Կարեն Բեքարյան. «Ղարաբաղը չի կարող լինել Թուրքիայի հետ հարաբերությունների գինը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 1, 2009 18:00

Karen BeqaryanԵվրոպական ինտեգրացիա հկ նախագահ Կարեն Բեքարյանը, այսօր անդրադառնալով հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությանը, ասել է, որ   մինչև համաձայնագրի վավերացումը և հետո  Թուրքիայի կողմից փորձեր կլինեն` խաղարկելու Ղարաբաղի հարցը:
Բեքարյանի կարծիքով՝ կնքված համաձայնագիրը սպասված էր: «Միգուցե հնարավոր չէր կանխատեսել օրվա կամ շաբաթվա ճշտությամբ,-ասում է նա,- բայց որ գործընթացը կունենար այսպիսի տրամաբանական ավարտ, ամբողջությամբ կանխատեսելի էր: Այն տեսանելի էր դեռևս ապրիլի 22-ին ստորագրված Ճանապարհային քարտեզից»:
Քաղաքագետն ասում է, որ Թուրքիան ողջ բանակցային գործընթացում խաղում էր երկու դեմքով. «Մի կողմից նախագահ Գյուլը, որը փորձում էր հանդես չգալ որևէ  ռադիկալ կամ ագրեսիվ հայտարարությամբ, մյուս կողմից` վարչապետը, որը հանդես էր գալիս բանակցություններին դեմ»:
Ըստ այդմ, ՀՀ վերնախավն ավելի ազնիվ է գտնվել հայ հասարակության հետ, քան թուրքականը՝ թուրք հասարակության. կարծում է Բեքարյանը:

«Հայկական իշխանությունները խոստացել և ապացուցել են, որ բանակցային գործընթացի մեջ երբեք չի շոշափվելու Ղարաբաղի անունը, իսկ թուրք իշխանությունը, կրկնակի խաղեր տալով, բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի գնա բանակցությունների, առանց հաշվի առնելու Ադրբեջանի շահերը»:
Բեքարյանի կարծիքով` միանշանակ չի կարելի ասել, որ թե հայ, և թե թուրք հասարակությունը 99 տոկոսով կողմ կքվեարկի դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը. «Սակայն կա ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ձևավորված կարծիք, որն ուղղակի հարկադրում է կողմ քվեարկել համաձայնագրին»:
«Եվ ես կարծում եմ, որ չնայած երկու կողմերն էլ ունեն անվստահության մեծ պաշար միմյանց նկատմամբ,  եթե տարածաշրջանում որևէ ֆորս-մաժորային իրավիճակ չլինի,  փոխադարձ համաձայնությամբ սահմանը կբացվի»,- ասում է  Բեքարյանը:

Դիտվել է 1346 անգամ:
Print Friendly

Leave a Reply