Առանց մեդալների չեն գա

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | August 9, 2011 7:09

Օգոստոսի 12-23-ը Չինաստանի Շենժեն  քաղաքը կհյուրընկալի 26-րդ Համաշխարհային ունիվերսիադայի մասնակիցներին: Հայաստանի ներկայացուցիչները հանդես կգան 5 մարզաձևերի մրցումներում: Մերոնք իրենց կարողությունները կփորձեն շախմատում, ծանրամարտում, ձյուդոյում, թհեքվանդոյում, թենիսում: Մեր երկրից 16 մարզիկ կմեկնի մրցավայր` 5 ծանրորդ, 1 թենիսիստ, 4 շախմատիստ, 3-ական ձյուդոյիստ և թհեքվանդոյիստ:

Հայաստանի ներկայացուցիչներն անկախացումից հետո, մասնակցելով Համաշխարհային ունիվերսիադային, դեռ ոսկե մեդալի չեն արժանացել: Նախորդ խաղերում մերոնք տիրացել են 1 արծաթե և 2 բրոզե մեդալի: Արծաթե մեդալակիր է դարձել մեր մեկ ձյուդոյիստը:  Մեկական ձյուդոյիստ ու թհեքվանդոյիստ էլ  նվաճել են բրոնզե պարգև:

Առաջիկա ստուգատեսում հիմնականում հույսեր են կապում ծանրորդների, շախմատիստների, թհեքվանդոյիստների հետ: Ի դեպ, ծանրորդները և շախմատիստներն ունիվերսիադայի ծրագրով առաջին անգամ են մրցումների մասնակցելու: 2013-ին Կազանում կայանալիք ունիվերսիադայի ծրագրում ավելի շատ մարզաձևեր կլինեն: Կավելանան ըմբշամարտը, բռնցքամարտը: Իսկ այս մարզաձևերից մերոնք ուժեղ են և մեդալների հավակնորդների թվում կլինեն:

Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության  բոլոր ծախսերը հոգացել է ուսանողական մարզական ֆեդերացիան, որի նախագահն ի պաշտոնե ՀՀ ԿԳ նախարարն է: Մեր պատվիրակության կազմում կլինեն մի շարք տիտղոսակիր մարզիկներ: Մասնավորապես, թհեքվանդոյիստ Արման Երեմյանը մրցանակակիր է դարձել նախորդ երկու ունիվերսիադաներում: Ծանրորդ Հայկ Հակոբյանը Եվրոպայի երիտասարդների չեմպիոն է: Աղասի Աղասյանը հաղթող է դարձել ուսանողների աշխարհի առաջնությունում:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը հայտնեց, որ ոչ մի խնդիր չկա: Հավաքականն ապահվված է շքերթային մարզահագուստով: Բոլոր մարզաձևերի ֆեդերացիաներն ուսումնամարզական հավաքներ են անցկացրել և մարզիկներին նախապատրաստել են խաղերին: Մասնագիտական մարզագույքը տրամադրել են տարբեր մարզաձևերի ֆեդերացիաները, իսկ բացը կլրացնի Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան: Ինչ վերաբերում է այն փաստին, որ Հայաստանը միայն մի քանի մարզաձևի մրցումների է մասնակցելու ունիվերսիադայում, Ստեփանյանը պարզաբանեց, որ ընտրվել են այն մարզաձևերը, որոնցից ակնկալիքներ կան, իսկ այն մարզաձևերում, որոնցում մերոնց պատրաստականության մակարդակը բարձր չէ, որոշել են մասնակիցներ մրցասպարեզ չհանել: Պատվիրակության կազմում կլինի 22-23 մարդ:

Միակ խնդիրն առաջացել է ինքնաթիռի տոմսերի թանկացումից հետո: Ինչպես հայտնի է, վառելանյութի գների աճի հետ կապված,  տոմսերի գները կտրուկ աճել են: Փաստորեն, ինքնաթիռների տոմսերն էլ  շուրջ 40 տոկոսով թանկացել են: Այնպես որ` ծախսերը մեծացել են: Մեր պատվիրակները մրցավայր են հասնելու Երևան- Մոսկվա-Թայվան-Շենժեն երթուղով:

Ստեփանյանը հայտնեց, որ նոր մարզական ավան է կառուցվել: Կացարանները խաղերի ավարտից հետո վաճառվելու են բնակիչներին: Մրցավայրը ծովափնյա քաղաք է, այնպես որ ակնկալվում է, որ շոգն այնքան էլ չի խանգարի մասնակիցներին: Ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահը վստահեցրեց, որ ամեն դեպքում մեր պատվիրակներն առանց մեդալների չեն վերադառնա:

Ընդունելություն` արտակարգ իրավիճակում

Այս տարի Հայաստանի բոլոր բուհերը դիմորդների թվի պակաս են ունեցել: Այդ առումով բացառություն չէ նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:

