Հայաստանն ունի ԱԳ ունեցող չորս գիտական ամսագիր. ո՞ւր է պետական հոգածությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | August 2, 2011 12:18

Հուլիսի 26-ին, երբ Չինաստանում հայտնի դարձավ, որ Հայաստանի շախմատիստների հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն, «Thomson Reuters» կազմակերպությունը հրապարակեց ՄԱԿ-ի անդամ պետությունների` ազդեցության գործակցով գիտական ամսագրերի ցանկը: Հայտնի դարձավ, որ «Thomson Reuters»-ը Հայաստանի երկու ամսագրի շնորհել է ազդեցության գործակից (ԱԳ):

«Thomson Reuters»-ը հիմնադրվել է 1952 թ. Նյու Յորքում, այն զբաղեցնում է 16- հարկանի երեք ահռելի շենքեր, և ՄԱԿ-ի բոլոր պետություններն ամեն տարի վճարում  են, որ կազմակերպությունը դիտարկի գիտության վիճակն ու հրապարակի այդ հետազոտության արդյունքները:  Աշխարհում ևս երկու այդպիսի կազմակերպություն կա, որոնց բոլոր տվյալները համադրվում են, և աշխարհը գիտության վիճակի նկարագրությունը պարզում է` հիմնվելով այս կազմակերպության հրապարակած տվյալների վրա:

Հայաստանի ԱԳ  ստացած ամսագրերը ֆիզիկայի (ԱԳ = 0.268, խմբագիր` ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյան) և մաթեմատիկայի (ԱԳ= 0.172, խմբագիր` ակադեմիկոս Նորայր Առաքելյան) ոլորտներում են: Մինչև այժմ Հայաստանում ԱԳ ունեցող երկու ամսագիր կար, որոնցից մեկը իրանագիտության ոլորտում է (խմբագիր պրոֆեսոր Գառնիկ Ասատրյան), մյուսը` աստղագիտության:  Վերջինս հիմնադրել է Վիկտոր Համբարձումյանը, նրա մահից հետո մինչ այժմ խմբագիրը ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանն է:

Բացի այս երկու ամսագրերից, գոյություն ունի նեյրոքիմիայի ոլորտում գործող ԽՍՀՄ ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի հիմնադրած ամսագիրը, որը Խորհրդային Միության ակադեմիկոս էր: Ամսագիրը խորհրդային կարգերի փլուզումից հետո Հայաստանի հետ որևէ կապ չունի, խմբագրությունը Հայաստանում չէ, այնտեղ հայ գիտնականներ չեն տպագրվում, սակայն Թախտաջյանը, լինելով ազգասեր հայ, ամսագրի շապիկին գրել է` «Ռուսաստան և Հայաստան»: Թախտաջյանի հեղինակությունը ռուսական գիտական աշխարհում այնքան բարձր է, որ նրա մահվանից հետո էլ, թեպետ ամսագիրը Հայաստանի հետ որևէ կապ չունի, պահպանում է «Ռուսաստան և Հայաստան» մակագրությունը: Այսպես թե այնպես այս ամսագիրը չի կարող համարվել Հայաստանի գիտական ամսագիր:

Այսպիսով, Հայաստանը ԱԳ ունեցող չորս ամսագիր ունեցավ, որը բացառիկ ձեռքբերում է, երբ մեր երկրում գիտության նկատմամբ դրսևորվում է ծիծաղելի մոտեցում. գիտաշխատողը վարձատրվում է նվազագույն աշխատավարձի չափով:

Միաժամանակ «Thomson Reuters»-ի հրապարակած տվյալներից հայտնի  դարձավ, որ Թուրքիայում ԱԳ շնորհվել է 20 ամսագրի: Առհասարակ Թուրքիայի` ԱԳ ունեցող ամսագրերի քանակը ամեն տարի աճում է 6-7-ով, իսկ վերջին տասը տարում ընդհանուր հաշվով 69 ամսագրի ԱԳ է տրվել, որոնցից 19-ը թուրքալեզու են:  Ընդհանուր առմամբ Թուրքիայում կա 126 ԱԳ ունեցող ամսագիր: Սա խոսում է գիտության նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի մասին:

Սա փաստ է, որի վրա պետք է ուշադրություն դարձնի Հայաստանի Հանրապետությունը: Երբ Հայաստանի շախմատի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնությունը, հանրապետության նախագահը հաղթողներին դիմավորեց օդանավակայանում, ինչը, անշուշտ, դրական քայլ է և ցույց է տալիս պետական վերաբերմունք այդ ոլորտի նկատմամբ, սակայն հայ գիտական մտքի նվաճած բարձունքներն անցնում են միանգամայն աննկատ և պատշաճ ուշադրության չեն արժանանում:

Իհարկե, Թուրքիան հսկա պետություն է, և մեր  պաշարներով չենք կարող համեմատվել  նրա հետ, սակայն գիտական միտքը  տարածական սահմաններ չի ճանաչում: Իսրայելը, որը  տարածությամբ ավելի փոքր է Հայաստանից, ոտք է մեկնում արաբական հսկա աշխարհի հետ: Եթե այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան, տարեկան մեկ միավոր գիտական արդյունքի վրա ծախսում են 300 հազար եվրո, ապա Իսրայելը ծախսում է 2 մլն եվրո, որովհետև առաջնորդվում է «իմ ուղեղն իմ հարստությունն է» կարգախոսով:

Եվ մինչ Հայաստանը անուշադրության է մատնում գիտական ոլորտը, «Մենք պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խումբն ակտիվ գործունեություն է ծավալում` ֆեյսբուքյան էջում հանդես գալով մի շարք առաջարկներով:

Մոտ մեկ ամիս առաջ էր, որ խմբին ընդունեց ԱԺ գիտության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և ուշադիր լսելով խմբի առաջարկները` խոստացավ ըստ հնարավորությունների աջակցել և լուծումներ գտնել: Առայժմ խումբը որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել, սակայն տարատեսակ ծրագրեր է մշակել և առաջարկություններ է արել տարբեր պատկան մարմինների:

Խումբը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին առաջարկել է խրախուսավճարներ տրամադրել ԱԳ ունեցող պարբերականներում վերջին երկու տարիների ընթացքում տպագրված երիտասարդ գիտնականներին։ Ազգային ժողովի նախագահին առաջարկվում է սահմանել  գիտության ոլորտում ակնառու ձեռքբերումների համար ամենամյա մրցանակ 7 անվանակարգերում (ֆիզիկայի ոլորտում` Գուրգեն Ասկարյանի, մաթեմատիկայի ոլորտում` Սերգեյ Մերգելյանի, քիմիայի ոլորտում` Նիկոլայ Ենիկոլոպովի, կենսաբանության ոլորտում` Արմեն Թախտաջյանի, տնտեսության ոլորտում`Անդրանիկ Իոսիֆյանի, բառարանագրության ոլորտում` Հրաչյա Աճառյանի և լեզվաբանության ոլորտում`  Գևորգ Ջահուկյանի անվան մրցանակներ, ինչպես նաև Լուիջի Ջակոմո (Հակոբ) Չամիչյանի մրցանակ`քիմիայի ոլորտում):

Երևանի քաղաքապետարանին էլ առաջարկվում է սահմանել  Ալեքսանդր Թամանյանի անվան 2 մրցանակ ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում միջազգային մակարդակի կիրառական աշխատանքների խրախուսման համար:

Քանի որ օգոստոսը համարվում է արձակուրդային ամիս, խումբն առայժմ սպասում է, սակայն սեպտեմբերից վերսկսելու է օնլայն ապստամբությունը:

Դիտվել է 2653 անգամ:
Print Friendly

Leave a Reply