Թուրքիայում ու Ադրբեջանում` հիսթերիայի ալիք, Հայաստանում` մտահոգություններ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | August 4, 2011 12:04

Վերջին մի քանի օրերի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի երկու հայտարարություն բուռն քննարկումների տեղիք տվեց. մեկը, մասնավորապես, հիսթերիայի ալիք բարձրացրեց հարևան Թուրքիայում և Ադրբեջանում, իսկ մյուսը լուրջ ու ոչ անտեղի մտահոգություններ առաջացրեց Հայաստանում:

Թուրքիան ու Ադրբեջանը պատրվակ էին փնտրում

Հուլիսի 23-ին Ծաղկաձորում Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներից մեկի հարցին` «… մեզ սպասում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ», Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրված պարտականությունը կատարեց: Երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն, մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չի որոշվում երկրի կշիռը: Երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստելու աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք…»:

Արդեն բավական ժամանակ է անցել այս հայտարարությունից, սակայն Ադրբեջանում ու Թուրքիայում շարունակում են կրքեր բորբոքվել: Հատկանշական է, որ այս հայտարարությունը հատուկ անդրադարձի արժանացավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի Ադրբեջան կատարած այցելության ժամանակ,երբ երկու երկրների ղեկավարները, «իրար պաս տալով», հարձակվեցին Հայաստանի վրա: Մասնավորապես, Էրդողանը Սերժ Սարգսյանի հայտարարությունը որակեց  որպես «սադրիչ». «Ապագա սերունդների մեջ ատելություն և թշնամություն սերմանելը հարիր չէ պետական գործչին, ի՞նչ է լինելու հայ երիտասարդների ապագան, նրանք իրադարձություններին նայելու են սև ակնոցով… Սարգսյանը շատ լուրջ սխալ է թույլ տվել: Նա պետք է ներողություն խնդրի «Արևելյան Թուրքիան գրավելու»` դպրոցականներին ուղղված կոչի համար»:

Նա ասաց նաև, թե նման հայտարարությունը ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ չէ խաղաղության, և նման ապակառուցողական դիրքորոշում ունեցող երկրի հետ հնարավոր չէ գնալ համաձայնության: Եվ, բնականաբար, անդրադարձ կատարեց նաև արցախյան հակամարտությանը` հիշեցնելով իրենց նախապայմանի մասին և պնդելով, որ իրենք պատշպանում են Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանը աշխատում է խաղաղության համար:

Սրանից ոգևորված` հայտարարություններ է արել Իլհամ Ալիևը`անցնելով շատ ուղղակի վիրավորանքների, ապա ասել է, թե «հայերը պետք է արթնանան երազներից, նայեն իրական կյանքին»: Ըստ նրա` Թուրքիայի հողերի նկատմամբ հայերի հավակնությունները խոսում են հայերի նվաճողական ճգտումների մասին: «Հայերին թվում է, թե իրենք արդեն Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել են, սակայն Լեռնային Ղարաբաղը կա և մնում է ադրբեջանական տարածք, որը մի օր հետ կբերենք, լինի դա խաղաղ թե ռազմական ճանապարհով»: Ու սրանք միայն առաջին արձագանքներն էին: Շարունակվում են հայտարարությունները թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում ամենատարբեր մակարդակներով ու ամենակոպիտ շեշտադրումներով:

Հայաստանից, ըստ էության, այս հարձակումներին շատ լուրջ արձագանք չեղավ: Միայն արտգործնախարարությունից նկատեցին, թե բարձրացված աղմկուկը շինծու է: Այն, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ավելի շատ առիթ էր և ոչ պատճառ Հայաստանի վրա հարձակվելու համար, ակնհայտ է: Ու կար  որոշակի նպատակ:

Նախ` Թուրքիայի վարչապետը, որպես համերաշխության նշան, իր Ադրբեջան այցելության շրջանակներում հենց այս հայտարարությունը դարձրեց թիրախ:  Սակայն խնդիրը միայն սա չէ: Թուրքիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները, և բնականաբար, սպասելի էր, որ կակտիվանան խոսակցությունները հայ-թուրքական գործընթացը ապասառեցնելու շուրջ: Անմիջապես մեսիջ եկավ ԱՄՆ-ից: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր Թուրքիա կատարած այցի ժամանակ կոչ արեց խորհրդարանին վավերացնել արձանագրությունները և խոսեց այն մասին, որ ԱՄՆ-ն շարունակելու է խրախուսել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը:

