Ամեն ջրավազան չէ, որ լողալու համար է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 1, 2011 14:11

Մեր քաղաքի բացօթյան ջրավազանները խիստ «բազմաժանր են»: Այնտեղ կարելի է հանդիպել թե լողացող երեխաների, թե ծարավը հագեցնող շների, թե տարատեսակ իրերի: Երբ այդ երեխաներին ուղեկցող մեծահասակներին հարցնում ես, թե արդյոք չեն վախենում հիվանդություններ ձեռք բերել կեղտոտ ջրից, պատասխանում են, որ շոգ է, իսկ երեխաներն էլ այլընտրանք չունեն. «Փակ լողավազանները շատ թանկ են»:
Սա, թեև ուրիշ թեմա է, բայց փակ լողավազանների մաքրությունը նույնպես այնքան էլ վստահելի չէ:

Ի վերջո, կարելի՞ է լողալ բաց ջրավազաններում: Փորձեցինք այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալ Առողջապահության
նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի և կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանից: Նա «Aysor.am»-ին տեղեկացրեց, որ լողի համար չնախատեսված ջրավազաններում լողալը խիստ վտանգավոր է, քանի որ այդ ջրից կարելի է վարակվել այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են հեպատիտ Ա-ն, դիզենտերիան, ինչպես նաև կարող են մաշկային խնդիրներ առաջանալ. «Իսկ եթե կեղտոտ ջուրը ներթափանցի լողացողի ստամոքսը, ապա հնարավոր են նաև աղիքային վարակներ», նշեց Պետիկյանը: Ա. Պետիկյանը տեղեկացրեց, որ թեև տեսչությունն անընդհատ ջրավազանների ջրի լաբորատոր հետազոտություններ է անցկացնում և ինչ-որ վտանգի հայտնաբման դեպքում ահազանգում, միևնույնն է` դրանից լողալը թույլատրելի չի դառնում:

«Երևանի բացօթյա ջրավազանները դեկորատիվ բնույթ են կրում և քաղաքում որոշակի միկրոկլիմա ստեղծում»,-ասաց Պետիկյանը և բացատրեց, որ այդ լողավազաններում ջուրը մաքրող մեխանիզմներ չկան, ինչն էլ մեծացնում է տարբեր հիվանդություններ հարուցող մանրէների արագ բազմացմանը: Իսկ քանի որ, ինչպես նշվեց, բացօթյա ջրավազաններում իրենց «պատվավոր տեղն» ունեն նաև պլաստմասե իրերը, մեծ է նաև վնասվածքներ ստանալու հավանականությունը, ինչն էլ, Պետիկյանի խոսքով, իր հերթին է արագացնում վարակի արագ ներթափանցման գործընթացը:

Այս երևույթը կանխելու համար, հակահամաճարակային տեսչությունը, ինչպես նշեց Աիդա Պետիկյանը, միշտ կոչ է անում ոստիկանությանը` խստացնել հսկողությունը և արգելել մարդկանց լողալ լողի համար չնախատեսված վայրերում:
Այդ դեպքում ինչպե՞ս հովանան ամառվա տապից երեխաները, եթե փակ լողավազանները հասանելի չեն բոլորին հարցին,
Պետիկյանը պատասխանեց, որ լավագույն լուծումը բացօթյա, բայց թույլատրելի լողավազաններ կառուցելն է, որոնք համեմատաբար մատչելի և մաքուր կլինեն:

Իսկ մինչ այդ, Պետիկյանը կոչ է անում ծնողներին` առավել ուշադիր լինել երեխաների հանդեպ և թույլ չտալ լողալ ամեն պատահած ջրավազանում:

Aysor.am

 

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply