Լևոն Շիրինյան. «Ոչխարը ցույց տվեց իր ժանիքները»

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | August 3, 2011 17:00

«Մեր երկու պետությունները լուրջ խնդիրներ ունեն` կապված չկարգավորված հակամարտությունների հետ, և Ադրբեջանի ու Վրաստանի յուրաքանչյուր ընդդիմախոս մեր երկու պետությունների թշնամին է: Մեր ուժը միասնության մեջ է, և դա ընդամենը խոսքեր չեն, դա իրողություն է»: Օրերս նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված «The business year» ամսագրի հատուկ համարի մեկնաբանությունում:

Սահակաշվիլու հայտարարությանը հայկական կողմը պաշտոնապես դեռևս չի արձագանքել:  Շրջանառվում է նաև այն միտքը, թե Սահակաշվիլու խոսքն ուղղված է եղել Ռուսաստանի դեմ և Հայաստանի հետ առնչություն չունի:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով, սակայն, հայտարարությունն առնչվում է նաև Հայաստանին ու անտեսում է վիրահայության ու ջավախահայության արժանապատվությունը, որոնք Վրաստանի լիարժեք քաղաքացիներ են: Իսկ պետական մակարդակով լռությունը քաղաքագետը համարում է «աբստրակտ դեմոկրատիայի և մեռած քաղաքական պատկերացման»  արդյունք: «Դա պատասխան չտալու քաղաքականություն է, որն անընդհատ  հանգեցնում է Հայաստանի վիճակի վատթարացման: Վրացիների հետ պետք է խոսել որպես հավասարը հավասարի հետ»,- ասում է նա:

Շիրինյանը նշում է, որ վրացական կողմի կարծիքով` Հայաստանը ներկայումս թուլացել է, և սա հարմար պահ է Հայաստանից հնարավորինս շատ բան պոկելու համար: «Եթե մի հարցի մասին չենք ուզում խոսել, չի նշանակում, թե այդ հարցը չկա: Սահակաշվիլին արդեն երկրորդ անգամ բացում է խաղաքարտերը: Մտածում է, որ Հայաստանի նկատմամբ ճնշումը մեծացել է, և ինքը հնարավորինս շատ բան պոկելու հնարավորություն ունի: Խոսքը հոգեբանական ճնշման մասին է, որքան հնարավոր է` նսեմացնել, վհատեցնել: Անհրաժեշտ է, որ ստեղծված իրավիճակը նորից գնահատվի,   20 տարի թևածած պատրանքները դուրս շպրտվեն, և իրականությունը ընկալվի  ինչպես որ է»,- ասում է Շիրինյանը:

Քաղաքագետը նշում է, որ Վրաստանի` Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականությունը  1918-ին առաջին հանրապետության նկատմամբ վարած քաղաքականության օրգանական շարունակությունն է: Այն ժամանակ էլ վրացական կողմը որոշ ժամանակ արգելեց իր տարածքով դեղորայքի փոխադրումը դեպի Հայաստան,  երբ ցեղասպանությունից մազապուրծ ժողովուրդը դրա կարիքն ուներ: «Ամեն ինչ տեղը ընկավ, երբ Հայաստանը հարկադրված եղավ ուժ կիրառել: Վրաստանի քաղաքական էլիտան, տեսնելով Հայաստանի վիճակը, պոկեց Հայաստանից առավելագույնը տնտեսական, տարածական, ժողովրդական և անգամ ունեցվածքի իմաստով,- ասում է Շիրինյանը` հավելելով, որ պետք է վերցնել Հայաստանի առաջին հանրապետության պատմական փորձը, քանի որ ոչինչ չի փոխվել, և համապատասխան եզրակացություններ անել: – Պատմական փաստերի անտեսումը քաղաքականության մեջ հանգեցնում է սխալների»:

Շիրինյանը կարծում է, որ վրացիներին պիտի բացատրվի, որ Հայաստանի հետագա թուլացումը կհանգեցնի Վրաստանի կործանման, որովհետև վերջինս  կդառնա մանրադրամ թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքին. «Հայաստանը միշտ իր վրա է վերցրել առաջին հարվածը` ողջ հուժկու ծանրությամբ,  իսկ Վրաստանը կարողացել է առևտուր անել ադրբեջանցիների և թուրքերի հետ: Վրացիներին պետք է բացատրել, որ ներկայիս Հայաստանը ունի դաշնակիցներ, հզոր սփյուռք, նաև` թե ով է իրենց իսկական բարեկամը»:

Շիրինյանը նշում է, որ ողջ հայությունը, ներառյալ Սփյուռքը, միասնական ակցիա պետք է սկսեր ընդդեմ Վրաստանի` հայկական եկեղեցիների նկատմամբ վերաբերմունքի կապակցությամբ դեռ Ամենայն հայոց կաթողիկոսի Վրաստան կատարած այցից հետո: Նման բան տեղի չունեցավ նաև, երբ վրացական խորհրդարանը, իբրև թե եկեղեցու ճնշման ներքո, հետ վերցրեց արդեն ընդունված օրինագիծը, որով լուծվում էր Վրաստանում հայկական եկեղեցիների կարգավիճակի հարցը:

Այնինչ հակառակը տեղի ունեցավ` արշավ սկսվեց ընդդեմ հայկական եկեղեցու:

«Այս ամենը ապացուցում է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումների հիմքը տեղաշարժվել է, և արտաքին քաղաքական քայլերը համարժեք չեն ստեղծված վիճակին,- ասում է Շիրինյանը:- Կարծում եմ, որ ՀՀ պոտենցիալն ավելի բարձր է, քան այսօր ռեալիզացվում է, գուցե պատճառը էլիտայի մեջ համաձայնություն չլինելն է»:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանի հայտարարությանը Սերժ Սարգսյանի խոսքի վերաբերյալ` Շիրինյանն ասում է, որ դրա շնորհիվ վերջապես հօդս ցնդեցին 90-ականների սկզբից Հայաստանում ձևավորված պատրանք-պատկերացումները քաղաքակիրթ թուրքի մասին. «Չեղած տեղը ոչխարը ցույց տվեց իր ժանիքները:  Օսմանյան ճիվաղն ուզում է արգելել սերունդներին ազատ մտածել»:

Քաղաքագետը ներկայումս Թուրքիայի պահվածքը համեմատում է 1936-38 թվականների ֆաշիստական Գերմանիայի հետ. սպառնալիքներ ու հոխորտանքներ բոլորի հասցեին: Թուրքիան, ըստ Շիրինյանի, գերագնահատում է իր ուժերը, միայն թե պետք է զգոն լինել, որ այդ խաղից չտուժի Հայաստանը:

 

Դիտվել է 1444 անգամ:
Print Friendly

Leave a Reply