Առաջնորդվում ենք «աղջկան քույր է պետք, տղային` եղբայր» կարգախոսով, բավարարվում 1-2 երեխայով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 15, 2011 7:00

Մի քանի օրից Անիի որդին` Արսենը, կդառնա 2 տարեկան: Մայրն էլ հույս ունի որդուն առաջիկայում մանկապարտեզ ուղարկել և սկսել աշխատել: «Ինչքան տանը նստեցի, բավական է, ուզում եմ աշխատել: Երկրորդ երեխայի մասին գուցե մտածեմ 4-5 տարի հետո, գուցե և ոչ: Երեխա պահելը թանկ հաճույք է մեր օրերում»,- ասում է Անին: Նա նշում է, որ ուզում է որդուն տալ լավագույնը, լավ կյանքով ապահովել, ինչը չի կարողանա անել մի քանի երեխա ունենալու դեպքում:

Անին միակը  չէ, որ այդպես է մտածում. մինի ընտանիք ունենալու միտումը առկա է ողջ աշխարհում, բացառություն չէ նաև Հայաստանը, որտեղ  ծնելիության գործակիցը 1,7 է, մինչդեռ բնակչության բնական վերարտադրողականության  համար այդ գործակիցը պետք է մեծ լինի 2-ից:

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 20 102 երեխա, փաստորեն 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 927-ով պակաս ծնունդ է գրանցվել:

2008-ին Հայաստանում ծնվել է 41 406 երեխա, 2009-ին` 44 999, 2010-ին` 44 810:  Մահացության թիվն էլ համադրելով` ստացվում է, որ 2008-ին բնակչության բնական հավելաճը կազմել է 14 125 մարդ, 2009-ին` 17 731, 2010-ին` 16 010:

Թվերը համադրելով նաև արտագաղթի ցուցանիշների հետ` ստացվում է, որ հանրապետության բնակչությունը ոչ միայն չի ավելանում, այլև նվազում է. 2008-ին Հայաստանը լքել է   23 059 մարդ, 2009-ին` 24 978, 2010-ին` 29 860 մարդ:

Հոգեբան Անահիտ Ղազարոսյանը, խոսելով քիչ երեխա ունենալու միտումների մասին, նշում է, որ Հայաստանը դեռևս զարգացած երկիր չէ, հետևաբար դեմոգրաֆիական պատկերի պատճառը նույնը չէ, ինչ զարգացած երկրներում է:  Հոգեբանը ծնելիության ցածր մակարդակի մի քանի գործոններ է առանձնացնում, որոնցից հիմնականը սոցիալ-հոգեբանականն  է. «Մարդկանց մի զգալի մասն աշխատանք չունի, կամ էլ վաստակը կայուն չէ, այսինքն` վաղվա օրվա նկատմամբ վստահություն չկա: Սա թե՛ ենթագիտակցորեն, թե՛ գիտակցորեն հանգեցնում է ծնելիության նվազման, քանի որ երեխան մեծ պատասխանատվություն ու ծախսեր է ենթադրում»:

Մյուս գործոնը, ըստ Ղազարոսյանի, արտագաղթն է. երիտասարդները մեկնում են ու տարիներով չեն վերադառնում կամ տարվա ընթացքում մի քանի ամիս են անցկացնում իրենց ընտանիքի հետ. «Հայ ընտանիքը մեծ հարցականի տակ է, արտագաղթը քայքայում է ընտանիքը: Եթե կինը վստահ չէ` ամուսինը տարեվերջին կվերադառնա, թե չէ, այսինքն` ընտանիքի ապագան մշուշոտ է, նման պարագայում երեխա չի ուզենա ունենալ»:

Ծնելիության ցածր մակարդակի պատճառներից է նաև «մեծ քաղաքի հոգեբանությունը»: Համատարած ընթանում է ուրբանիզացիա, մարդիկ գյուղերից ու փոքր քաղաքներից ձգտում են դեպի մեծ քաղաքներ: Իսկ մեծ քաղաքի հոգեբանությունը ենթադրում է քիչ երեխաներ, շատ կապեր, ակտիվ կյանք:

Հոգեբան Նարինե Խաչատրյանը նշում է, որ դեմոգրաֆիական խնդիրները հետևանք են ինդուստրիալ զարգացման.  փոխվել են ընտանիքի կառուցվածքը և դերը, ողջ աշխարհում փոքր ընտանիքի միտում կա:

Ղազարոսյանը  նույնպես նշում է, որ ծնելիության ներկա վիճակը պայմանավորված է նաև հասարակական և արժեհամակարգերի  փոփոխություններով. 150 տարի առաջվա կնոջ կերպարն այժմ արդեն արդիական չէ, ներկայումս կինը հասարակության ինքնուրույն անդամ է:

Զարգացած երկրներում ծնելիությունը  խթանելու համար բազմազավակ ընտանիքներին պետությունը զգալի նյութական աջակցություն է տրամադրում` բացառելով սոցիալական գործոնի պատճառով ծնելիության նվազումը: Հայաստանում ևս պետական մակարդակով խրախուսվում է ծնելիությունը. առաջնորդվում ենք «աղջկան քույր է պետք, տղային` եղբայր» կարգախոսով: Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքին հատկացվում է 50 հազար դրամ միանվագ նպաստ, իսկ յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի համար` 430 հազար դրամ:

Իսկ թե որքանով է իրագործվում վերարտադրողականության ոլորտում Հայաստանի որդեգրած կարգախոսը, ցույց են տալիս վերոնշյալ թվային տվյալները:

 

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply