Երեւան-Բաթումի-Երեւան գնացքի հետաձգված ուղերթի ուղեւորներին թողել են անմարդկային պայմաններում. նրանք դիմելու են դատարան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 2, 2011 14:29

Երեւան-Բաթումի-Երեւան գնացքի ուղեւորները, որոնց ուղերթը շաբաթ օրը Վրաստանում երկաթուղու վթարի պատճառով հետաձգվել էր, ստորագրահավաք են սկսել եւ պատրաստվում են դիմել դատարան` բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցման պահանջով: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Երեւան-Բաթումի-Երեւան գնացքի ուղեւոր,  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը: Նա նշեց, որ Վրաստանում շաբաթ օրը երկաթուղու վթարի հետեւանքով Երեւան-Բաթումի-Երեւան գնացքի երթեւեկության  ժամանակացույցը ոչ թե աննշան էր խափանվել, ինչպես հայտնել էին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից, այլ նրանք հասել էին 32 ժամում` խայտառակ վիճակում:

Նրա խոսքով` գնացքի ավելի քան  300 ուղեւորներ, այդ թվում` բազմաթիվ երեխաներ, մոտ 9 ժամ գիշերել են Գորիում, ըստ որում` քանի որ գնացքում լույս եւ օդափոխություն չկար, նրանք գիշերել են  կայարանի ասֆալտին` առանց սննդի եւ մինիմալ կենսապայմանների:

«Բաթումիից շարժվել ենք ժամը 13:30-ին, կանգնել ենք 19.10-ին Գորիում, որը չնախատեսված կանգառ էր, բոլորս զարմացանք: Մոտ մի ժամից գնացքի ղեկավարությունը հայտնեց, որ Մցխեթում վթար է եղել եւ ստիպված ենք կանգնել, ինֆորմացիոն սով էր, ոչ մի բան չէին հայտնում, վրացական կողմից ոչ մի ներկայացուցիչ մեզ չի մոտեցել: Շաբաթ օր էր ու գիշեր, ում զանգում էինք` չկար: Անընդհատ խաբում էին` մի ժամ հետո կշարժենք, մարդիկ բողոքում էին, թվում էր, թե հիմա ցույց կլիներ: Գնացքի մեջ օդափոխիչ չկար, մարդիկ հանել էին գնացքի ծածկոցները եւ 8 ժամ քնել կայարանի ասֆալտին: Բժիշկ չկար, սովորական կենսապայմաններ ոչ մի կողմը չի ապահովել:

Մարդիկ իրենց զգում էին որպես ոչնչություն, գոռում էին  «Մենք Հայաստանի քաղաքացի ենք, գտնվում ենք ուրիշ երկրում, ո՞վ է պաշտպանելու մեր իրավունքները»,- մեզ հետ զրույցում պատմեց Լիանա Դոյդոյանը` հավելելով, որ գնացքը  նրանց տարել է մինչեւ Մցխեթ, որ գոնե հանգստանան մի քիչ, բայց այդտեղ էլ շատ են մնացել եւ երկաթուղու ներկայացուցիչները ուղեւորներին ոչնչով չեն ապահովել:

Լիանա Դոյդոյանի խոսքով` միայն Թբիլիսիում հայտնվեց «ՀարավԿովկասյան» երկաթուղու ներկայացուցիչը եւ խոստացավ, որ  Այրումում նրանց կապահովեն ուտելիքով, բայց այդպես էլ ոչնչով չեն ապահովել:

Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Վրաստանում շաբաթ օրը երկաթուղու վթարը հանգեցրել է Երեւան-Բաթումի-Երեւան գնացքի երթեւեկության ժամանակացույցի «աննշան խափանման»: Վթարի պահին ուղու արգելափակված հատվածում ՀԿԵՈՒ-ի բեռնատար շարժակազմեր չեն եղել: Մցխեթի շրջանում երթեւեկությունը մասամբ դադարեցվել է վագոնների` ռելսերից դուրս գալու պատճառով, սակայն կարճ ժամանակ անց վերականգնվել է երկու ուղղություններով, հաղորդել է «Գրուզիա Online»-ը:

Նշենք, որ ռելսերից դուրս էին եկել 12 վագոններ: Միջադեպի պատճառով նավթի արտահոսք էր եղել, փրկարարներին հաջողվել էր կանխել հրդեհումը:

 

Դիտվել է 1684 անգամ:
Print Friendly

Leave a Reply