Գաղտնիք չէ, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը խորհրդարանում կազմում է հարաբերական մեծամասնություն և զուտ ֆորմալ առումով կարող է վավերացնել արձանագրությունները: Ու միջազգային հանրությունն էլ այժմ հայ-թուրքական գործընթացը վերականգնելու ճանապարհին առաջին քայլը սպասում է Թուրքիայից` պահանջելով հայ-թուրքական հարաբերությունները չկապել արցախյան հակամարտության հետ: Հետևաբար, Թուրքիան առիթ էր փնտրում իր այս առումով պատասխանատվությունը  թոթափելու համար: Հարցն այն է, որ Հայաստանը մշտապես հայտարարել է, թե պատրաստ է հարաբերությունների բարելավման առանց նախապայմանների և տարածքային պահանջներ չունի Թուրքիայից (չենք քննարկում, թե ինչքանով է այս ամենը իրապես բխում մեր ազգային շահերից): Ու հիմա Սերժ Սարգսյանի «ամեն ինչ ձեր սերնդից է կախված» արտահայտությունը ուղղակի չքմեղանալու հիանալի տարբերակ էր Թուրքիայի համար, թե իրականում հարաբերությունների սառեցման մեղավորը Հայաստանի ապակառուցողականությունն  է:

Իրավիճակային խնդիրներ է լուծում նաև Ադրբեջանը: Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարություն եղավ, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունը չեզոքացնում է համանախագահների ջանքերը:  Արդեն լիովին պարզ է, որ Կազանում սպասվող համաձայնությունը տապալվեց Ադրբեջանի մաքսիմալիզմի ու ապակառուցողականության պատճառով: Դրանից հետո Մեդվեդևը հանդես եկավ նոր առաջարկներով, որոնց արդեն իսկ պատասխանել են թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից, սակայն թե հատկապես ինչ են ասել նախագահները, համաձայնություն տվել են նոր առաջարկներին, թե ոչ, հայտնի չէ: Ու չնայած արդեն իսկ ոչ պաշտոնապես խոսվում է այն մասին, որ շուտով նոր հանդիպում է տեղի ունենալու Սոչիում, ընդհանուր մթնոլորտից արդեն պարզ է, որ կողմերն ամենևին պատրաստ չեն համաձայնության:

Հետևաբար, Ադրբեջանին առիթ էր պետք   պնդելու, թե Հայաստանն է բանակցությունների ընթացքի խոչընդոտը: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ տեսան այն, ինչ ուզում էին տեսնել: Եվ, բնականաբար, Ադրբեջանի նախագահը մոռացավ, որ ինքն է մշտապես օգտագործում ռազմական հռետորաբանությունը, իսկ իր վերջին շրջանի ելույթներում մշտապես տարածքային հավակնություններ ներկայացնում արդեն ոչ միայն Արցախին, այլև ՀՀ-ին:

Հայաստանի իշխանություններն ընկել են իրենց իսկ մարտավարության ծուղակը

Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը, խոսելով կազանյան հանդիպման ձախողման և Ի.Ալիևի վիրավորական արտահայտությունների շուրջ, իր խոսքում այսպիսի արտահայտություն արեց.  «Ե՛վ  ղարաբաղցիների, և՛ հայ ժողովրդի պահանջը մեկն է` խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքին համապատասխան»: Սա մոտավորապես նույնն  է, երբ խոսելով Հայաստանի Հանրապետության ու Արցախի հայության մասին` Էդուարդ Նալբանդյանը դա անվանեց «երկու ժողովուրդների» միջև հարաբերություններ:

Հայաստանի ներքին շրջանակներում հաճախ է խոսվում այն մասին, որ խորհրդային իշխանության փլուզումից հետո Արցախն անկախ հայտարարելը ինքնորոշման իրավունքի շրջանակներում մարտավարական առումով ավելի ճիշտ էր: Համարվում է, որ սա ավելի հիմնավոր տարբերակ էր համոզելու միջազգային հանրությանը, որ արցախահայությունը իրավունք ունի վճռելու իր ճակատագիրը հատկապես Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների ու խտրական քաղաքականության պայմաններում:

Բանակցային գործընթացում էլ հաճախ հայկական կողմը շեշտադրում է անում, որ ինչ համաձայնության էլ հասնեն, մեկ է, վերջնական խոսքը պիտի լինի Արցախի «ժողովրդինը»:

Իրականում խնդիրն այն է, որ Հայաստանում վաղուց սկսել են չտարբերել այն, ինչ իրենք անվանում են զուտ մարտավարական խնդիր դրսի աշխարհին մատուցելու համար, և այն, ինչ կատարվում է իրականում հենց Հայաստանում: Արհեստականորեն տարբերակում է դրվում ՀՀում ապրող հայի ու Արցախում ապրող հայի միջև, արցախցիների մեջ սկսում է զարգանալ առանձին ինքնություն և պատկերացում, որ իրենք առանձին պետություն են ու, հետևաբար, ուրիշ խնդիրներ ունեն: Չկա այն գիտակցումը, այն գաղափարական ուղղվածությունը իշխանության շրջանում, որ հանրությանը պետք է բացատրել` արցախյան հակամարտությամբ պայմանավորված իրավիճակային լուծումները չպետք է դառնան խոչընդոտ հայության միասնության համար:

Ի վերջո, արցախյան համակարտությունը սպառնալիք է ինչպես արցախահայության, այնպես էլ ՀՀ-ում ապրող հայության անվտանգության համար: Նույնչափ:  Մինչդեռ նման տարբերակում դնող զավեշտալի արտահայտությունները հնչում են հենց իշխանության ներկայացուցիչների շուրթերից: Անգամ որոշ գործիչներ հայտարարում են, թե ինչ-որ պահի ՀՀ-ի ու Արցախի շահերը կարող են չհամընկնել: Իհարկե, այստեղ չի խոսվում այն մասին, որ Արցախը տնտեսապես և ռազմականապես ամբողջությամբ կախված է ՀՀ-ից: Մյուս կողմից` մի քիչ ծիծաղելի է խոսել այդ մասին, քանի որ դա նույնն է, թե հիշեցնես, որ օրինակ` Սյունիքի մարզի զարգացումն ու անվտանգությունը կախված են ՀՀ-ից:

Սակայն խնդիրն է այն է, որ առաջին հայացքից անհեթեթ այս իրավիճակը կարող է իրականում լուրջ վտանգներ պարունակել, քանի որ հայության շրջանում արհեստական բաժանումներ են ի հայտ գալիս, ինչը «ղարաբաղցիների» մասին հայտնի ու միտումնավոր ներդրվող բացասական կարծրատիպերի ֆոնին հետագայում կարող է լուրջ խնդիր դառնալ հայության շրջանում:

Պարադոքս է, որ երկու կողմից թշնամիներով շրջապատված Հայաստանում բաժանարար գծերն  են խորանում, փոխանակ խնդիրները համախմբման խթան դառնան: Եվ երբ հանրությունն արդեն  լրիվ համակերպվում է  այն իրողության հետ, որ մենք երկու պետություն ունենք, Արցախում ձևավորվում է առանձին պետականության մասին պատկերացումներով ինքնություն, միամտություն է կարծել, թե ի վերջո տեղի է ունենալու Արցախի միացումը ՀՀ-ին,  մանավանդ որ դրսից էլ շատ ուժեր ակտիվ աշխատում են նման մոտեցումը կոտրելու համար:

Եվ խնդիրն այն է, որ առհասարակ չկա ազգային զարգացման երկարաժամկետ հայեցակարգ: Իշխանությունը երբեք չի խոսում, թե մենք ուր ենք շարժվում, որն է հայության զարգացման ուղին և նպատակը, և իր բոլոր հայտարարությունները լեգիտիմացնում է սոսկ նրանով, որ դրանք համապատասխանում են նաև միջազգային հանրության պահանջներին:

Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply