ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | August 2, 2011 12:51

Օգոստոսի 1-ին ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ օգնական, Հանրային դիվանագիտության ստորաբաժանման ղեկավար տկն. Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի հետ:

 

Հանդիպման սկզբին ՀՀ առաքելության ղեկավարը շնորհավորեց Գրաբար-Կիտարովիչին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց նրան աշխատանքային նոր ոլորտում:

 

Արմեն Եդիգարյանը և Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը քննարկեցին հանրային դիվանագիտության ոլորտում ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության զարգացումը, որի նպատակն է առավել լայն տեղեկատվություն տրամադրել ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Հայաստանի ու Դաշինքի միջև համագործակցության վերաբերյալ և բարձրացնել հանրային իրազեկումը` Հայաստանի պաշտպանական և անվտանգության ոլորտների բարեփոխումներին աջակցելու, նաև ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող առաքելություններում հայ խաղաղապահների ծառայությունը լուսաբանելու նպատակով:

 

Նշվեց, որ այդ գործընթացին նպաստում են 2007 թվականից  Հայաստանում մեկնարկած ամենամյա «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումները և արդեն չորս տարի Երևանում գործող ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը:

 

ՀՀ առաքելության ղեկավարը հրավիրեց Գրաբար-Կիտարովիչին այս տարվա աշնանն այցելել Հայաստան` «ՆԱՏՕ-ի շաբաթ» հերթական տարեկան միջոցառմանը մասնակցելու նպատակով:

 

 

Դիտվել է 1155 անգամ:
Print Friendly

Leave a Reply