Համահայկական խաղերի ջահը վառվեց
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 2, 2011 15:24
Արցախի Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ Համահայկական 5-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը: Ողջույնի խոսքում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մասնավորապես ասաց. «Ուրախ եմ ողջունել բոլորիդ Արցախյան հինավուրց հողում: Այսօր մենք մասնակցում ենք չափազանց կարևոր ու խորհրդանշական մի միջոցառման: Վերջին 20 տարիների ընթացքում Արցախը դարձել է համայն հայության համախմբման խորհրդանիշ: Նման միջոցառումները նույնպես հանդիսանում են Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ ու անսասան եռամիասնության վկայությունը: Նաև այդ եռամիասնության շարունակական ամրապնդման տեսանկյունից ենք մենք կարևորում համահայկական խաղերի դերը, որոնք իրենց բնույթով ոչ միայն մրցումներ են, այլև մեր ժողովրդի համերաշխության ու միասնականության ևս մեկ դրսևորում: Հաղթական ոգին պետք է միշտ ամուր լինի յուրաքանչյուր հայի մոտ և ուղեկցի մեզ մեր անխախտ ճանապարհին:Այս խաղերին աշխարհի տարբեր քաղաքների հավաքական թիմերի հետ միասին կմասնակցեն նաև արցախցի շուրջ 100 մարզիկներ: 5-րդ համահայկական խաղերի բոլոր մասնակիցներին ես մաղթում եմ հաջողություն ու ամենայն բարիք: Թող այս խաղերը նոր ուժ ու եռանդ հաղորդեն ձեզ և դառնան ավելի մեծ հաղթանակների սկիզբ»:
Արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, բազմաթիվ հյուրեր Հայաստանից և արտասահմանից:






Facebook
Tweet This
Email This Post
