Ոչ թե վերջնագիր, այլ զգուշացում` մանևրելու հնարավորությամբ
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | August 3, 2011 17:46
Վաղը (օգոստոսի 4-ին ) տեղի կունենա ՀԱԿ-կոալիցիա երրորդ հանդիպումը, որտեղ արդեն իսկ անցում է կատարվելու կոնկրետ հարցերի քննարկմանը:
ՀԱԿ-ի առաջարկով քննարկվելու է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման, ազատության, օրինականության համար անհրաժեշտ միջոցառումների հարցը, իսկ իշխանության առաջարկով` ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձևավորման հարցը։
Ըստ էության` կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկել ցանկացած հարց ու ցանկացած ձևակերպումով, սակայն դժվար է կանխատեսումներ անել` արդյոք ինչ-որ կոմպրոմիսային լուծում կլինի, թե ոչ: Ակնհայտ է, որ հիմա քաղաքական ուժերի ուշադրությունն առավել սևեռված է երկխոսության ձևաչափի վրա, և այն, որ օգոստոսի 2-ին ՀԱԿ-ը հանրահավաք էր նախատեսել, կարելի է դիտել որպես ՀԱԿ-ի կողմից բնակչությանը ակտիվ պահելու ու իշխանության վրա լրացուցիչ ճնշումներ գործադրելու տարբերակ:
Հանրահավաքում հնչած ելույթների հիմնական շեշտադրումները վերաբերում էին երկխոսության և արտահերթ ընտրությունների խնդրին: Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում հայտարարեց. «Եկեք մի բան արձանագրենք. այս երկխոսությունից դեռևս ո՛չ իշխանությունը, ո՛չ Հայ ազգային կոնգրեսը, ո՛չ էլ մեր ժողովուրդը ոչինչ չի շահել: Բայց շահել է մեր երկիրը, մեր պետությունը: Միջազգային ասպարեզում անսահմանորեն բարձրացել է Հայաստանի հեղինակությունը որպես քաղաքակիրթ երկրի, քաղաքակիրթ պետության: Ինչ կուզեք` ասեք, այս երկխոսությամբ նաև ուժեղացել են Հայաստանի դիրքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Մի բան, որ մենք այս իշխանություններին երեք տարի շարունակ ասում էինք, և նրանք չէին հասկանում, և այդ պատճառով է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծումը հասել է այս անմխիթար վիճակին»:
Կարելի է արձանագրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդհանուր առմամբ գոհ է երկխոսության ներկայիս զարգացումներից, սակայն կրկին հայտարարեց, թե իրենց միակ սպասումը այդ երկխոսությունից արտահերթ ընտրություններն են. «Իշխանության հետ ընթացող բանակցություններին մենք մասնակցում ենք երկրում կուտակված ծանրագույն խնդիրների լուծման կոնկրետ առաջարկով։ Եթե իշխանական պատվիրակությունն ունի այդ տիպի խնդիրներին, ինչպես, օրինակ` ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը, տնտեսության առողջացմանը, կոռուպցիայի վերացմանը, արտագաղթի կանխմանը, մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը, դատարանների անկախության ապահովմանը վերաբերող այլ լուծումներ, մենք պատրաստ ենք քննարկել դրանք։ Դժբախտաբար, մինչ օրս կայացած հանդիպումների ընթացքում այդ պատվիրակությունը մեզ որևէ այդպիսի լուծում չի ներկայացրել, ինչը նշանակում է, որ իշխանությունը վերոհիշյալ խնդիրները լուծելու ո՛չ մտադրություն, ո՛չ էլ կարողություն ունի»։
Հետո, ինչպես միշտ հիմնավորելով, թե որն է արտահերթ ու հերթական ընտրությունների սկզբունքային տարբերությունը, անցում կատարեց մարտի 1-ի խնդրին` հայտարարելով, որ դրա լուծումից է կախված ընտրությունների որակը: Այլ կերպ ասած` հասկացրեց, որ եթե իշխանությունը չհամաձայնի իր պահանջներին, ՀԱԿ-ը կրկին կարող է մարտի 1-ի բեռը գցել Սերժ Սարգսյանի վրա, ինչից արդեն տևական ժամանակ է խուսափում է:
Ապա անդրադառնալով մի շարք ընտրական մեխանիզմների, որոնք, ըստ ՀԱԿ-ի առաջնորդի, կնվազեցնեն ընտրությունների կեղծման հնարավորությունները, ավատեց իր ելույթը այն շեշտադրումով, որ եթե առաջիկա մեկ-երկու ամսում իշխանությունները վերջնականապես չկողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, ապա ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, և իրենց օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը: Ընդ որում ընդգծեց, որ սա ոչ թե վերջնագիր է, այլ ընդամենը զգուշացում: Այսինքն` ամեն դեպքում մանևրելու տեղ թողեց` հայտարարելով, որ համոզված է`սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու։
Նկատենք, որ ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, ինչպես վերջին մի քանի հանրահավաքներում, մյուս ելույթ ունեցողները առավել կոշտ դիրքորոշումներով հանդես եկան: Մասնավորապես, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը անգամ հայտարարեց, որ երկխոսությունը բլեֆ է: Ակնհայտ է, որ չնայած Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումներին, ՀԱԿ-ի որոշ առանցքային դեմքերի շրջանում կան մտահոգություններ, թե արդյոք ճի՞շտ ճանապարհին է ՀԱԿ-ը և արդյոք ՀԱԿ-ի 3-տարեդարձի շեմին հասե՞լ է այն շոշափելի արդյունքներին, որին ձգտել է:
Հակասություններ են առաջ եկել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի և Ստեփան Դեմիրճյանի հարաբերություններում: Այնպես որ Լևոն Տեր-Պետրոսյանը իրավացի է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամսին կլինեն լուրջ զարգացումներ, սակայն դրանք կարող են լինել ոչ միայն ՀԱԿ-կոալիցիա երկխոսության ձևաչափով, այլև հենց ՀԱԿ-ի ներսում:






Facebook
Tweet This
Email This Post
