Խղճի և կրոնական ազատությունների մասին նոր օրենքի նախագիծը՝ Հանրային խորհրդի ենթահանձնաժողովում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 30, 2011 21:32

ՀՀ արդարադատության նախարարությունում մշակվող՝ Խղճի և կրոնական ազատությունների մասին ՀՀ նոր օրենքի նախագծի ընդհանուր դրույթներն այսօր ներկայացվեցին  ՀՀ Հանրային խորհրդի՝ կրոնի հարցերով ենթահանձնաժողովի նիստում (կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերով հանձնաժողով) : Նախագծի նախնական տարբերակը տեղադրված է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հասցեով. http://moj.am/am/download.php?view.397  :

 

1991թ-ին ընդունված՝ Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում առաջին ընթերցմամբ վերջերս ընդունված փոփոխություններն ու լրացումները հետ է կանչել կառավարությունը:

 

Տեղեկանալով, որ քննարկվելու է ՙոչ թե կրոնական կազմակերպությունների հարցը՝ ազգային անվտանգության տեսակետից՚, այլ Խղճի և կրոնական ազատությունների մասին նոր օրենքի նախագիծ, Մայր աթոռ Ս. Էջմիածնից հրավիրյալ ներկայացուցիչ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը լքեց նիստը: Սրահից հեռանալուց առաջ նա իր քայլը բացատրեց նրանով, որ Հայ Առաքելական եկեղեցու հետ խորհրդակցություններ չեն եղել նախագծի շուրջ. այն դեպքում, երբ հարցը վերաբերում է եկեղեցու և պետության հարաբերություններին. ՙ Այսպիսի գործունեությամբ զբաղվում են կրոնական կազմակերպություններից ու եկեղեցուց դուրս մարդիկ, որը սխալ է, ես պիտի դուրս գամ՚: (Օրենսդրական փաթեթում լրացման նախագիծ է ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության և Հայաստանեայց առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին ՀՀ օրենքում կատարելու համար):

 

ՀԽ անդամ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ավելի ուշ բացատրեց, որ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը իր հայտարարությամբ փոխանցել է Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումն այս հարցում: Նա նույնպես նիստը լքեց մինչ ավարտվելը:

 

Ենթահանձնաժողովի նախագահ Սամվել Նադարյանը որոշ իմաստով էթիկայի խախտում համարեց, որ նախագիծը մշակողները Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթների շուրջ չեն խորհրդակցել եկեղեցու հետ, ինչին ենթահանձնաժողովի անդամ Արամ Սարգսյանը չհամաձայնեց՝ նշելով, թե կառավարությունն օրենքներ մշակելիս այդպիսի պարտավորություն չունի. ՙ Իշխանությունն օրենք է մշակում, դնում է քննարկման: Կարծիքներ կլինեն՝ կարող է փոխել, կարող է և ՝ ոչ, իր գործն է՚: Արդարադատության նախարարության ներկայացուցիչները նշեցին, որ քննարկումները նոր են սկսվում, և հեղինակային խումբը պատրաստ է անդրադառնալու ցանկացած դիտողության ու առաջարկի, բացի այդ. ՙ Նախագիծն ուղարկվել է շահագրգիռ բոլոր նախարարություններին, բոլորը պատասխանել են, որ դիտողություններ ու առաջարկություններ չկան՚:

 

ՀԽ ենթահանձնաժողովի անդամ, Երևանի ավետարանական եկեղեցու առաջնորդ, վերապատվելի դոկտոր Լևոն Բարդակջյանն ասաց. ՙ Ի տարբերություն այն բանի, որ կառավարությունը միայն Առաքելական եկեղեցու հետ է մշակում նախագծեր, ի տարբերություն այդ խտրականության, մենք ուզում ենք հավասարապես մասնակցել գործընթացին, որպես քույր եկեղեցի՚:

 

Նույնպես ՀԽ կրոնի հարցերով ենթահանձնաժողովի անդամ, Ավետարանական եկեղեցիների համագործակցության քարտուղար Սամվել Նավոյանը ներկայացրեց իրենց դիտողություններն ու առաջարկությունները: Օրինակ, նրանք կրոնական իրական բարեգործությունն իսպառ վերացնելու վտանգ են տեսնում նախագծի՝ նյութական միջոցների տրամադրմամբ հոգեորսությունն արգելող դրույթի մեջ: Առաջարկում են կոնկրետ տարբերակումներ սահմանել: Սամվել Նավոյանը նաև առաջարկեց նախագծից հանել ՙմենաշնորհ՚ հասկացությունը. ՙ Բոլորին վերապահված է ազատ քարոզչություն, բայց մի այլ տեղում Հայ առաքելական եկեղեցուն մենաշնորհ է վերապահված՚:

 

Նա նաև առաջարկում է  ՙհոգեորսություն՚ ոչ իրավաբանական եզրը փոխարինել ՙոչ պատշաճ դավանափոխություն՚ եզրով, ՙգաղտնիությունը՚ փոխարինել ՙ հրապարակայնությունից խուսափել՚ եզրով և այլն:

 

Արդարադատության նախարարության՝ օրենսդրական նախագծերի մշակման բաժնի պետ Լիանա Ղալթախչյանի և բաժնի մասնագետ Ծովինար Սողոմոնյանի ներկայացմամբ, նոր օրենք ընդունելու նպատակը ոլորտի իրավական կարգավորումը եվրոպական չափանիշներին և ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելն է, և սա նոր օրենքի նախագծի հանրային քննարկման սկիզբն է. առաջիկայում այդպիսիք ավելի ընդգրկուն կլինեն:

 

Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ գործող օրենքն ընդունվել է 1991թ. և կարգավորում է ՀՀ քաղաքացու հարաբերությունները եկեղեցու, կրոնական կազմակերպությունների հետ, նոր օրենքի նախագծով առաջարկվում է ամրագրել այդ հարաբերությունները ոչ միայն ՀՀ քաղաքացու, այլև յուրաքանչյուր անձի համար:

 

Նոր նախագծում տարբերակված են ՙկրոնական կազմակերպություն՚ և ՙկրոնական խումբ՚ հասկացությունները, 25-ից ավելի անդամ ունեցող խումբը ենթակա է պետական գրանցման: Վերջիններիս ազատ գործունեությունը կարող է սահմանափակվել և՝ խստորեն, միայն այն դեպքերում, երբ առկա է հոգեորսության և կրոնական գաղտնի գործունեության փաստ:

 

ՀԽ կրոնի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Արման Մանուկյանը տպավորություն փոխանցեց, թե. ՙ Սա պատվիրված օրենք է՝ որոշակի ուժերի դեմ՚: Չմասնավորեցրեց:

 

Քննարկումների տեղիք տվեց Հայաստանի Հանրապետության և Հայաստանեայց առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին օրենքում առաջարկվող այն լրացումը, ըստ որի ՙՀայաստանյաց Առաքելական եկեղեցու դավանաբանության պաշտոնական լուսաբանումը զանգվածային լրատվության

միջոցներով կամ զանգվածային միջոցառումների ժամանակ կարող է իրականացվել միայն Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հավանությամբ՚: Ենթահանձնաժողովականներին հետաքրքրում էր, թե արդյո՞ք դա կարող է վերաբերել նաև գիտական հանդեսներում դավանաբանական տեսակետներ հրապարակելուն:

 

ՀԽ կրոնի հարցերով ենթահանձնաժողովը նոր օրենքի նախագիծն առավել ընդգրկուն կքննարկի հավանաբար աշնան սկզբին, երբ արդարադատության նախարարությունից ստացվեն իրենց ներկայացրած առաջարկությունների պատասխանները:

 

 

ՀՀ Հանրային խորհրդի

տեղեկատվություն

 

Դիտվել է 2506 անգամ:
Print Friendly

Leave a Reply