Պլաստիկ վիրաբուժությունը մեծ պահանջարկ ունի Հայաստանում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 2, 2011 13:09

Գաղտնիք չէ, որ պլաստիկ վիրաբուժությունը բժշկության մեծ պահանջարկ վայելող ոլորտներից է: Մարմնի եւ դեմքի բնածին եւ ձեռքբերովի ցանկացած թերություն եւ արատ ենթակա է շտկման, եթե խոսքը վերաբերում է պլաստիկային: Ելնելով ազգային դիմագծերից եւ գենետիկ առանձնահատկություններից’ կան մի շարք պլաստիկ վիրաբուժական ծառայություններ, որոնք առավել տարածված են հենց հայերի շրջանում:

«Համար մեկ վիրահատվող դեմքի հատվածը հայերի շրջանում’ քիթն է, մեծ տարածում ունեն նաեւ ականջների, կոպերի, կրծքագեղձերի, շրթունքների, ինչպես նաեւ ինտիմ ու կոնստրուկտային պլաստիկան»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Պլաստիկ վիրաբուժական կենտրոն»-ի ղեկավար, մակրովիրաբույժ Գեւորգ Ստեփանյանը:

Պլաստիկ վիրաբուժությունն օգնում է մարդուն գեղեցկանալ եւ ձերբազատվել հոգեբանական բարդույթ առաջացնող արտաքին թերություններից: Պլաստիկայի գայթակղիչ հնարավորություններով տարվում են նաեւ շատ դեռահասներ, սակայն ըստ բժշկի’ վիրահատությունների ոչ բոլոր տեսակներն են թույլատրելի նախքան հասունանալը: «Քթի վիրահատության համար կարելի է դիմել միայն 17-18 տարեկանից բարձր հասակում, քանի որ ոսկրերի աճը դեռ շարունակվում է, իսկ, օրինակ, ականջների լոշտակությունը, որը նույնպես տարածված է, խորհուրդ է տրվում կատարել նախադպրոցական հասակում»,- ասաց միկրովիրաբույժը:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանայք պլաստիկ վիրաբուժությամբ հետաքրքրվում են ավելի շատ, քան տղամարդիկ: Կանանց անհանգստության պատճառներից են նաեւ հատկապես հետծննդաբերական բծերը’ որովայնի շրջանում, որոնց դեպքում նույնպես պլաստիկան իր արդյունավետ առաջարկներն ունի:

«Ե’վ ծննդաբերության, ե’ւ կեսարյան հատման հետեւանքով առաջացած թերությունները հնարավոր է շտկել վիրահատության միջոցով, սակայն կա մի կարեւոր հանգամանք, որը պետք է հաշվի առնել’ նման պլատիկ վիրահատության կարող են դիմել միայն այն կանայք, որոնք ապագայում այլեւս չեն ցանկանում մայրանալ եւ ավարտվել է կրծքով կերակրման հետծննդաբերական շրջանը»,- հավելեց Գեւորգ Ստեփանյանը:

Ինչ վերաբերում է պլաստիկ վիրաբուժական ծառայությունների գնային համակարգին, ապա դրանք ոչ բոլոր բուժհաստատություններում են միանման, կան հաստատություններ, որտեղ վիրահատության գինն առավել մատչելի է, բայց առաջարկվող ծառայության որակը բնավ չի զիջում:

Նախքան այդքան կարեւոր ու երբեմն ճակատագրական’ պլաստիկ վիրաբուժության դիմելը, անհրաժեշտ է հետաքրքրվել, թե ում պետք է վստահել սեփական արտաքինը:

 

Դիտվել է 2575 անգամ:
Print Friendly

Leave a Reply