«Կաթողիկոսը ցմահ է, կաթողիկոսը ահ է…». Գարեգին Բ-ն ֆեյսբուքյան քննարկումների կիզակետում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | August 3, 2011 16:06

Մեր իրականության մեջ հետզհետե ավելի ու ավելի է մեծանում սոցիալական ցանցերի, մասնավորապես` «Ֆեյսբուքի» դերը: Պատճառները շատ են, սակայն գլխավոր պատճառներից մեկն այն է, որ «Ֆեյսբուքը» հազվագյուտ հարթակներից է, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել: Միգուցե ինչ-որ իմաստով այս պահին դա իշխանություններին էլ է ձեռնտու, քանի որ այդ կերպ հասարակության դժգոհ հատվածները լիցքաթափվում են` զերծ մնալով այդ ողջ բացասական լիցքերն ավելի գործնական դաշտ (օրինակ` ՀՀ նախագահի նստավայրի մոտ) տեղափոխելու հեռանկարից: Բայց երբ բանը հասնում է նրան, որ «Ֆեյսբուքում» պահանջում են ոչ ավելի, ոչ պակաս կաթողիկոսի հրաժարականը, գոնե հոգևոր «իշխանությունները» մտահոգվելու պատճառ ունեն:

«Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը» խմբի հիմնադիր, երիտասարդ դիզայներ Առնո Կուռն ասում է, որ խմբի ստեղծման համար առիթ է դարձել Սանահինի վանքի վերաբերյալ կաթողիկոսի արտահայտած միտքը: Հիշեցնենք` վերջերս  հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հայտարարեց,  որ 2006 թ. Սանահինի վանական համալիրը վերանորոգելու իր հորդորներին Գարեգին Երկրորդը արձագանքել է, թե ինքը «լեռներում գտնվող վանքերի հետ գործ չունի»:

Մայր աթոռը շտապեց հերքել կաթողիկոսին վերագրվող այդ հայտարարությունը, սակայն հասարակության մեջ ստեղծված անվստահության ու անհանդուրժողականության մթնոլորտն է´լ ավելի սրվեց: Ինչպես նշում է Առնո Կուռը, դա ընդամենը համբերության բաժակի վերջին կաթիլն էր: Նշենք նաև, որ այդ օրերին «YouTube»-ում ակտիվորեն շրջանառվում էր նաև Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի և Գարեգին Երկրորդի զրույցի տեսագրությունը, որը, մեղմ ասած, դրական լույսի  տակ չէր ներկայացնում Ամենայն հայոց կաթողիկոսին:

Այս պահին խմբի անդամների թիվը մոտ 500 է, սակայն նախաձեռնության համակիրները շատ ավելին են. նախաձեռնությունն ու վերոնշյալ դեպքերն ընդամենը խայծ էին, որպեսզի մարդիկ թե՛ վիրտուալ, թե՛ իրական կյանքում սկսեին բարձրաձայնել Հայ առաքելական եկեղեցու սպասավորների վարքուբարքի, եկեղեցի-հասարակություն չկայացած հարաբերությունների, եկեղեցիների ու վանքերի բարձիթողի վիճակի և մի շարք այլ խնդիրների մասին:

Նախաձեռնության հենց սկզբից խմբի անդամներին սկսեցին մեղադրել «եկեղեցին անվանարկելու», «աղանդների ջրաղացին ջուր լցնելու», «պետության հիմքերը թուլացնելու» և այլ մեղքերի մեջ:

Պետք է նշել, որ նախաձեռնող խումբը նախապես հայտարարել էր, որ իրենց կարող են միանալ միայն Հայ առաքելական եկեղեցու հետևորդները կամ մարդիկ, ովքեր չեն դավանում այլ կրոնների և չեն անդամակցում այլ կրոնական կազմակերպությունների:

«Ցավալի է, որ մինչև այժմ մեզ ընդդիմացողների մեջ ոչ ոք չանդրադարձավ այն պատճառներին, որի համար մենք պահանջում ենք Գարեգին Բ-ի հրաժարականը, և միայն ասվում է` մի լցրեք ջուր աղանդավորների ջրաղացին: Հետևութուն` ամեն ինչ նույնն է մնալու …Իսկ աղանդավորների ջրաղացին ջուր է լցնում հենց էս բենթլիասեր հոգևորականությունը…»,- անմիջապես գրվեց ֆեյսբուքյան խմբի մեջ:

«Հայլուրը» ստանձնեց կաթողիկոսին պաշտպանելու առաքելությունը` կազմակերպելով հարցազրույց  նրա հետ: Այդ հարցազրույցում կաթողիկոսը հայտարարեց. «Մեղադրանքները, որոնք այսօր որոշակի միտումնավորությամբ ներկայացվում են եկեղեցուն, զուրկ են հիմքից և արդար չեն, որովհետև եկեղեցու դեմ հարվածները հետապնդում են մեկ նպատակ՝ տկարացնելու ազգի հոգևոր միասնականությունը»։

«Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը» խմբի անդամներին այդ հայտարարությունն ավելի քան զարմացրեց ու հիասթափեցրեց: Խմբի անդամներից մեկը գրեց. «Սրբազանը միամտաբար նույնացրել է Հայ առաքելական եկեղեցին իր սեփական անձի հետ: Ինչպիսի անփույթ մոլորություն: Որքան ես եմ հասկացել, հայ հասարակության մի ստվար հատված դեմ է հենց իրեն` սրբազանին, ոչ թե Հայ առաքելական եկեղեցուն: Պաշտպանության շատ վտանգավոր և Հայ առաքելական եկեղեցու համար անկանխատեսելի վատ հետևանքներով լեցուն մարտավարություն է ընտրել սրբազանը»:

«Ո՞վ ասաց, որ կաթողիկոսին Աստված է ընտրել: Ինչո՞ւ, կարելի է քննադատել երկրի նախագահին, բայց ոչ կաթողիկոսի՞ն…»: Մարդկանց այս տրամաբանական հարցին ի պատասխան սկսվեց մի անտրամաբանական քարոզչություն, որի միտքը հետևյալն էր. կաթողիկոսությունը ցմահ է, և անմտություն է նրա հրաժարականը պահանջելը: «Ի՞նչ, եթե ցմահ է, ուրեմն կրա՞կն ընկանք, ինչ կուզի կանի՞, իսկ ժողովուրդն իրավունք չունի՞ իր բողոքն արտահայտելու»,- իրենց զարմանքն արտահայտեցին խմբի անդամները:

Խմբի ակտիվիստներից մեկը` Վարպետ Օնիկ անունով, գյումրեցուն հատուկ հումորով գրեց.

«Գիտե՜նք գիտե՜նք, տեղյակ ենք, որ մենք չենք կարող կաթողիկոսի հրաժարականը պահանջել, որ կաթողիկոսը ցմահ է, որ կաթողիկոսը` ահ է… Մենք պարզապես բարձրաձայնում ենք, որ մենք էլ ենք մարդ, որ մենք էլ ենք ազգ և ուզում ենք, որ մեր կաթողիկոսը մի քիչ կաթողիկոս լինի, մի քիչ ժողովրդի կողքին լինի, մի քիչ ժողովրդի ցավերին հասնի, որ ուժեղի և իշխանավորի պաշտպանը չլինի, որ բիզնեսով չզբաղվի, որ ճոխ կյանքով չապրի, որ «Կճոյան Բենթլիներով» իրեն չշրջապատի, որ մի քիչ… սուրբ լինի․․․Չէ՞ որ վերջապես, կաթողիկոսը Աստծո փոխանորդն է էս մի կտոր անիծված հողի վրա… Թե չէ է՛լ թշնամու ջրաղացին ջուր լցնողներ, է՛լ մութ (ցուրտ ու մութ:)) ուժերի պատվեր կատարողներ, է՛լ պետության հիմքերը խարխլողներ, է՛լ աղանդավորներ, է՛լ գող կատու, է՛լ քաչալ շուն… Եթե դուք չգիտեք՝ մենք ասենք. պետության հիմքերը քանդողները կաշառակեր պաշտոնյաներն են, անօրեն դատավորներն են, անգրագետ օրենսդիրներն են, ճարպակալած գեներալներն են, միլիարդատեր նախագահներն են, մեռելի թոշակ ուտողներն են ու էլ որն ասեմ… Վերջապես, հղփացած հոգևոր բենթլիավորներն են…Հերի´ք է մարդկանց համբալի տեղ դնեք, ա՛յ համբալներ, էլ հարիֆ չկա, էլ ձեր լոլոները լսող չկա: Հասկացեք, Ջինը արդեն դուրս է եկել շշից, Աննուշկան էլ արդեն յուղը թափել է ու տրամվայն էլ՝ հե՜նա   քոքած գալի՜ս ա …»:

Ի դեպ, խմբում բավականին բուռն քննարկումների թեմա է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որի անունը վերջին շրջանում զուգորդվում է բենթլիի հետ: Խմբում հատկապես մեծ աղմուկ է ստեղծել  նրա հայտարարությունը բենթլիի և զենքի շուրջ ստեղծված աղմուկի վերաբերյալ. «Մենք ազգային եկեղեցի ենք, համայնքների մեջ ենք գործում, մի տեսակ արտացոլանքն ենք մեր ժողվրդի կենսակերպի, մտածողության ու հոգեբանության…»,- նշել էր հոգևորականը:

«Փաստորեն, ըստ Կճոյանի, հոգևորականը ժողովրդի հանցագործ խավի արտացոլանքն է, ու քանի դեռ կան հանցագործներ (ու միշտ էլ կլինեն), ուրեմն պատրաստ եղեք անհավատ հոգևորականներ ունենալուն»,- արձագանքեց խմբի անդամներից մեկը:

Քննադատելուն զուգահեռ խմբի անդամները ժամանակ առ ժամանակ վերհիշում են հայոց եկեղեցու փայլուն էջերն ու նրա նույնքան փայլուն ներկայացուցիչներին. «Օրինակ վերցրեք մեր Վազգեն Ա կաթողիկոսից, որ այսքան նոր եկեղեցիներ կառուցելու փոխարեն կերտում ու կառուցում էր Հոգևոր Հայաստանը ու վերականգնում էր մեր միջնադարյան կոթողները, որովհետև գիտեր, որ նոր եկեղեցիներ կառուցելուց ավելի հրատապ է Հայ Մարդ կառուցելը, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ կառուցելը: Նույնիսկ դժվար է պատկերացնել, որ նրա օրոք կարող էր աղանդավորական շարժման թեկուզ մի փոքր վտանգ լինել, որովհետև կար ամուր եկեղեցի` իր հզոր ու վեհափառ կաթողիկոսով»,- գրեց Առնո Կուռը:

«Իրավամբ մի հոգևոր առաջնորդ, ում խոսքն ու ներկայությունը մեծ կարոտով և սիրով ենք հիշում,- ավելացրեց խմբի ակտիվիստ Սամվել Մարտիրոսյանն ու խոսքն ուղղեց ներկայիս կաթողիկոսին,- հարգելի՛ Գարեգին Բ, Դուք առայժմ մեր կաթողիկոսն եք ու արժանի իմ քրիստոնեական հարգանքին, բայց ես չէ, որ Ձեզ պիտի ասեմ` հայոց եկեղեցու պատմությունը հայ կաթողիկոսների վեհ ու անձնվեր գործունեության պատմությունն է. Սահակ Պարթև` մաշտոցյան գրերը, Խրիմյան Հայրիկ` թուրքերից մազապուրծ որբերի խնամքն ու հայ ազգի ապագայի ապահովման խնդիրը, Վազգեն Ա` մեր պատիվն ու արժանապատվությունը…»:

Ինչ վերաբերում է կաթողիկոսին անձեռնմխելի դարձնելու իշխանական փորձերին, ապա դրա դիմաց հայտնվեցին լուրջ հրապարակումներ, որոնցից մեկում, օրինակ, ներկայացվեցին հայոց եկեղեցու պատմության մեջ եղած դեպքեր, երբ ցմահ ընտրված կաթողիկոսներին ոչ թե հրաժարականի պահանջ են ներկայացրել, այլ միանգամից աթոռազրկել են:

«Կաթողիկոսի աթոռազրկումը եղել և մնալու է որպես ցմահ ընտրված հայոց հայրապետների ազգի ու պետության հանդեպ իրենց օծման փաստով իսկ ստանձնած պարտականությունների ոչ պատշաճ կատարմանը հակազդելու իրավաքաղաքական անհրաժեշտ մի մեխանիզմ»,- գրեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանը` բերելով հայոց եկեղեցու պատմությունից հայտնի ցմահ ընտրված կաթողիկոսների աթոռազրկման մի քանի օրինակներ:

Կմիանա՞ արդյոք Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի անունն այս օրինակներին` դժվար է ասել: Հաստատ է մի բան. Գարեգին Բ-ի անունը հայոց եկեղեցու պատմության մեջ կհիշատակվի որպես կաթողիկոսության առաջին խոսքն իր ժողովրդին գույժով սկսող առայժմ միակ կաթողիկոսը:

 

 

 

Դիտվել է 4152 անգամ:
Print Friendly

Leave a Reply