Վրաստան. անսովոր լարվածություն եկեղեցու եւ կառավարության միջեւ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | July 29, 2011 18:00

Ուղղափառ քրիստոնյաներին բարկացրել են կրոնական փոքրամասնությունների իրավունքների բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները:

Ընդդիմադիր կուսակցությունները, օգտվելով կառավարության եւ ազդեցիկ Ուղղափառ եկեղեցու միջեւ ծագած լարվածությունից, փորձում են այս հնարավորությունն օգտագործել նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դեմ:

Վեճի առիթ հանդիսացավ այն, որ հուլիսի 5-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց օրենք, որը թույլ է տալիս յուրաքանչյուր կրոնական համայնքին գրանցվել` ստանալով կազմակերպության կարգավիճակ. այս իրավունքը ժամանակին պատկանում էր բացառապես Ուղղափառ եկեղեցուն:

Վրաստանի արեւմտյան դաշնակիցները երկար ժամանակ պահանջում էին, որպեսզի երկրում հավասար իրավունքներ տրամադրվեն բոլոր դավանանքներին:

Երկրի բնակչության ավելի քան 80 տոկոսը հնագույն Վրաց ուղղափառ եկեղեցու հետեւորդներ են:

Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ` կրոնական փոքրամասնություններն ընդամենը իրավաբանական անձի, եւ ոչ հասարակական կազմակերպության կարգավիճակ են ստանում: Սակայն սա էլ էր բավական, որպեսզի հուլիսի 9-ին եւ 10-ին մի քանի հազար ցուցարարներ հավաքվեին Թբիլիսիի կենտրոնում` իրենց իսկ որակմամբ [Վրաց ուղղափառ] եկեղեցու դեմ հարձակում գործելու կապակցությամբ իրենց զայրույթն արտահայտելու նպատակով:

«Այժմ այլ դավանանքներն էլ են իրավական կարգավիճակ ստացել: Առանց այդ էլ նրանք պահանջում էին, որպեսզի իրենց տրամադրվեն մի շարք վրացական եկեղեցիներ, ուրեմն ապագայում, հավանաբար, նրանք կստանան այդ եկեղեցիները: Այս քայլն ուղղված է ուղղափառության դեմ, եւ ես չեմ կարող լռել», – ասում է ցուցարարներից մեկը` Լամարա Գոգուան:

Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը զգուշավոր պատասխան տվեց այս մտահոգություններին` կոչ անելով հասարակությանը հանգստություն պահպանել «չնայած անհանգստության պատճառների առկայությանը»:

Միաժամանակ, եկեղեցու եպիսկոպոսական ժողովը հայտարարություն տարածեց` պահանջելով, որպեսզի հետագայում նախքան նման որոշումներ կայացնելը քաղաքական իշխանությունները խորհրդակցեն պատրիարքարանի հետ:

Ըստ ուսումնասիրությունների` երկրում Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Իլյա Երկրորդն ավելի մեծ վստահություն է վայելում հասարակության շրջանում, քան ցանկացած քաղաքական գործիչ:

«Մենք պետք է վճռականությամբ ասենք այն, ինչ պետք է ասենք, մենք պետք է ստիպենք իշխանություններին հասկանալ, թե ինչ ենք ասում, եւ պետք է հավատանք, որ նրանք հաշվի կնստեն մեզ հետ», – ասում է Չիատուրայի եւ Սաչխերեի Մետրոպոլիտ հայր Դանիելը:

Ընդդիմության առաջնորդները, որոնք վերջին ամիսներին փորձում էին օգուտ քաղել Սահակաշվիլու վարկանշի անկումից, որոշեցին օգտվել այս առիթից` պահանջելով, որպեսզի նախագահն օգտագործի վետոյի իր իրավունքը, չեղյալ հայտարարի օրենսդրական փոփոխությունները եւ պաշտպան կանգնի Վրաց եկեղեցուն (տե´ս «Վրաստան. ընտրազանգվածը չի վստահում կուսակցություններին» հոդվածը):

«Նախագահը պետք է օգտագործի իր վետոյի իրավունքն այս օրենսդրական նախաձեռնության դեմ, որը քննարկվել է առանց պատրիարքի իմացության», – ասում է «Մեր Վրաստանը-ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան:

Քրիստոնեադեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լեւան Վեփխվաձեն ավելի կտրուկ արտահայտություններով հանդես եկավ.

«Մենք պատրանքներ չունենք, թե այս որոշումը մշակվել եւ քննարկման է դրվել առանց Վրաստանի նախագահի հավանության եւ թույլտվության: Այդ պատճառով, մենք չենք պահանջի, որ նա վետո կիրառի, որովհետեւ այդքան միամիտ չենք: Այս օրենքն աննախադեպ կարճ ժամանակահատվածում ընդունելը, առանց հաշվի առնելու պատրիարքի կամ հասարակության կարծիքը, վտանգավոր քայլ է պետության համար»:

Իշխանությունները, նման բուռն արձագանքի հանդիպելով եւ վախենալով, որ ընդդիմությունը կարող է իրենցից առաջ անցնել, ստիպված եղան վերահաստատել իրենց հավատարմությունը եկեղեցու նկատմամբ:

Խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն իր հերթին շտապեց հիշեցնել, որ 2002-ին օրենսդրական մարմինն Ուղղափառ եկեղեցուն հատուկ կարգավիճակ է շնորհել:

Նրա խոսքերով` այս օրենսդրական փոփոխությունները ներկայում թույլ կտան այլ դավանանքներին «իրավաբանական անձի» կարգավիճակ ստանալ, ինչպես զանազան այլ կառույցների` մանկապարտեզների, համալսարանների եւ կլինիկաների դեպքում: Միաժամանակ, «միակ իրավաբանական անձը, որն ունի սահմանադրական կարգավիճակ այս երկրում, Վրաց ուղղափառ եկեղեցին է», – նշում է նա:

Սահակաշվիլու մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն նույնպես փորձում է մեղմել լարվածությունը` նշելով. «Պետությունը երբեք այնպիսի քայլ չի ձեռնարկի, որը կարող է հակասել Վրաց ուղղափառ եկեղեցու հետ նրա հարաբերությունների բնույթին»:

Սակայն այս հայտարարությունները ոչ մի կերպ չմեղմեցին օրենսդրական փոփոխությունների կապակցությամբ առաջացած զայրույթը, իսկ լրատվամիջոցներում եւ համացանցում տեղ գտած քննարկումների ժամանակ պարզ դարձավ, որ փոփոխությունների հակառակորդների թիվը մեծապես գերազանցում է դրանց կողմնակիցներին: Facebook սոցիալական ցանցում տեղի ունեցած հարցման 11 հազար մասնակիցների ավելի քան 90 տոկոսը դեմ էին օրենսդրական փոփոխություններին:

Փորձագետների խոսքերով` կրոնական փոքրամասնություններին իրավական անձի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների հետ կապված վրդովմունքի ալիքը կարող է վնասել Սահակաշվիլու վարկանիշին:

«Սա իսկապես շատ նուրբ խնդիր է, եւ որքան շատ քաղաքական գործիչներ հեռու մնան նրանից, այնքան ավելի լավ: Քաղաքական միջամտությունը նման հարցերին կարող է միայն վնաս հասցնել եւ փչացնել հանդուրժողականության ներկայիս մթնոլորտը», – ասում է «Հասարակական նախագծերի կենտրոն»-ի նախագահ Գեորգի Խուխաշվիլին:

Կոնֆլիկտոլոգիայի եւ ազգայնամոլության ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Պաաթա Զաքարեիշվիլին նշում է, որ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ` իշխանությունների վարկանիշը Վրաստանի զանազան փոքրամասնությունների շրջանում կարող է բարձրանալ:

Երկրի բնակչության 6,5 տոկոսը կազմում են Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ համարվող հայերը, իսկ 5,7 տոկոսը` մահմեդականություն դավանող ադրբեջանցիները (տե´ս հարակից հոդվածը`http://iwpr.net/report-news/concerns-over-anti-muslim-discrimination-georgia):

«Կառավարության բացասական վարկանիշն ընտրազանգվածի շրջանում գագաթնակետին է հասել, այն չի կարող ավելի մեծ անկում արձանագրել: Այս որոշումը կարող է նպաստել ազգային եւ կրոնական փոքրամասնությունների շրջանում կառավարության դրական վարկանշի բարձրացմանը», – կարծիք է հայտնել Զաքարեիշվիլին:

Ֆաթի Մամիաշվիլին ազատ լրագրող է Վրաստանում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:  (www.iwpr.net):

 

Դիտվել է 1720 անգամ:
Print Friendly

Leave a Reply