Կալցիում. մեր օրգանիզմի շինանյութը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | August 14, 2011 7:00

Ծանո՞թ է ձեզ հետևյալ պատկերը. երեխան հոգնած է, սակայն կամակորություն է անում: Կամ մանկապարտեզից կամ դպրոցից վերադառնում  է գրեթե թուլացած, դժվարությամբ է կատարում  դասատուների պահանջները, գունատ է, աչքերի տակ` շրջանակներ: Հրաժարվում է  նորից դպրոց կամ էլ մանկապարտեզ գնալ: Վատ ախորժակ ունի, հաճախ է հիվանդանում, տառապում է ալերգիաներով ևն:

Գիտե՞ք արդյոք, որ վիտամինների ու միկրոտարրերի անբավարարությունը կարող է հանգեցնել բջիջների քաղցի.  տուժում են հատկապես գլխուղեղի բջիջները: Աճող օրգանիզմը սովոր չէ ֆիզիկական (ողջ օրը մանկապարտեզում կամ դպրոցում) և մտավոր (նոր ուսուցանվող նյութի մեծ ծավալը, անծանոթ տեղեկությունը գիտելիքների տարբեր ոլորտներից) լարվածության:Սրանից էլ թուլությունը, հոգնածությունը: Մանկան օրգանիզմը դյուրազգաց է  շրջակա միջավայրի ու զանազան հիվանդությունների նկատմամբ: Դրա անխուսափելի հետևանքը զարգացման մեջ հասակակիցներից հետ մնալն է, նյարդային գերգրգռվածությունը և հոգնածությունը:

Ձեր երեխայի աճող օրգանիզմը հատկապես կարիք ունի ճիշտ սննդի, մասնավորապես` վիտամինների, հանքանյութերի, միկրո- և մակրոտարրերի, որոնք ակտիվ մասնակցություն ունեն մանկան օրգանիզմին  կենսականորեն անհրաժեշտ ֆունկցիաների համար: Նույնիսկ մեկ վիտամինի անբավարարությունը վտանգավոր է օրգանիզմի համար:  Եթե ձեր երեխան հաճախակի է բողոքում ոտքերի ցավից, դա նշանակում է, որ նա կալցիումի սուր անբավարարություն ունի:

Պարզվում է, որ մենք ապրում ենք կալցիումի հաշվին: Այն օրգանիզմի 4 գլխավոր միկրոտարրերից հետո (ածխաջուր, թթվածին, ջրածին և ազոտ) զբաղեցնում է 5-րդ տեղը և համարվում է միկրոտարրերի  թագավորը: Ինչու՞: Որովհետև մարդու օրգանիզմում իոնացված կալցիումի նորմը ողջ օրգանիզմի զանգվածի 1,2-2%-ն է կազմում, մյուս միկրոտարրերի համեմատությամբ ավելի շատ է: Մինչև 5 տարեկան երեխաների օրական կալցիումի պահանջը 800 մգ է, դեռահասներինը` 1000-1200 մգ: Կալցիումն օրգանիզմում հենքային (ոսկրեր, ատամներ, եղունգներ, մազեր), նյարդա-մկանային ( երբ կալցիումը հյուսվածքի մեջ է մտնում, դրանից մկանը կծկվում է,   դուրս է գալիս, փաստորեն, մկանը թուլանում է, ինչպես սիրտը, ինչպես մեր բոլոր օրգանները) ֆունկցիա ունի: Կալցիումը արյան մակարդելիության գործոններից մեկն է,  և ամենակարևորը` անհրաժեշտ է բջջի սնուցման համար: Այլ կերպ ասած` կալցիումը մեր օրգանիզմի ցեմենտն է, որն ամրացնում է ողջ օրգանիզմը: Միայն 1% կալցիում կա արյան մեջ  ու հյուսվածքներում, իսկ մնացած 99%-ը կուտակվում է ոսկրերում: Եվ  մեր օրգանիզմը խստորեն հետևում է, որ մեր արյան մեջ միշտ լինի 1% կալցիում: Ու եթե  չենք ստանում պահանջված քանակը, օրգանիզմն այդ պահանջը լրացնում է ոսկրերի բաժնից: Իսկ ոսկրերում կալցիումի անբավարարությունը հանգեցնում է օսթեոպորոզի` ոսկրահյուսվածքի փխրունության:

Կալցիումի անբավարարությունը խիստ վտանգավոր է աճող մանկան օրգանիզմի համար: Ուստի պետք է ապահովել օրգանիզմին անհրաժեշտ կալցիումը: Օրական պահանջարկը լրացնելու համար պետք է խմել 1 լ թարմ կաթ, որի մեջ 1400 մգ կալցիում կա: Իսկ պաստերիզացված կամ ստերիլիզացված կաթ խմելու դեպքում (որից պատրաստում են պանիր ու կաթնաշոռ) պետք է 10 անգամ ավելի խմել, նույն քանակով կալցիում ապահովելու համար: Ներկայումս քաղաքաբնակները ստանում են իրենց օրական նորմի միայն 1/3 մասը, ուստի  կալցիումի անբավարարությունը կարելի է համատարած երևույթ համարել: Հետևաբար, պետք է պակասը լրացնել կալցիում պարունակող դեղամիջոցներով:

Հետազոտություններով պարզվել է, որ դեղամիջոցները հիմնական սննդաբաժնի հետ զգալիորեն բարելավում են կալցիումի պահանջը: Դրանք բազմաթիվ են: Կարելի է ընտրություն կատարել, սակայն հիշեք, որ սննդի կամ վիտամինահանքային հավելումների տեսքով օրգանիզմում հայտնված կալցիումը չի յուրացվում: Այն կա՛մ օրգանիզմից դուրս է գալիս, կա՛մ աղերի տեսքով նստվածքներ գոյացնում: Ինչո՞ւ, որովհետև օրգանիզմում կալցիումի նորմալ յուրացման համար  պետք է մագնեզիում, ֆոսֆոր, A,C D,E,B  վիտամիններ ու այլ տարրեր: Երկրորդ`  աշխարհում արտադրվող գրեթե բոլոր արտադրատեսակներում կալցիումը մոլեկուլյար տեսքով է (կալցիումի աղեր, գլյուկոնատ, գլիցերոֆոսոատ ևն): Իսկ մոլեկուլն իր չափսերի պատճառով  չի  կարող  բջջի մեջ մտնել, միայն իոնն է, որ կարող է մտնել բջջի մեջ: Սակայն կալցիումի իոնն էլ շատ անկայուն է, մեր օրգանիզմ մուտք գործելով սննդի հետ` բարակ աղիքում վերածվում է մոլեկուլի, որը հարկ է լրացուցիչ  տրոհել: Կրկին փակ շրջան է ստացվում: Ուրեմն ի՞նչ է հարկավոր, որ կալցիումը յուրացվի: Հիմա կենսահավելումներ արտադրողները հավատացնում են, որ իրենց արտադրանքում կալցիումը կայունացված է:

Ամեն դեպքում, բժշկի հետ խորհրդակցելով, գտեք ձեզ ու ձեր երեխային հարմար կալցիում պարունակող միջոցը: Այն կամրացնի կմախքը, կամրապնդի իմունիտետը, կկարգավորի քունը: Ի վերջո, ծնողի համար երեխայի առողջությունից կարևոր բան չկա:

 

Դիտվել է 6314 անգամ:
Print Friendly

Leave a Reply