Ուկրաինացին առյուծների հետ 5 շաբաթով փակվել է վանդակում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 4, 2011 10:43

Զապորոժյեում մինիգազանանոցի տերը իր առյուծների հետ 35 օր անց է կացնելու վանդակում` կենդանիներին պահելու համար միջոցներ վաստակելու նպատակով: Ոչ մեծ Վասիլևկա քաղաքի 40-ամյա բնակիչը` Ալեքսանդր Պիլիշենկոն,  իր կյանքը նվիրել է վայրի կենդանիների ուսումնասիրությանը: Իր այդ կրքի պտուղը դարձավ ոչ մեծ կենդանաբանական այգին, որտեղ ապրում են 2 աֆրիկյան առյուծ` Կատյան ու Սամսոնը:

Նրանց ճակատագրով մտահոգ տղամարդը որոշել է  վտանգավոր փորձության գնալ`  հասարակայնության ուշադրությունը հրավիրելու ու  կենդանիներին  պահելու միջոցներ հայթայթելու  նպատակով: Նա ուղիղ 5 շաբաթ  անցկացնելու  է իր առյուծների հետ` նույն վանդակում: Պիլիշենկոն կենդանիներին ձեռք է բերել շատ փոքր տարիքից, դրա համար էլ իր անվտանգության համար չի անհանգստանում: Կատյան շուտով ցկնելու է ու նրա տերը նաև մանկաբարձի դժվարին գործն է համատեղելու:

Տղամարդն իր գազանների հետ ապրելու է կենդանիների  պես, այսինքն` քնելու է քարե հատակին, սնվելու է նրանց ուտելու ժամին: Միակ հարմարությունը, որն իրեն որոշել է  թույլ տալ, ցնցուղն է` այն էլ հենց վանդակում:

«Ես կսպասեմ ձագուկների լույս աշխարհ գալուն, ապա մի փոքր էլ կմնամ ու հետո կարող եմ դուրս գալ»,- ասել է նա:

Վանդակում 4 տեսախցիկ է տեղադրված ոչ միայն անվտանգության, այլև այն նպատակով, որ յուրաքանչյուր ցանկացող կարողանա դիտել այդ յուրօրինակ շոուի հեռարձակումը ինտերնետում: Նա վանդակում պատրաստվում է   ազատ ժամանակ նկարել: Բնորդները լինելու են   իր գազանիկները, իսկ նկարները  հետագայում կվաճառվեն բարեգործական աճուրդում:

 

 

Դիտվել է 1086 անգամ:
Print Friendly

Leave a Reply