Թուրքական դատարանն ազատ արձակեց հայ զինվորին սպանած ազգայնականին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 1, 2011 13:15

Դատարանն ազատ է արձակել այս տարվա ապրիլի 24-ին թուրքական բանակում հայազգի զինվոր Սևակ Շահին Բալըքչըին սպանած նույն զորամասի զինծառայող Քըվանչ Աղաօղլուին:

Ինչպես գրում է թուրքական «Վաթան» օրաթերթը, Սևակի սպանության գործի առաջին դատական նիստը, որը տեղի է ունեցել Դիարբեքիրի ռազմական դատարանում, տևել է 13 ժամ: Դատավորը վերացրել է Քըվանչ Աղաօղլուի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանված կալանքը:

Հաջորդ նիստին դատարանը լսելու է սպանված զինծառայողի նշանածին` Մելանի Քումրույանին, ով պնդում է, թե Սևակը զորամասում լուրջ խնդիրներ է ունեցել հրամանատարության հետ:

Հիշեցնենք, որ Սևակ Շահին Բալըքչըն, որի զորացրմանը մնացել էր 23 օր, զոհվել է ընթացիկ տարվա ապրիլի 24-ին Բաթմանի Քոզլուք շրջանի ժանդարմերիայի զորամասում։ Ըստ պաշտոնական վարկածի՝ նա մահացել է իր ծառայակցի` Քըվանչ Աղաօղլուի կողմից ինգնաձիգից պատահաբար արձակված գնդակից ստացած ծանր մարմնական վնասվածքի հետևանքով: Մեղադրող կողմը պահանջում է Քըվանչ Աղաօղլուին «անզգույշ սպանության» համար դատապարտել 9 տարվա ազատազրկման: Իսկ Սևակի ընտանիքի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրթը պահանջելու է Աղաօղլուին դատել «կանխամտածված սպանության» համար:

Մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Բալըքչըն ծառայության ընթացքում ծեծի է ենթարկվել իր հրամանատարի կողմից։ Զորամասում նույնիսկ սպառնացել են այրել նրան:

Բացի այդ, հետաքննության ընթացքում պարզվել է, որ հայազգի զինվորին սպանած Քըվանչ Աղաօղլուն տարված է ազգայնական գաղափարներով, ինչի մասին են վկայում ՝ Facebook սոցիալական ցանցում թուրք զինծառայողի զետեղած ազգայնական բովանդակությամբ հրապարակումները:

Tert.am

 

Դիտվել է 1410 անգամ:
Print Friendly

Leave a Reply