Հեռուստահաղորդավար Ֆելիքս Խաչատրյանի տունն այրվել է. հարազատներն այս դեպքը չեն կապում Հովիկ Աբրահամյանի հետ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 1, 2009 19:37

Կիրակի առավոտյան  հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանի տան տանիքում հրդեհ է բռնկվել  ու հիմնահատակ ավիրել տունը:

Հարևաններն ասում են, որ եթե հրշեջ ծառայությունը ևս 10 րոպե ուշանար, կրակը կհասներ նաև բակի կողքի  տներին, որոնցում ապրում են Ֆելիքսի ազգականները: Բարեբախտաբար տուժածներ չկան:
Ֆելիքսի հարևանները խուճապի մեջ են եղել և ասում են, որ մոտ 45 րոպե ուշացել են հրշեջ մեքենաները: «Եթե ժամանակին տեղ հասնեին, գուցե հնարավոր լիներ կրակը շուտ մարել և գույքը փրկել»,-ասում են հարևանները` մատնացույց անելով տան փլատակները:
Տանը քնած Ֆելիքսի ընտանիքն ուշ է գլխի ընկել, որ տանը հրդեհ է բռնկվել.  մի կերպ են կարողացել դուրս գալ տնից: Կրակն այնքան ուժգին է եղել, որ հարևաններն ու հարազատները չեն կարողացել առաջին անհրաժեշտության իրերը  գոնե դուրս բերել տնից:

Ֆելիքսենց` Էրեբունի համայնքում գտնվող և  ոչնչով աչքի չընկնող տանն ապրում են նրա հաշմանդամ հայրը, ուսուցչուհի մայրը և երկու եղբայրները, որոնցից մեկը տաքսու վարորդ է, մյուսը չի աշխատում:

150 քմ տարածքով սեփական տունն ամբողջովին այրվել է, գույքի շատ չնչին մասն է դուրս բերվել տնից, որը կամ մասամբ այրված է, կամ թրջված:

Միևնույն բակում ապրող  Ֆելիքսի հորեղբայրն ու հորաքույրը հրաժարվեցին խոսել դեպքի մանրամասների ու շրջանառվող լուրերի մասին, թե հրդեհի բռնկումը կապ ունի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերությունից Ֆելիքսը հեռացել էր  ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հետ վիճաբանության պատճառով, ինչն առաջացել էր այն բանից հետո, երբ «Երկու աստղ»-ի  ուղիղ  եթերում Ֆելիքսն ասել էր, որ «Հայաստանում մի մուկ կա, որին բոլորը ճանաչում են… է». մարդիկ դա վերագրել էին Հովիկ Աբրահամյանին,  թեև վայրկյաններ անց ասել էր, որ դա Պույ-պույ մկնիկն է:

Ոմանք հրդեհը կապեցին այս միջադեպի հետ, սակայն Ֆելիքսի հորեղբայր Վաչիկ Խաչատրյանը հերքեց այս լուրերը` համարելով դա չափազանց հեռու իրականությունից և անհեթեթ:  Նրանք ենթադրում են, որ հրդեհի պատճառը հոսանքն է եղել:

Ազգականների խոսքով` Ֆելիքսը մտերիմ հարաբերությունների մեջ է Աբրահամյանի որդու` Արգամի հետ:

Հարևաններն ասում են, որ Խաչատրյանների ընտանիքի մի մասը հոր ազգականների տանն են  մնում, մնացածները` մորաքրոջ տանը:

Ֆելիքս Խաչատրյանը դեպքից հետո էկրանին չի հայտնվել և, ըստ բարեկամների, որևէ մեկի հետ խոսել չի ուզում, հատկապես լրատվամիջոցների: Նա արգելել է նաև  ազգականներին որևէ ինֆորմացիա տալ:

Դիտվել է 2561 անգամ:
Print Friendly

Leave a Reply