` սպառման ծավալը հասցնելով 10 տոկոսի: Այդ նպատակի համար 2007 թ. 18 միլիոն եվրո վարկային ծրագիր է տրամադրվել:

Որտեղ ջուր ու բարձրություն կա, կա նաև ՀԷԿ կառուցելու հնարավորություն: Փառք աստծո, Հայաստանի ռելիեֆը փոքր ՀԷԿ-երի կառուցման, զարգացման առումով անչափ նպաստավոր է, քանզի դրա համար անհրաժեշտ ջուրն ու բարձրությունը կա, բայց ոլորտը ծախսատար է,  և հանրապետությունն իր առջև ծառացած խնդիրը լուծել չի կարող: Եթե անգամ թվերի հաշվարկի մեջ ժլատ չլինենք ու այդ տոկոսը 30-ի հասցնենք, միևնույն է, հանրապետության դարդին դարման չի լինի: Իսկ թե քանի մեծ ու փոքր հիդրոկայան է անհրաժեշտ  կառուցել` նոր ատոմակայանից խուսափելու համար, ակամա հիշեցի տարիներ առաջ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերության  արտադրության գծով տնօրեն Գարեգին Բաղդասարյանի կտրուկ պատասխանը. «Առանց նոր ատոմակայանի մենք ապահով գոյատևել չենք կարող: Միշտ կախված կլինենք գազի առկայությունից, որը տարեցտարի թանկանում է, գազ, որ այսօր նաև քաղաքականություն է դարձել: Եթե ուզում ենք լավ ապրել, պետք է նոր ատոմակայան ունենանք, իսկ հանրապետության էներգետիկ պահանջարկը 5 միլիարդ է կազմում: Նույնիսկ հանրապետության ջրային ողջ ռեսուրսը չի կարող փակել այդ պահանջարկը»: Էլ չենք խոսում արտահանման մասին, որի հետ մեծ հույսեր են կապում ոլորտի պատասխանատուները:

Ինչևէ, հանրապետությունը կրկին նոր ատոմակայան կառուցելու-չկառուցելու երկընտրանքի առջև է կանգնել:  Այնպես որ դեռ հինգ տարի խորհելու, ծանրութեթև անելու ժամանակ ունենք, քանի որ ատոմակայանի գործարկման ժամկետը սպառվում է  2016 թ.:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

 

Դիտվել է 1285 անգամ:

Leave a Reply