ԿԳ նախարարը խոստացել է ուրբաթ օրը հանդիպել հատուկ դպրոցների վիճակից բողոքող երիտասարդների հետ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 1, 2009 17:15

cuyc«Վե՛րջ բռնությանը, ծեծին և ամենաթողությանը հատուկ դպրոցներում», «Կրթություն, ոչ թե բռնություն», «Հատուկ դպրոցներին հատուկ ուշադրություն» պաստառներով  այսօր մի խումբ երիտասարդներ  հավաքվել էին  ՀՀ կրթության և գիտության նախարարության շենքի մոտ:

Ակցիայի մասնակից Հրայր Սավզյանի խոսքով` իրենց նպատակն է բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել հատուկ դպրոցներում տիրող անկարգությունների և ամենաթողության վրա:

Նախաձեռնության հեղինակներն այն երիտասարդներն էին, ովքեր ՄԱԿ-ի հովանավորությամբ մեկ տարի առաջ կրթատեղեկատվական ծրագիր էին իրականացրել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում:

«Ծրագրի ավարտից հետո բազմիցս բարձրաձայնել ենք դպրոցում տեղի ունեցող սեռական ու ֆիզիկական բռնությունների, սանիտարահիգիենիկ վատթարագույն պայմանների, անորակ սննդի, կրթության ցածր որակի վերաբերյալ,-ասում է ծրագրի կոորդինատոր, ակցիայի մասնակից Վարդան Հովհաննիսյանը,-բացի այդ, հատուկ դպրոցներով մտավոր թերզարգացած երեխաների կողքին սովորում էին նաև սոցիալապես անապահով երեխաներ, ինչը սխալ է, և դրա դեմ պետք է պայքարել»:

Ակցիայից 10-15 րոպե անց երիտասարդ ակտիվիստներին մոտեցան ԿԳ նախարարի խորհրդական Մհեր Ղազարյանը, հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ու հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:

Նախարարի խորհրդականը երիտասարդներին վստահեցրեց, որ նախարարը լրջորեն զբաղվում է հատուկ դպրոցներում առկա խնդիրներով, սակայն այս պահին քաղաքից դուրս գտնվելու պատճառով չի կարող հանդիպել երիտասարդների հետ: Նա ասաց, որ հեռախոսով նախարարին հայտնել է ակցիայի մասին, և նախարարը պատրաստ է ուրբաթ օրը հանդիպել երիտասարդներին` համատեղ քննարկելու բոլոր խնդիրներն ու առաջարկները:

Ըստ Հրայր Սավզյանի` իրենք առաջարկում են հատուկ դպրոցներում անցկացնել մոնիտորինգ, վերլուծել իրավիճակը, ապա համապատասխան քայլեր ձեռնարկել:
Երիտասարդները  նախկինում  մի անգամ հանդիպում ունեցել են  ԿԳ ներկայացուցիչների հետ, բայց մինչ օրս որևէ լուրջ փոփոխություն չեն տեսել:
Երիտասարդները նաև բաց նամակ էին պատրաստել ՀՀ Նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, գլխավոր դատախազի և Մարդու իրավունքների պաշտպանի անուններով:

Դիտվել է 1454 անգամ:
Print Friendly

Leave a Reply