Լեհ թուրքագետ. «Հայ-թուրքական սահմանի բացումը շահավետ կլինի Հայաստանի համար»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | Գայանե Գալստյան | September 1, 2009 18:22
«Այն արձանագրությունները, որոնք պատրաստված են ստորագրման` հայ-թուրքական հարաբերությունների զարգացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նպատակով, բավական լուրջ քայլ են, սակայն դեռ վաղ է խոսել այն մասին, որ դրա արդյունքում սահմանը կբացվի»,-այս մասին «Regnum.Ru»-ին է ասել Վարշավայի Արևելյան հետազոտությունների կենտրոնի թուրքական նախագծի ղեկավար Ադամ Բացլերը:
Նրա խոսքերով` վերջին ժամանակներում բավական ակտիվացել են պաշտոնական Երևանի և Անկարայի միջև բանակցությունները, ակնկալվում է նաև նախագահ Սարգսյանի այցը Թուրքիա, որի ընթացքում կկայանա հանդիպում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ:
«Այս հարցում հետաքրքված կողմեր են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, և բանակցությունների նման ֆորմատը կարելի է անվանել ոչ թե հայ-թուրքական, այլ «ավելի բազմակողմանի» »,-ասել է Բացլերը:
Լեհ թուրքագետի կարծիքով` այս հարցում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ «տեղից շարժվի» նաև ղարաբաղյան հարցը, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի լուծում գտնել հայ-թուրքական բարդ հարաբերություններում:
«Խոսքն այնպիսի փոքր քայլերի մասին է, ինչպիսին է հայկական զորքերի դուրս բերումը անվտանգության գոտուց»,- ասել է Բացլերը: Ըստ նրա` դրանում շահագրգռված է նաև թուրքական կառավարությունը, մինչդեռ թուրքական ընդդիմությունը վատ է վերաբերում Հայաստանի հետ համաձայնությանը:
«Երկրորդ հերթին, Թուրքիան ուզում է լավ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ, քանի որ այդ երկու երկրների միջև կան մշակութային, էմոցիոնալ և էներգետիկական կապեր: Հայաստանում ընդդիմությունը` «Դաշնակցություն» կուսակցությունը, նույնպես վատ է վերաբերվում Թուրքիայի հետ համաձայնությանը»,-ասել է Բացլերը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարցերում ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությանը` Բացլերը նկատել է, որ այդ ակտիվ մասնակցությունը պայմանավորված է Ռուսաստանի «թույլ տալով», որը դեռ գերադասում է միայն դիտողի կարգավիճակում լինել:
«Ռուսաստանի համար այս ամեն ինչը չափից դուրս արագ է ընթանում: Ռուսաստանն ունի շատ ուժեղ դիրք Հայաստանում և այժմ վախենում է, որ սահմանների բացումը Հայաստանին «մանևրելու» մեծ հնարավորություններ կտա,-ասել է լեհ թուրքագետը,-Բացի այդ, կա նաև վտանգ, որ Թուրքիայի տնտեսությունը շուտ կընտելանա հայկական շուկայում: Հայաստանի համար Անկարայի հետ համաձայնությունը շահավետ կլինի ոչ միայն տնտեսության տեսակետից, այլև քաղաքական, եթե հաշվի առնենք հայ-ռուսական հարաբերությունները»:
Թուրքագետի խոսքով` Հայաստանը պետք է մտածի հեռատեսորեն. Ռուսաստանի դիրքերը կամաց-կամաց նվազելու են Կովկասում, իսկ Թուրքիայինը` ուժեղանալու: Սա են ապացուցում դեմոգրաֆիկ և տնտեսական հետազոտությունները: «Թուրքիան կսկսի արագ զարգանալ, քան Ռուսաստանը, և բացի այդ, Մոսկվան իր ներսում ունի լուրջ խնդիրներ` Իգնուշեթիան, Դաղստանը, Չեչնիան: Հայերի համար այժմ շահավետ կարող է լինել Թուրքիայի հետ համաձայնության գալը, քան թե վատ իրավիճակներին սպասելը»,-ասել է Ադամ Բացլերը:
Վատ իրավիճակ ասելով` թուրքագետը նկատի է ունեցել Ադրբեջանի մշտական զինված լինելը: «Վրաստանում մի տարի առաջ տեղի ունեցած պատերազմի ելքը նվազեցրել է կոնֆլիկտներն այդ ճանապարհով լուծելու հավանականությունը, սակայն չմոռանանք, որ 90-ականների սկզբին Հայաստանն Ադրբեջանին հաղթել է, սակայն այսօր Ադրբեջանն ունի հաղթելու 3 անգամ ավելի պոտենցիալ»,-եզրափակել է իր խոսքը լեհ թուրքագետը:






Facebook
Tweet This
Email This Post