Եվ ահա, երբ արդեն հետևում են մնացել ընդունելության քննությունները, եկել է արդյունքներն ամփոփելու ժամանակը: 110 դիմորդ է ցանկացել անդամագրվել բուհին: Նրացից 25-ը չեն կարողացել հաղթահարել նվազագույն պահանջները և դուրս են մնացել: 59 տեղ եղել է պետպատվերով, իսկ 300-ը` վճարովի: Չնայած դիմորդների քիչ լինելուն` խնդիր է դրվել անաչառություն դրսևորել և պատահական մարդկանց չընդունել բուհ: «Դա հաստատության հեղինակության հարցն է: Ընդունելով պատահական մարդկանց` հետագայում ստիպված էինք լինելու մի շարք խնդիրների առջև կանգնել: Այնպես որ ընդունելությունը մեղմացված չի կատարվել, ամեն բան արվել է այնպես, ինչպես նախորդ տարիներին, ընդունելության չափորոշիչները պահպանվել են: Այնպես չի եղել, թե տեղերը շատ են, և ով ցանկանում է, կարող է ընդունվել: Իսկ  քննություններում անհաջողության են մատնվել նրանք, ովքեր չեն իմացել, թե անգամ ինչ մասնագիտությունում են ցանկանում խորամուխ լինել: Մասնավորապես, մի շարք դեպքեր են արձանագրվել, որ մարդը  թենիսիստ, բռնցքամարտիկ չի եղել, սակայն դիմել է, որ բուհ ընդունվի»,- ասաց բուհի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը:

Ի  վերջո, ընդունվել է 85 դիմորդ: Ուշագրավ է, որ որոշ մասնագիտությունների գծով մեկ դիմորդ է եղել կամ էլ ընդհանրապես ոչ ոք: Օրինակ` լողի գծով մեկ դիմորդ է եղել: Գրեթե նույնն է պատկերը կարատե մասնագիտությունում: Ընդ որում, դա այն դեպքում, երբ Հայաստանում շատ են կարատե պարապողները: Ինչքան էլ տարօրինակ է, սուսերամարտի, շախմատի բաժիններ ընդունվել ցանկացող չի գտնվել:

Հետաքրքիր է, թե ինչու է կարատեի բաժին գործում, երբ այն օլիմպիական մրցաձև չէ, մինչդեռ օլիմպիական արևելյան այնպիսի մարզաձև, ինչպիսին թհեքվանդոն է, բուհում բաժին չունի: Ռեկտորն այն կարծիքին է, որ իրոք հակասական վիճակ է, սակայն այդ հարցը ևս փորձելու են կարգավորել: Խնդիրն այն է, որ անհրաժեշտ է թհեքվանդոյի դասախոսներ պատրաստել, ձեռնարկներ տպագրել: «Ինքս վերապահումով եմ մոտենում կարտեին, արևելյան մի շարք մարզաձևերի: Բանն այն է, որ օլիմպիական այն մարզաձևերը, որոնց գաղտնիքներում պատանիները և աղջիկները խորամուխ են լինում, անվճար են, մինչդեռ արևելյան մարտարվեստի խմբերում ուսուցումը վճարովի է, այսինքն` անհավասար պայմաններ են ստեղծվում: Եվ քանի որ ընդամենը երկու երիտասարդ կար կարատեի բաժին դիմած, ապա դա այդ ուղղությամբ մտածելու առիթ է»,- պարզաբանեց Առաքելյանը:

Փաստորեն, այս տարի ընդունելության քննություններն արտակարգ պայմաններում են ընթացել: Եվ դա  հիմք է հետևությունների համար: Խաղային մարզաձևերի, մասնավորապես` ֆուտբոլի բաժնի սովորողները, խաղալով տարբեր թիմերում, շատ են բացակայում: Եվ, ամենայն հավանականությամբ, այդ բաժիններում ուսուցումն ամբողջովին կիրականացվի վճարովի հիմունքներով: Ռեկտորը ուրախալի համարեց, որ երեք մարզիկ բուհին անդամագրվել է զրույցի միջոցով: Այդպիսի արտոնություն են ստացել Եվրոպայի առաջնության  մրցանակակիր  մի ազատ ոճի, մի հունահռոմեական ոճի ըմբիշ և մի ծանրորդ:

Ինքնին հարց է առաջանում` քանի որ քիչ ընդունվողներ են եղել, թափուր տեղեր են մնացել, հնարավո՞ր է, որ  դա ազդի հետագա աշխատանքների վրա: Ռեկտորը չթաքցրեց, որ անպայման դա իր հետևանքները կունենա: Հնարավորն արվելու է, որ դասախոսական անձնակազմում կրճատումներ չկատարվեն: Սակայն մի շարք մասնագետների դասաժամերը կպակասեն: Մեր բուհում հիմնականում երկարամյա, պրոֆեսիոնալ աշխատողներ են դասավանդում, այնպես որ պետք է ամենայն աջակցություն դրսևորել, որ նրանք շարունակեն աշխատանքը: Ի դեպ, պետությունը չի նվազեցնելու աջակցության կարգով տրամադրվող ֆինանսավորումը: Ռեկտորը հատնեց, որ ներկայումս վերանորոգման մեծածավալ աշխատանքներ են ընթանում: Սարքավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան նոր լսարաններ: Այնպես որ նոր ուսումնական տարում սովորողները լավ նվեր կստանան:

 

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply