Ո՞րն է ժամանակակից գրականության լեզուն. ցույց կտա ժամանակը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | August 2, 2011 16:02

Ժամանակակից գրականության մեջ «է» օժանդակ բայի փոխարեն «ա» կամ «այդի» փոխարեն «էդ», «էտ» ձևերի գործածումը վերջին ժամանակներս հաճախակի դառնում է բուռն քննարկումների առարկա: Խնդիրը, սակայն, միայն գրական ձևերը խոսակցականով փոխարինելը չէ:

Հայ գրականության մեջ նորություն չէ «ա» ձևի գործածումը. Թումանյանը բազմիցս դա արել է, Սևակը «Անռելի զանգակատան» մեջ գրել է. «Գարուն ա, ձուն ա արել»: Ո՞րն է ուրեմն խնդիրը: Ինչո՞ւ են բորբոքվում կրքերը:

Օրերս բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը, որը իր բանաստեղծություններում խոսակցական լեզուն կիրառում է որպես գրական, իր բլոգում անդրադարձել է այդ խնդրին ու նշել, որ իր նպատակը ոչ թե խոսակցական լեզուն որպես  գրականության լեզու գործածելն է, այլ դրա վերածումը գրական լեզվի:

«Ինչո՞ւ եմ ես խոսակցական լեզուն օգտագործում որպես գրական լեզու,- հարցնում է նա,- Որովհետև իմ նպատակը գրական լեզուն փոխելն ա, ես գրում եմ էն լեզվով, որը ուզում եմ որ վաղը դառնա գրական լեզու»:

Պետրոսյանի այս հայտարարությունը բուռն բանավեճ է առաջացրել Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Լեզվի նկատմամբ բանաստեղծուհու «սեփականատիրական» նկրտումներին արձագանքել է բանաստեղծ Հաբեթ Մուրադյանը, ով` «Ի՞նչ կարծիքի եք Մարինե Պետրոսյանի նախաձեռնած` գրական հայերենը նորացնելու գաղափարի մասին» հարցում է սարքել` պարզելու համար գրական շրջանակների մոտեցումն այս հարցի վերաբերյալ:

«Մարինեն որքան էլ պնդի, թե այս նորամուծությունները կհարստացնեն, կհեշտացնեն լեզուն,  իմացեք , որ սա սպանելու է հայերենը,- գրել է Մուրադյանը,-  Հայոց գրական լեզուն կմեռնի ճիշտ այնպես, ինչպես այսօր բոլորիս աչքի առաջ անվերադարձ անցյալի գիրկն է անցնում արևմտահայ գրական լեզուն:  Արտաքուստ այնքան պարզ ու գայթակղիչ այս ծրագրի վերջում մենք բառարանների ու մագաղաթների գերեզմանային սառնությանն ենք հանձնելու մեր ժողովրդի մշակույթի ամենամեծ ու ամենակարևոր արդյունքը` մեր լեզուն»:

Մուրադյանի հարցմանը մասնակցել են 80 մտավորական, որից գերակշիռ` 40 հոգին խիստ բացասական և 20 հոգին էլ բացասական են գնահատել Պետրոսյանի մտահղացումը: Դրական համարողների նոսր` մոտ 10 հոգանոց շարքում է բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը, իսկ թարգմանիչ Սամվել Մկրտչյանը, ով թարգմանել է «Ուլիսեսը« և բացահայտել հայերենի անսպառ հնարավորությունները` կտրականապես դեմ է: «Խոսելով գրական կերպարի լեզվով՝ նա դարձել է իր իսկ հորինած գրական կերպարը,- գրել է Մկրտչյանը,- Մարինեն կորցրել է իր նախկին տեքստի խորությունը՝ այն դարձնելով այնքան պուճուր, որ նրան կարդալը դառնում է անիմաստ, ինչպես սերիալ դիտելը»:

Մկրտչյանը գտնում է, որ բանաստեղծուհու մոտեցումը լեզվի հարցում պայմանավորված է նրա սեփական եսի երևակայության հետ: « Մարինեն հայտարարում է թե փոխում է «գրական լեզուն»՝ առանց հասկանալու, թե իրականում ինչ է այն,- ասում է նա,- բոլոր զարգացած լեզուներում դրանք հստակ տարանջատված են: Սա չլսված բան է»:

Սակայն Պետրոսյանը համարում է, որ այս մոտեցումը պահպանողական դիրքորոշում է և տեքստում գլխավոր շեշտադրումը լեզվի ուժեղությունն է: «Իսկ լեզուն ընտրելիս, ընտրում եմ էն, ինչը որ ամենաուժեղն  ա,- ասում է նա,- Ուժեղ` մեջը եղած էներգիայի իմաստով: Ես ճիշտ գրական լեզվի մասին չեմ խոսում, ես ուժեղ գրական լեզվի մասին եմ խոսում»:

Մարինեի հետ համաձայն է Ռազմիկ Ամիրխանյանը, ով գրականության և լեզվի բնագավառում նորարարությունը  համարում է գրողի լիիրավ իրավունքն ու պարտքը:

«Դա ոչ միայն չի վտանգում, այլ թարմացնում և կենսունակություն է հաղորդում լեզվին,- ասում է նա,- Ձեզ նման մտածողներն էլ ժամանակին Խաչատուր Աբովյանին էին ուզում խաչ բարձրացնել»:

Տեսակետները միանգամայն տարբեր են, սակայն տեքստը գրում է ստեղծագործողը, իսկ նա գրում է  այնպես, ինչպես զգում է: Լեզուն պարբերաբար զարգանում և հարստանում է` կախված ժամանակների բերած փոփոխություններից և պետք է կարողանա դիմակայել այն մարտահրավերներին, որոնք պարունակում են իրենց մեջ այդ փոփոխությունները:

Դիտվել է 2424 անգամ:
Print Friendly

Leave a Reply