Նժդեհի 125-ամյակ ենք տոնում` առանց նժդեհյան մթնոլորտի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | August 8, 2011 7:00

Միանգամայն բնական է, որ հայ մեծանուն պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ, փիլիսոփա Գարեգին Նժդեհի 125-ամյակը տոնելու համար կառավարությունն այս տարվա սկզբին հոբելյանական հատուկ հանձնաժողով ստեղծեց և մշակեց միջոցառումների հագեցած ցանկ: Նույնքան բնական պետք է լիներ նաև այն, որ Նժդեհի հոբելյանը վերածվեր համազգային տոնախմբության: Սակայն տարին արդեն կիսվել է, իսկ Նժդեհի 125-ամյակին նվիրված միջոցառումների մեծ մասը դեռ չի իրականացել,  համազգային տոնի մթնոլորտ էլ պարզապես գոյություն չունի:

Անդրանիկ միջոցառումը` Նժդեհի 125-ամյակին և Լեռնահայաստանի 90-ամյակին նվիրված գիտաժողովը, ըստ նախատեսվածի, տեղի ունեցավ ապրիլի վերջերին, փաստորեն տարվա առաջին եռամսյակում որևէ միջոցառում չիրականացավ:

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, որ հոբելյանական հանձնաժողովի անդամ է, ասում է, թե միջոցառումների հիմնական մասը նախատեսված է աշնանը: Վիրաբյանը դա բացատրում է հետևյալ կերպ. «Դե, ընդունված է` բերքը աշնանն են հավաքում, ճտերը աշնանն են հաշվում»: Բարձր գնահատելով մշակված ծրագիրն ու մինչ օրս իրականացված միջոցառումները` նա միաժամանակ նշում է, որ այդ ամենը գերազանց գնահատել չի կարելի. «Չէի ասի, որ դա համազգային բնույթ է կրում, խորհրդային տարիներին, երբ տոնում էին Լենինի հոբելյանը, ինչպես ասում էին` «արդուկներն էլ Լենինի մասին էին խոսում»:

Կառավարության աշխատակազմի` այդ հարցով պատասխանատու Սամվել Մուրադյանը, սակայն, միջոցառումների ծրագիրը գերազանց է գնահատում` ավելացնելով, որ եթե դրանք մինչև տարվա վերջ իրականացվեն, գերազանց գնահատականը կպահպանվի նաև այդ առումով: Ինչ վերաբերում է Նժդեհի հոբելյանը համազգային տոնի վերածելուն, ապա այդ հարցում նա մեղադրում է հասարակությանը. «Եթե տոնը չի դառնում համազգային, դրանում ազգն է մեղավոր, դուրս եկեք փողոց և հարցրեք, թե քանի հոգի է ճանաչում Նժդեհին»:

Վիրաբյանն այդ բացթողումը բացատրում է այն հանգամանքով, որ ի տարբերություն խորհրդային տարիների, այժմ չկա համապատասխան կառույց, որը զբաղվի զուտ ազգային-հայրենասիրական դաստիարակությամբ ու քարոզչությամբ. «Հնում դա քրիստոնեությունն էր, ամեն ինչ արվում էր կրոնի միջոցով, դրան փոխարինելու եկան տարբեր գաղափարախոսություններ, համամարդկային արժեքներ, ժողովրդավարություն, հետո մեջտեղ եկավ սոցիալական հասարակության գաղափարախոսությունը, որտեղ ամեն ինչ պարզ դրված էր` սովետական հայրենասիրություն, իսկ այսօր մենք դեռ չենք ընտրել, չենք որոշել, թե ինչ ենք ուզում, ինչ երկիր ենք կառուցում»:

Ազգային արխիվի տնօրենը համոզված է, որ երեխային ճիշտ դաստիարակելու համար պետք է կարողանալ ճիշտ արժեքներ ներկայացնել, իսկ այդ արժեքները պետք է լինեն ոչ թե վերամբարձ ու հորինված, այլ իրական կյանքի օրինակների հիման վրա: «Ո՞ւմ կերպարով դաստիարակենք այսօր երեխային,- հարցնում է նա,- չենք կարող նրան ասել` լավ սովորիր, որովհետև նա տեսնում է, որ բազմաթիվ վատ սովորողներ, իրենց անուն-ազգանունը գրել չիմացող մարդիկ դարձել են միլիոնատեր, մարզպետ, պատգամավոր: Դաստիարակությունը պետք է ուղեկցվի իրական քայլերով, բայց եթե երեխան դա չի տեսնում, ուրեմն խոսքը ոչ մի արժեք չունի»:

Վիրաբյանի կարծիքով` մեզ այսօր Գարիբալդի է պետք. «Նժդեհը զանգեզուրյան Գարիբալդի էր, բայց նրան չթողեցին դառնալ ողջ հայ ժողովրդի Գարիբալդին: Եթե 1920 թվին, երբ սկսվեց հայ-թուրքական պատերազմը, նրան նշանակեին ռազմաճակատի հրամանատար և ոչ թե Փիրումովին, որ ավտովթարից ոտքը կոտրեց և Կարսի գրավման ժամանակ քնած էր, ամեն ինչ միգուցե այլ լիներ»:

Ընդունելով հանդերձ Նժդեհի գաղափարախոսության կարևորությունը` Վիրաբյանը տարակուսում է, թե այն այսօր կարող է կիրառվել իբրև ազգային գաղափարախոսության հիմնասյուն:  «Նրա գաղափարախոսությունը դրված է ազգի, ազգայինի հենքի վրա, ինչն այսօր Եվրոպան չի ընդունում, իսկ մենք բռնել ենք եվրոպական արժեհամակարգի ուղին, որը Նժդեհի ցեղակրոն գաղափարների հետ հակասության մեջ է: Մենք պետք է կարողանանք մի քիչ խորամանկ լինել և այդ երկուսը ճիշտ համակցել»,- ասում է Վիրաբյանը:

Նժդեհի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ցանկում ընդգրկված են այնպիսի կարևոր միջոցառումներ, ինչպիսիք են, օրինակ, Նժդեհի արձանի տեղադրումը նրա անվան հրապարակում: Հիշեցնենք, որ այսօր Նժդեհի անվան հրապարակում շարունակում է կանգնած մնալ Սուրեն Սպանդարյանի հուշարձանը: Ինչպես պարզեցինք Երևանի քաղաքապետարանից, հարցի վերաբերյալ սույն թվականի մայիսի 13-ին ծավալված քննարկման ընթացքում  քաղաքապետարանի գեղարվեստի խորհրդի անդամները տարբեր կարծիքներ են արտահայտել ինչպես արձանի գեղագիտական, այնպես էլ տեղադրման ճարտարապետական լուծումների առնչությամբ, և հարցի քննարկումը հետաձգվել է: Կառավարությունից հստակ չպատասխանեցին` այս տարի արձանը կտեղադրվի՞, թե՞ ոչ:

Ծրագրով նախատեսված է նաև, որ «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հետ համատեղ պետք է այս տարվա ընթացքում հրատարակվի «Հայ ասպետ» մանկապատանեկան ամսագրի 3 համար` նվիրված Նժդեհին: Կառավարությունից հայտնեցին, որ միջոցներ չեն գտնվել այդ ամսագրի համար, ուստի հնարավոր է, որ դրա հրատարակումը հետաձգվի մինչև հաջորդ տարի: Հիմնադրամի տնօրեն, համանուն հեռուստախաղի հեղինակ և վարող Կարին Տոնոյանը հայտնեց, որ իրենք հիմնադրամի բարերարների միջոցներով այս տարվա սեպտեմբերին կթողարկեն ամսագրի մեկ համար: «Քանի որ ամսագրի առաջին համարը մեր կողմից պատրաստ էր, բայց ֆինանսավորումն ուշանում էր, մենք որոշեցինք այն թողարկել` որպես «Հայ ասպետի» կողմից նվեր երկու մեծ հոբելյանական տոների` Նժդեհի 125 և Անկախության 20-ամյակներին»,-նշեց նա:

Նժդեհի հոբելյանական միջոցառումների կատարման զգալի մասն իրականացնում է կրթության և գիտության նախարարությունը: Նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը, թվարկելով իրենց կողմից կատարված աշխատանքները, Նժդեհի հոբելյանական միջոցառումների իրականացումը գերազանց գնահատեց. «Միայն մեր կողմից իրականացված մարզական միջոցառումներին մասնակցել է մոտ 130 000 աշակերտ,-ասաց նա,- իսկ թե մարդիկ ինչ բում են պահանջում, չեմ կարող ասել»:

Վիրաբյանն էլ իր հերթին թվարկեց այն բոլոր աշխատանքները, որոնք կատարվել են Ազգային արխիվի գործառույթների շրջանակներում. Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում Նժդեհի ծննդյան 125-ամյակին  նվիրված փաստաթղթերի ու լուսանկարների ցուցահանդես, Նժդեհի գրական ժառանգության ակադեմիական հրատարակության նախապատրաստում և իրականացում, Վենետիկի Մխիթարյան միաբանությունում պահվող անտիպ նյութերի հրատարակում, Պլովդիվի Վազովի անվան քաղաքային գրադարանում պահվող «Ռազմիկ» պաշտոնաթերթի (որի խմբագիրն է եղել Նժդեհը) 7 տարվա հրատարակությունների պատճենների ձեռքբերում և այլն:

Նժդեհի 125-ամյակի շրջանակներում Հանրային հեռուստաընկերությունը Նժդեհի մասին վավերագրական նոր ֆիլմ է նկարահանել, որը կցուցադրվի աշնանը, Սյունիքի մարզում Լեռնահայաստանի հռչակմանը նվիրված հուշակոթող է (խաչքար) կանգնեցվել, տեղի են ունեցել Նժդեհի ուսմունքի վերաբերյալ մրցույթներ, իսկ առաջիկայում նախատեսվում են Նժդեհին նվիրված նամականիշ, կոնֆերանսներ, հեռուստահաղորդումներ, պիեսի բեմադրում և այլն:

ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը մեզ հետ զրույցում ևս մտահոգություն հայտնեց նժդեհյան մթնոլորտի բացակայության առնչությամբ. «Նժդեհը մեծ, բացառիկ երևույթ է  մեր պատմության մեջ, ես նրան համարում եմ հանճարեղ մարդ,- ասաց նա,-բայց, ցավոք, նրան ըստ արժանվույն չենք գնահատում»: Ժողովրդական արտիստի կարծիքով, դրա պատճառներից են  այսօրվա բարոյական փոխհարաբերությունները, հասարակության չձևավորված լինելը, ժողովրդի պառակտվածությունը, մտավորականների անտարբերությունը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Վահրամ Միրաքյանի կարծիքով, եթե հեռուստաեթերում բացակայում է Նժդեհը, իսկ փոխարենը այն լի է անորակ հեռուստասերիալներով, նժդեհյան մթնոլորտի մասին խոսք լինել անգամ չի կարող: «Նժդեհին նվիրված մի քանի հրատարակությունները, գիտաժողովներն ու կոնֆերանսները նեղ շրջանակների վրա կարող են ազդեցություն թողնել, բայց ոչ հասարակության լայն շերտերի»,- կարծում է նա:

ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի դոցենտ, նժդեհագետ Արմեն Սարգսյանն էլ համոզված է, որ Նժդեհը պետք է հետաքրքրություն առաջացնի ոչ միայն պատմագիտական հետազոտությունների տեսանկյունից, այլև որպես մի մտածող, որն իր գաղափարներով արդիական լինելու հայտ է ներկայացնում ինչպես մերօրյա, այնպես էլ ապագայի  հայ իրականության համար: «Եթե պետական միջոցառումների նպատակը զուտ հարգանքի տուրք մատուցելն է մեծանուն հային, ապա այդ տեսանկյունից միջոցառումներն ընդհանուր առմամբ հաջող են, սակայն պետք է ցավով արձանագրել, որ այդ միջոցառումները հստակ չեն  ծառայում հետևյալ խնդրի լուծմանը. հասանելի դարձնել նժդեհյան գաղափարները լայն հասարակությանը»:

Նժդեհի հոբելյանը ազգային ոգևորության չվերածվելու պատճառ է համարում այն քաղաքական իրողությունը, որ «Նժդեհ» անունը բազմակողմ շահարկումների առարկա է: «Այսօր Նժդեհի անունը դարձել է շատ ազդեցիկ գործոն տարաբնույթ քաղաքական շահերի սպասարկման համար,- ասում է նա,- մի կողմից` գործ ունենք ծայրահեղ դոգմատիկ նժդեհապաշտության հետ, մյուս կողմից` ծայրահեղ նժդեհամերժության: Սա շատ վտանգավոր երևույթ է, որի մասին ժամանակին հենց Նժդեհն էր զգուշացնում. «Պետք է կեղծ և մոլար համարել այն բոլոր կրոններն ու վարդապետությունները, որոնք մտավոր կուրություն են պահանջում իրենց դավանողներից»:

Ըստ Սարգսյանի` Նժդեհի 125-ամյա հոբելյանը պետք է լիներ լավագույն առիթ, որ հասարակության լայն շրջանակները ծանոթանային նրա գաղափարախոսությանը, նրա անվան հետ կապված քաղաքական շահարկումներն ու տարըմբռնումները վերանային, և Նժդեհը ներկայացվեր այնպես, ինչպես կա:

 

Դիտվել է 1524 անգամ:
Print Friendly

Leave a Reply