Մեկ անգամ Չինաստանում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | August 12, 2011 7:12

Հարցազրույց Չինաստանի Նինգբո քաղաքում անցկացված շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան տնօրեն Հրաչյա Թավադյանի հետ:

Ի՞նչ մթնոլորտ էր մրցավայրում:

– Մեզ ասել էին, որ առաջնությունն անցկացվելու է փոքր քաղաքում: Բայց հետո պարզվեց, որ Չինաստանի այդ քաղաքը շուրջ 5 մլն բնակչություն ունի: Իջևանել էինք «Նինգբո» հյուրանոցի 10-րդ հարկում, իսկ մարզասրահը 4-րդ հարկում էր: Հյուրանոցից գրեթե դուրս չէինք գալիս, քանի որ օդի խոնավությունը բարձր էր, և դրսում կարճ ժամանակ անցկացնելուց հետո մեր հագուստները թրջվում էին: Այդուհանդերձ, հյուրանոցը շատ հարմարավետ էր` հինգաստղանի: Ընդ որում, մեր պատվիրակության բոլոր անդամներին մեկտեղանոց համարներ էին տրամադրել:

Ինչո՞ւ մեր թիմի առաջատար Լևոն Արոնյանն աշխարհի առաջնության ավարտից հետո չեկավ հայրենիք, որպեսզի իր թիմակիցնեի հետ մտերմիկ միջավայրում նշի հաջողությունը:

– Lևոնը նախապես Ավստրալիա մեկնող ինքնաթիռի տոմս էր գնել: Եթե նա ծրագիրը վերանայեր և Հայաստան վերադառնար, ապա փաստի առջև կկանգներ: Չինաստանից Ավստրալիա հասնելու համար պահանջվում է 12 ժամ, իսկ Հայաստանից` 24: Բացի այդ, նա պետք է նախապատրաստվի սեպտեմբերին Մոսկվայում կայանալիք Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարին: Դրա ավարտից հետո նա Երևան կգա:

Մեր պատվիրակության կազմում առաջին անգան բժիշկ էր ընդգրկվել: Ի՞նչ տվեց այդ նորությունը:

– Արմեն Աղուզումցյանը ոչ միայն բժշկի, այլև թարգմանչի պարտականություն էր կատարում: Նա երկար տարիներ ուսանել է Չինաստանում, տիրապետում է չինարենին: Իսկ Չինաստանում քչերն են անգլերեն խոսում: Այնպես որ ամեն քայլափոխի նրա օգնությանն էինք դիմում, որ թարգմանի: Ի դեպ, Արմենը ժողովրդական բժշկության, մերսման լավ մասնագետ է: Այդպիսի բաներ հատկապես սիրում է Արոնյանը: Նա օգնում էր Լևոնին և թիմի մյուս խաղացողներին, որպեսզի լավ ինքնազգացողություն ունենան: Դա շատ կարևոր էր:

Մեր թիմի խաղացողները հոգեբանական լարվածություն չունեի՞ն:

– Երբ ամեն բան հաջող է ստացվում, այդպիսի խնդիրներ չեն առաջանում: Այդուհանդերձ, Գաբրիել Սարգսյանը գիշերները չէր կարողանում քնել, մի տեսակ ծանր էր խաղում: Լավ է, որ ամեն բան Հայաստանի հավաքականի համար հաջող ավարտ ունեցավ:

Մեր սահմանակից երկրի` Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ի՞նչ հարաբերություններ էին:

– Նորմալ, վերջում մեզ մոտեցան գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը և Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Վլադիմիր Տուկմակովը և ձեռք մեկնելով` շնորհավորեցին: Ի դեպ, Տուկմակովը կատակեց, թե հաջորդ անգամ հաղթելու հերթն իրենցը կլինի: Մերոնցից Սերգեյ Մովսիսյան էլ սրամտեց. «Չհասկացա, այդ դեպքում մենք ի՞նչ պետք է անենք, չե՞նք մասնակցելու»:

Փաստորեն, Հայաստանի հավաքականին հրավերով էին թույլատրել խաղալ առաջնությունում: Այդ մասին խոսակցություն չեղա՞վ:

– Բոլոր չափանիշներով հրավերի արժանին Հայաստանի հավաքականն էր:

Ռոբերտ Հովհաննիսյանը միայն մեկ պարտիա անցկացրեց և այն էլ հաղթանակով ավարտեց: Չէի՞ն վստահում նրան, որ խաղա:

– Ռոբերտը երիտասարդ է և 20 տարին չբոլորած` դարձել է Հայաստանի չեմպիոն: Նա մեծ աշխատանք էր կատարում, օգնում էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանին, խաղային տարբերակներ էին քննարկվում: Այնպես որ մրցավայրում, մեկ բռունցք դարձած, աշխատում էին բոլորը: Վտանգավոր էր թողնել, որ նա ուժեղ մրցակիցների հետ խաղա: Որոշ թիմերում 4-րդ խաղատախտակի առջև 2700-ից բարձր գործակից ունեցող գրոսմայստերներ էին հանդես գալիս, մինչդեռ Հովհաննիսյանի գործակիցը   2550 է: Նա իրեն հոգեբանորեն ընկճված կզգար:

 

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply