Հայ աստղերի տները «արտասահմաններում». Լանա Խաչատրյան, Լուսինա, Նառա, Վիգեն Ստեփանյան (ֆոտո)
Օրվա լուր | ankakh | August 4, 2011 9:19
Հայաստանյան երգիչ-երգչուհիների, երգահանների, դերասանների, հաղորդավարների բիզնեսները ներկայացնելուց հետո NEWS.am-ն անդրադառնում է նաեւ նրանց` արտերկրում ունեցած անշարժ գույքին: Հիշեցնենք,որ NEWS.am-ը ավելի վաղ անդրադարձել էր երգչուհի Լանա Խաչատրյանի, «Վիտամին» ակումբի տղաների,երգիչներ Արթուր Հակոբյանի (Միստր X), Միշոյի, դերասաններ Հովոյի, Հայկոյի եւ Մկոյի, Աշոտ Ղազարյանի եւ Վարշամ Գեւորգյանի «ունեցած-չունեցածին», ավելի վաղ`Արմինկայի, Հայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի, ԴերՀովայի, Անդրեի բիզնեսներին , իսկ դրանից առաջ էլ` Լուսինայի, Աիդա Սարգսյանի, Նունե Եսայանի ու Սոֆի Դեւոյանի բիզնեսներին: Այս անգամ կանդրադառնանք երգչուհիներ Լանա Խաչատրյանի, Նառայի եւ Լուսինայի, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանի արտերկրում ունեցած անշարժ գույքին:
Լանա Խաչատրյանը Բեյրութում բնակարան ունի
«Հարս» ամսագրի տնօրեն եւ գլխավոր խմբագիր, երգչուհի, Լանա Խաչատրյանը եւ նրա ընտանիքը մոտ 2 տարի առաջ Բեյրութի կենտրոնում բնակարան են գնել: «Դա ինձ չի պատկանում, իմ ընտանիքին է»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Բեյրութի բնակարանում երգչուհին եւ նրա ընտանիքը լինում են արձակուրդից արձակուրդ, օրինակ` վերջին անգամ եղել են Նոր տարուն եւ նախորդ ամռանը: Հարցին, թե որքա՞ն է եղել իր լուման բնակարանի գնման գործում, Լանա Խաչատրյանը նշեց. «Ցավոք սրտի, ես ֆինանսապես իմ ընտանիքին չեմ օգնում: Իմ ներդրումը ընտանիքիս համար ծիծաղելի գումարներ են, իրենք երբեւէ չեն թողնում, որ ես ծախսեմ իմ գումարները տան ինչ-որ բանի համար: Թե մեր բնակարանի, թե եղբայներիս պարագայում կահավորման եւ դիզայնի հետ կապված խնդիր է լինում, խորհրդակցում են ինձ հետ»,- ասաց նա:
Երգչուհին չհիշեց, թե իր ընտանիքի բնակարանը քանի սենյականոց է` նշելով, որ շատ մեծ չի: Նա նաեւ չգիտեր, թե ինչքանով են բնակարանը գնել: Լանա Խաչատրյանը դեմ է դրսում ապրելուն, բայց նշեց, որ իր ընտանիքի անդամները սիրով կապրեին այնտեղ: Իսկ թե ո՞րն էր բնակարանը գնելու նպատակը` «հայավարի փող ունենալ, հետ գցել անշարժ գույքի տեսքով», թե՞ այլ բան, երգչուհին նշեց, որ բնակարանը ընտանիքինն է եւ շատ մանրամասների ինքը չի տիրապետում:
Նառան բնակարան եւ ռեստորան ունի Բեյրութում
Երգչուհի Նառան մոտ 19 տարի է` ապրում է Բեյրութում, նա Լիբանանի քաղաքացի է: Մեր ունեցած տեղեկություններով` երգչուհին եւս Բեյրութում բնակարան ունի, ըստ որում` ոչ միայն բնակարան: Նրա բեյրութահայ գործարար ամուսինը սիրելի կնոջը նվեր էր մատուցել` Բեյրութում գնելով այն ռեստորանը, որտեղ ժամանակին երգել է Նառան: «Մենք այն կդարձնենք ուրիշ մի բան, դա միանշանակ ռեստորան չի լինելու», – ավելի վաղ ասել էր Նառան` չբացելով փակագծերը: Ցավոք, մեզ չհաջողվեց կապվել երգչուհու հետ, քանի որ նրա հեռախոսն անհասանելի էր, հավանաբար նա գտնվում է արտերկրում, մասնավորապես` Բեյրութում:
Լուսինայի առանձնատունը Լոս Անջելեսում
Երգչուհի Լուսինան եւս արտերկրում անշարժ գույք ունեցող աստղերի շարքում է, այս անգամ ոչ թե բնակարան Բեյրութում, այլ` առանձնատուն Լոս Անջելեսում: Մենք զանգահարեցինք Լուսինային եւ ասացինք, որ ուզում ենք խոսել նրա հետ այս թեմայով, նա նշեց, որ հանդիպման է եւ կզանգահարի, բայց այդպես էլ չզանգահարեց: Դրանից հետո 2 օր է, երգչուհին սկզբից հեռախոսազանգերին չէր պատասխանում, իսկ հետո անհասանելի դարձավ: Նրա մենեջեր Սեւակի հետ զրուցեցինք, ով նշեց, որ երգչուհին այսօր մեկնել է երկրից եւ կվերադառնա ամսվա վերջին: Ինչ վերաբերում է Լոս Անջելեսի նրա առանձնատանը, մենեջերը նշեց, որ ինքն ինֆորմացիա չունի այդ մասին, մասնավորապես` երբ են գնել այդ բնակարանը, ով է ապրում այնտեղ, միայն նշեց, որ դա Լուսինայինը չէ, այլ նրա ընտանիքինը եւ, որ երգչուհին հազվադեպ է այնտեղ լինում: Ըստ մենեջերի` վերջին անգամ երկու տարի առաջ էր այնտեղ:
Նշենք,որ Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, այժմ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի դուստրն, ավարտելով ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ֆակուլտետը, 2005 թվականին տեղափոխվել է Նյու Յորք` երաժշտական կարիերա սկսելու: Այնուհետեւ` 2009թ սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել Լուսինայի առաջին` «Lucina» ձայնասկավառակի շնորհանդեսը: Ալբոմը թողարկվել է EMI Records-ի կողմից: Ի դեպ, Լուսինան միակ հայ երգչուհին է, ով պայմանագիր է կնքել EMI Records-ի հետ, որն իր մեծությամբ աշխարհում երրորդ տեղն է գրավում ձայնագրման ընկերությունների ցանկում: EMI-ն համագործակցել եւ համագործակցում է Մադոննայի, Ռոբի Ուիլյամսի, Մոբիի, Ջորջ Մայքլի, «Բիթլզ» եւ «Դիփ Փարփլ» խմբերի հետ: Ինչ վերաբերում է Լոս Անջելեսի առանձնատանը, ապա պետք է նշել, որ երգչուհին անձամբ է հրապարակել այդ առանձնատան լուսանկարը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում, որից հետո մեկնաբանություններին, թե ում առանձնատունն է այն, երգչուհին պատասխանել է, որ դա իրենն է:
Վիգեն Ստեփանյանը Բեյրութում տուն է գնել եւ գումարը 15 տարվա փոխարեն մարել 4 տարում
Դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը 1999-2000թթ բանկի միջոցով երեքսենյականոց բնակարան է գնել Բեյրութում: Նա վճարել է նախնական գումարը, իսկ այնուհետեւ 15 տարվա փոխարեն ամբողջ պարտքը մարել 4 տարվա ընթացքում: Վիգեն Ստեփանյանը նշեց, որ մինչ այժմ բնակարանը կա, վարձով չեն տալիս, տարեկան երկու-երեք անգամ Բեյրութ են գնում եւ ապրում սեփական բնակարանում, օրինակ` վերջին անգամ այնտեղ եղել է 2 ամիս առաջ: Իսկ թե ինչու որոշեցին բնակարան ունենալ հենց Բեյրութում, նա նշեց, որ այդ ժամանակ այնտեղ էին ապրում եւ աշխատում, որպեսզի վարձով չապրեին եւ այդ փողը «քամուն չտային», որոշեցին գնել: ԹԵ ինչքանով է գնել Վիգեն Ստեփանյանը իր բնակարանը, նա չնշեց` ասելով, որ այն ժամանակ այնքան էլ թանկ չէր, իսկ այժմ համարյա կրկնակի թանկացել է:
Ի դեպ, NEWS.am-ը զանգահարեց անշարժ գույքի գործակալություններ` ճշտելու Բեյրութում եւ Լոս Աջելեսում տների գները: Մեզ հայտնեցին, որ այնտեղի բնակարանների գները սկսվում են 150 հազար դոլարից եւ հասնում են միլիոնավոր դոլարների:
Պատրաստեց Ինգա Մարտինյանը
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
