Նելլի Դուրյան. «Ես չեմ պատկերացնում ինձ առանց ոստիկանության»

Հարցազրույց | | August 13, 2011 7:00

«Բալիկ ջան, որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու»: Բոլոր ժամանակներում էլ երեխաներից շատերն այս հարցին պատասխանում են` ոստիկան: Իհարկե, նրանցից քչերն են հավատարիմ մնում մանկական խոստմանը, բայց կան մարդիկ, ովքեր ապրում են այդ մասնագիտությամբ:

Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն ասվածի ապացույցն է: Մենք

հնարավորություն ունեցանք զրուցելու նրա հետ և զրուցելու ոչ միայն հանցագործների ու հանցագործությունների մասին

Տիկին Դուրյան, լեգենդար Ագաթա Քրիստին սիրում էր հաճախ կրկնել, որ տղամարդիկ փառամոլ են

-Ես էլ կարծում եմ, որ տղամարդկանց մեծ մասը փառամոլ է: Կանայք էլ, կասեի, քիչ տոկոս չեն կազմում, բայց ինչպես միշտ, այստեղ էլ առաջին տեղում տղամարդն է:

Այօրվա Ձեր ձեռքբերումները նպատակասլացությա՞ն արդյունք են:

-Ես առաջին տեղում կդնեի ավելի շատ աշխատասիրությունը, քան նպատակասլացությունը:

Լսել եմ, որ Ձեր ծնողները նույնպես ոստիկանությունում են աշխատել:

-Այո, հարազատներս էլ են ոստիկան եղել` թե՛ հայրս, թե՛ մայրս, թե՛ քույրս, թե՛ քեռիս, թե՛ մորաքույրս, թե՛ փեսաս` քույրիկիս ամուսինը: Փոքր ժամանակվանից ոստիկանի համազգեստ եմ տեսել: Մայրիկս միշտ կրում էր ոստիկանի համազգեստ, որովհետև պահանջն էր այդպիսին, աշխատում էր կադրերի վարչությունում:

Անկեղծ ասած, ես այսօր Ձեզ համազգեստով էի պատկերացնում:

– (Ծիծաղում  է) Հիասթափվեցի՞ք:

Չէ, երևի այսպես ավելի է ընդգծվում ոստիկանի դիմագիծը: Հաստատ ոստիկանական ճամբար էլ գնացած կլինեք, չէ՞

-Գնացել եմ մանկապարտեզ, որը ոստիկանությանն էր պատկանում, հետո ճամբար (ժպտում է), որ էլի ոստիկանությանն էր: Միայն հանրակրթական դպրոցն էր, որ ոստիկանությանը չէր պատկանում (ծիծաղում է):

Ավարտել եմ անգլիական թեքումով թիվ 114 դպրոցը: Դպրոցից հետո միանգամից մտա ոստիկանության համակարգ: Ծնողներս, հատկապես` մայրս, շատ դեմ էր, ուզում էր, որ երկու քույրիկներիս պես, ես էլ լեզուներ սովորեմ: Եթե ես այդքան չցանկանայի, այդքան համառ չլինեի, գուցե գնայի քույրիկներիս ճանապարհով, բայց սա իմ ընտրությունն էր: Ծնողներս էլ, վերջիվերջո, տեսնելով ձգտումս, չխոչընդոտեցին:

Եթե մասնակցեիք գեղեցկության մրցույթի, հաստատ կհաղթեիք: Առիթներ չե՞ն եղել մասնակցելու գեղեցկության մրցույթների:

-Չէ, չէ, չեմ մասնակցել (ծիծաղում է): Չեմ մասնակցել, քանի որ ուշք ու միտքս տվեցի ոստիկանությանը: Պատահել են, իհարկե, դեպքեր, մարդիկ են եղել, որոնք ասել են, թե իմ տեղը կարող է նաև ցուցադրահարթակում լինել, բայց ես երբեք ցուցադրահարթակ չեմ բարձրացել, անգամ մտքովս նման բան չի անցել: Ուղղակի դա իմ առաքելությունը չէ:

Ձեր կենսագրությունը «հարո՞ւստ» է այնպիսի մարդկանցով, որոնք փորձել են հարթել ձեր ճանապարհը:

-Հարո՞ւստ: Գիտեք, ես կարծում եմ` իմ աշխատանքով եմ հարթել իմ ճանապարհը: Դա օբյեկտիվ գնահատական է: Եղել են մարդիկ, որոնք գնահատել են իմ կատարած աշխատանքը: Բայց երբեք չեն պատահել մարդիկ, ովքեր հարթել են իմ ճանապարհը: Իմ կյանքում թռիչքային պաշտոն չի եղել, վաղաժամկետ կոչում չի եղել, ես շուրջ 7 տարի շարքային եմ եղել, այն դեպքում, երբ իմ մայրն աշխատում էր կադրերի վարչությունում և ամենևին էլ փոքր պաշտոն չէր զբաղեցնում: Ես ստացա լեյտենանտի կոչում, երբ արդեն Վոլգոգրադի բարձրագույն քննչական հաստատությունում էի ուսանում, որը Եվրոպայի մակարդակով ամենալավ հաստատություններից մեկն էր համարվում: Այնուհետև նշանակվեցի տեսուչ, հետո` ավագ տեսուչ, և այդպես մինչև գնդապետ:

Իսկ պատահե՞լ են մարդիկ, ովքեր փորձել են խանգարել

– Ընդհանրապես բնավորությամբ անկեղծ եմ, չեմ ստում և չեմ սիրում, որ ստում են: Չեմ բացառում, որ եղել են: Պատահել են դեպքեր, երբ ասել են` նախանձողներ կան և այլն, երբեք չեմ սևեռվել դրա վրա:

Իսկ Ձեզ համարո՞ւմ եք ճակատագրի սիրելին:

-Չէ, չէի ասի: Չգիտեմ` լինո՞ւմ են ճակատագրի սիրելիներ: Միգուցե կյանքի մի մասով սիրված ես, բայց մյուս մասով հարված ես ստանում: Երբ հետ եմ նայում իմ անցած ճանապարհին, հասկանում եմ, որ սա դժվար ուղի է եղել, դժվար է նաև այսօր: Ճակատագրի նվեր են իմ ամուսինն ու երեխաները, իմ ծնողները, սիրելի քույրիկներս:

Պետական պաշտոնյաների մասին մամուլը սիրում է «երևակայել». երևի Դուք էլ բացառություն չեք

-Ես սիրում եմ լրագրողներին: Լրագրողների մեջ էլ շատ լավ մարդիկ կան: Իհարկե, լինում են դեպքեր, որ ցավ ես ապրում, երբ լրագրողները միայն վատի մասին են խոսում: Չի կարելի միշտ վատը տեսնել: Մի քանի տարի  առաջ մամուլում կարդացի`  «Գնդապետ Նելլի Դուրյանը կողմ է բռնությանը»: Խոսքն անչափահասների մասին էր: Բացառվում է, անգամ մտքովս նման բան չէր կարող անցնել: Ես պայքարում եմ բռնության դեմ:

Դուք ասում եք` հանցագործությունները նվազել են, մամուլը հակառակն է պնդում:

– Եկեք խոսենք ըստ վիճակագրության: Եթե եղել է սպանություն կամ ինքնասպանություն, մենք չենք թաքցրել, բոլոր դեպքերն արձանագրվում են: Եթե ասում ենք` նվազել է, ուրեմն նվազել է: Ես իմ ասածների համար պատասխանատու եմ: Վստահորեն ասում եմ, որ ներկայացնում ենք օբյեկտիվ պատկերը:

Մոտ մեկերկու ամիս առաջ դեռահասների դեմ բռնության մասին շատ լրատվամիջոցներ գրեցին: Հիմնականում թիրախը այն երեխաներն էին, ովքեր Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շրջակայքում մարմնավաճառությամբ էին զբաղվում

-Ստուգայց-շրջագայություններ կատարում ենք ամեն օր, իսկ այս խնդիրը հատկապես մեր ուշադրության կենտրոնում է: Կան նաև անձինք, ովքեր երեխաներին դրդում են թե՛ հանցագործության, թե՛ մարմնավաճառության: Սբ Գրիգոր Լուսավորչի տարածքում տեղի ունեցած միջադեպերից հետո, երբ արձագանքեց նաև մամուլը, մինչ այդ  էլ լայնածավալ միջոցառումներ ենք իրականացրել, և առ այսօր շարունակվում են: Գրված էր, թե բոլոր 5-8 կամ 11-13 տարեկան տղաները զբաղվում են արվամոլությամբ: Ասեմ, որ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք հանրությանը, իսկ աշխատանքները դեռ շարունակվում են:

Դեռահասների շրջանում երևի ավելի շատ գողություններն են, չէ՞:

-Գողությունները կազմում են  բոլոր հանցագործությունների մոտ 75%-ը: Դրանք ամենևին էլ սոցիալական խնդիրներից չեն: Երբ վերլուծում եմ, հասկանում եմ` կա մի փոքր տոկոս, որ ստիպված է գողություն արել: Այստեղ ամենաառաջնայինը ծնողների ուշադրությունն է: Ծայրահեղ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները երբևիցե գողություն չեն անում. դա դաստիարակության խնդիր է: Օրինակ` հիմնականում մանր-մունր իրեր են գողանում, հաճախ` պղինձ և ալյումին, որոնք տանում- հանձնում են: Հիմնականում անչափահասը իրավախախտում է անում, հետո նոր գիտակցում, թե ինչ է արել: Քիչ են պատահում դեպքեր, երբ նրանք մտածված են ինչ-որ բան անում: Այս տարիների ընթացքում մի դեպք չեմ մոռացել. մի տղա գողություն էր արել, ինչ-որ բան էր հանձնել, փոխարենը գումար վերցրել ու դեղատնից դեղ էր գնել, որովհետև մոր վիճակը շատ ծանր էր: Այդ դեպքն ինձ վրա շատ էր ազդել…

Այս շենքից դո՞ւրս էլ ոստիկան եք:

-Ես իսկապես շատ եմ սիրում իմ աշխատանքը: Պահեր են եղել, երբ հասկացել եմ, որ շատ դժվար է, հասկացել եմ, որ ընտանիքից շատ եմ հեռանում: Առաջին կինն եմ, որ նշանակվեց անչափահասների գործերով տարածքային բաժանմունքի պետ: Դա քրեական հետախուզության մի մասն է: Իհարկե, կարծում եմ` եթե մի բան սիրում ես, սիրով ես անում, նվիրում կա, ուրեմն դա քոնն է: Ես չեմ պատկերացնում ինձ առանց ոստիկանության: Որտեղ էլ պատահի, ինչ դեպք էլ լինի, չեմ կարող չմիջամտել: Եթե ոստիկան էլ չլինեի, էլի կմիջամտեի: Ես չեմ կարող տեսնել, թե ոնց են փողոցում, ասենք, ջահելները կռիվ անում, ծեծում իրար:

Ձեր երեխաներն է՞լ են սիրելի մայրիկի ուղին ընտրել:

-Տղաս ոստիկանության քննիչ է, ավարտել է մեր Ոստիկանության ակադեմիան: Աղջիկս էլ ընտրեց իրավաբանությունը:

Ինչո՞ւ ընտրեցիք հենց քրեական հետախուզության ծառայությունը:

– Ես աշխատել եմ կալանքից վերադարձած անձանց հետ, աշխատել եմ տարբեր պաշտոններում: Երբ 1996 թ. ինձ վստահեցին անչափահասների գործերով բաժանմունքի պետի պաշտոնը, փաստորեն դա իմ առաջին մուտքն էր քրեական հետախուզություն: Հասկացա, որ քրեական օպերլիազորի աշխատանքն անչափ հետաքրքիր ու կարևոր է: Անշուշտ, հնարավորություն ունեի ավելի կանանց հատուկ պաշտոններ զբաղեցնելու, բայց ես հաստատակամորեն ընտրեցի այս ուղին:

Պետք է ասեմ, որ 1997 թ. գողությունները Երևանում շատ էին: Ցերեկն այդքան չէ, բայց երեկոյան կամ գիշերը 10-13 տարեկան անչափահասները մոտ 70 կրպակից գողություն էին արել: Հայտնաբերեցինք այդ երեխաներին, հասկացանք, որ, այսպես ասած, «փողոցի երեխաներ» են: Ճիշտ է, ծնող ունեին, բայց անչափ լքված էին, անուշադրության էին մատնված: Իմ ամբողջ բաժանմունքը, ով կարողանում էր, տնից ուտելիք էր բերում, ով կարողանում էր, շորեր էր բերում այդ երեխաների համար: Նրանք տեղավորվեցին Նուբարաշենի հատուկ դպրոցում, որտեղ մանկավարժների երկար աշխատանքի արդյունքում, փառք Աստծո, վերադաստիարակվեցին:

Ոստիկանները, քրեական գործերով զբաղվողները հիմնականում կասկածամիտ են, չեն հավատում մարդկանց և գրեթե բոլորի մեջ հանցագործ են փնտրում:

– Առաջին` կասկածամիտ չեմ, հակված եմ հավատալու, վստահելու, բայց չեմ սիրում, երբ ինձ խաբում են: Ի վերջո, հանցագործություն կատարող անձի մեջ էլ չի կարելի միայն հանցագործ տեսնել: Յուրաքանչյուր մարդ լավ ու վատ գծեր ունի, թույլ տեղեր, մարդկային որակներ: Ամենակարևորը` այն մարդիկ, որոնք հանցագործություն են կատարել, հետո զղջում են, և լավ է, որ չեն կրկնում հին սխալները:

Իսկ ի՞նչ բացահայտումներ եք արել, որով կարող է ոստիկանը հպարտություն ապրել:

-Ասեմ, որ հնչեղություն ունեցող դեպքերը քիչ չեն եղել: Դժվար են բացահայտվում հիմնականում այն դեպքերը, որոնք նախկինում են կատարվել: Սպանությունների այդպիսի երկու դեպք եմ բացահայտել:

Կարելի է 5 մասնագիտություն թվարկել, որոնք անշնորհակալ են համարվում, չնեղանաք, եթե ասեմ, որ ոստիկանի դերն առաջին տեղում է

-Չէ, չեմ նեղանում: Կասե՞ք` մեր ժողովուրդն ում է գովերգում: Բժիշկներին շա՞տ են սիրում, մանկավարժներին շա՞տ են սիրում, էլի փնովում են, չէ՞: Ես ղեկավարում եմ մի ստորաբաժանում, չէ՞, արի միասին քայլենք փողոցում, ու դու կտեսնես` այն երեխաները, որոնք նախկինում մուրացիկ էին, այժմ դարձել են չափահաս և  օրինավոր քաղաքացի: Նրանք ինչ ջերմությամբ են մոտենում, ծաղիկներ նվիրում, պատմում իրենց գործերից: Ես  նրանց հետ աշխատել եմ, տեղավորել եմ դպրոց, տեղավորել եմ հաստատություններ, ուշադիր եմ եղել: Եթե անհրաժեշտ է եղել, ամեն հնարավոր ու անհնարին տարբերակներով օգնել եմ: Ծանր տարիներ են եղել: Ես գոնե ներքուստ գիտեմ, որ լավ բան եմ արել:

Երբ ազատ ժամանակ եք ունենում, ինչո՞վ եք սիրում զբաղվել:

– Հոբբի ունեմ` ծաղիկները: Այգի ունեմ, շատ լավ ծաղիկներ, հող շատ եմ սիրում. սեփական տուն է, հայրական օջախս է: Սիրում եմ խոհանոց, շատ եմ սիրում: Իսկ ֆիլմերն իմ տարերքն են, եթե հեռուստացույց եմ նայում, ուրեմն հիմնականում ֆիլմեր, և պարտադիր հետևում եմ լուրերին: Չմոռանամ նշել, որ շատ եմ սիրում նաև գիրք կարդալ:

Միայն չասեք` դետեկտիվ գրականություն

-(Ծիծաղում է): Չէ, չէ, ամբողջ օրը դետեկտիվների մեջ եմ, դա բավական է…

 

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

 

 

Դիտվել է 2923 անգամ:
Print Friendly

Leave a Reply