Ալեքսանդր Արզումանյանն արձագանքել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 3, 2011 15:34

Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ-առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի  ելույթի տեսագրության եւ տարածված տեքստի մեջ որոշակի տարբերություններ կան: Այս մասին Facebook սոցիալական ցանցի 3Ա (Առցանց ազատականների ալյանս) խմբում գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար, 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը:

Նա ներկայացրել է օգոստոսի 2-ին Ազատության հրապարակում հնչեցված ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի նախաբանի առաջին մի քանի նախադասությունների տառադարձությունը, որոնք, ըստ նրա,  տեղ չեն գտել տպագիր տեքստում. «Հասկանալի է, որ ներկա պահին Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենանշանակալից իրադարձությունը Հայ ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ սկսված ֆորմալ երկխոսությունն է` անկախ դրա նկատմամբ տրվող տարբեր գնահատականներից: Եկեք մի բան արձանագրենք. այս երկխոսությունից դեռեւս ոչ իշխանությունը, ոչ էլ Հայ Ազգային Կոնգրեսը, ոչ էլ մեր ժողովուրդը ոչինչ չի շահել: Բայց շահել է մեր երկիրը, մեր պետությունը: Միջազգային ասպարեզում անսահմանորեն բարձրացել է Հայաստանի հեղինակությունը որպես քաղաքակիրթ երկիր, քաղաքակիրթ պետություն: Ինչ կուզեք ասեք, այս երկխոսությամբ նաեւ ուժեղացել են Հայաստանի դիրքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Մի բան, որ մենք այս իշխանություններին երեք տարի շարունակ ասում էինք եւ նրանք չէին հասկանում, եւ այդ պատճառով է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծումը հասել է այս անմխիթար վիճակին»:

Այնուհետեւ Ա. Արզումանյանն իր կողմից հավելել է. «Փաստորեն, մենք երեք տարի պայքարել ենք, որպեսզի անսահմանորեն բարձրացնենք Ավազակապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում` այն ներկայացնելով որպես քաղաքակիրթ պետություն: Նաեւ, երեք տարի շարունակ մենք ավազակապետերին հորդորում էինք գնալ զիջումների ղարաբաղյան հակամարտության հարցում, բայց նրանք չէին հասկանում…»:

Նշենք, որ երեկ` օգոստոսի 2-ին, Ազատության հրապարակում տեղի է ունեցել ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում  նշել է, որ հաջորդ հանրահավաքը կկայանա սեպտեմբերի 9-ին, եթե, իհարկե, մինչ այդ հրատապ արձագանք պահանջող որեւէ արտակարգ իրադարձություն չպատահի:

 

NEWS.am

 

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply