Գայլերը Գեղարքունիքում հոշոտել են 82 գլուխ ոչխար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 2, 2011 11:38
Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղում հուլիսի 31-ին’ ժամը 16:00-ի սահմաններում, գայլերի հարձակման թիրախ է դարձել գյուղից մոտ 5 կիլոմետր հեռավորությամբ արածող ոչխարի հոտը: Անակնկալ գրոհած ոհմակը սոսկալի վնաս է պատճառել ծովի մակարդակից մոտ 2400 մետր բարձրության վրա գտնվող գյուղի տնտեսություններին՝ հոշոտելով 82 գլուխ ոչխար:
Ինչպես «Արմենպրես»-ի Գեղարքունիքի մարզի թղթակցի հետ զրույցում պատմեց նույն օրը ոչխարի հոտը սարում պահող հիսուներեքամյա Ալբերտ Ժամհարյանը, հոտի վրա հարձակված 4 գայլերը ցրիվ են տվել 400 գլխանոց ոչխարի հոտը դաշտերով ու ձորերով եւ պատառոտել իրենց ձեռքն ընկած ավարը: Անզեն հովվին մնացել է իրար գլխի հավաքել մնացած ոչխարներին եւ գյուղ իջեցնել: Ընդհանուր հաշվով հոշոտվել է 13 տնտեսության ոչխար: Տարեց ախպրաձորցիները վկայեցին, որ տարբեր ժամանակներում իրենց գյուղում գայլերի հարձակման դեպքեր եղել են ինչպես ամռան, այնպես էլ ձմռան ընթացքում, սակայն նման խոշոր հարձակում եւ համատարած վնաս գյուղն առաջին անգամ է տեսնում: Այս դեպքից օրեր առաջ գայլը գյուղի մյուս հոտից հափշտակել է 1 գլուխ ոչխար, ինչին եւ հաջորդել է այս անասելի սպանդը: Գյուղացիները մտավախություն հայտնեցին այն մասին, որ գայլերի հարձակումը կարող է շարունակվել նոր թափով, քանի որ Ախպրաձորում ոչ որսորդ կա, ոչ՝ հրացան, եւ դժվար կլինի կանխել ոհմակի հետագա գրոհները, եթե միջոցներ չձեռնարկվեն:
Պատահարի մասին ՀՀ կառավարությանը զեկուցել է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության մոտավոր հաշվարկներով եւ գնահատումներով’ Ախպրաձորի տնտեսություններին պատճառվել է շուրջ վեց միլիոն դրամի վնաս: Հոշոտված ոչխարների միսը հիմնականում պիտանի չէ վաճառքի կամ օգտագործման: Իսկ առավել ցավալին այն է, որ ոհմակի կողմից հոշոտվել է գյուղի ոչխարի մայրական կազմը:






Facebook
Tweet This
Email This Post
