Արտագաղթը Հայաստանից վերածվում է տնտեսական աղետի
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | ankakh | July 29, 2011 14:46
Աղքատության եզրին հասած մարդիկ պարզապես լքում են երկիրը` նոր կյանք սկսելու ակնկալիքով հեռանալով Ռուսաստան:
Կարո Կարապետյանը, որն անկախությունից ի վեր 20 տարի շարունակ դեմ է եղել երկրից դուրս գալուն, ասում է, որ այլեւս հնարավոր չէ դիմանալ ստեղծված պայմաններին:
Երեւանից 50 կմ հեռավորության վրա գտնվող Եղեգնուտ գյուղի բնակիչ, 11 երեխաների հայր 49 ամյա Կարապետ Կարապետյանը պատմում է, որ իր ընտանիքը գոյատեւել է էներգետիկ ճգնաժամի եւ ղարաբաղյան հակամարտության տարիներին, սակայն պնդում է, որ ներկայում ապրում է շատ ավելի վատ պայմաններում:
«Ցուրտ ու մութ տարիներ, պատերազմ, մի կերպ ապրեցինք 11 երեխա ունեցանք նաեւ այս երկրի համար, բայց հիմա` էլ անհնար է…: Դրսում մեր հանապազօրյա հացը գոնե կաշխատենք: Գոնե մեկ կամ երկուսս ընտանիքից կաշխատենք ու կապրենք, իսկ այստեղ ամբողջ ընտանիքով աշխատում ենք ու էլի անարդյունք», – ասում է նա:
Կարապետյանը, հայաստանցիներից շատերի նման, պատրաստվում է լքել երկիրը եւ մեկնել Ռուսաստանի Դաշնությունում ընդմիշտ բնակվելու: Նա դիմել է Հայաստանում գործող «Համերկրացիներ» ծրագրին եւ սպասում է, թե ինչ կպատասխանեն իրեն:
ՌԴ միգրացիոն ծառայության` 2006-ին մեկնարկած «Համերկրացիներ» ծրագիրը համապատասխան մասնագիտացում եւ հիմնականում ռուսական թերզարգացած ու թերբնակեցված հեռավոր մարզերում բնակվելու ցանկություն ունեցող հայաստանցիներին պատրաստ է տրամադրել ռուսական քաղաքացիություն եւ դրամական օժանդակություն:
Այս գործընթացը Երեւանում համակարգում է 1997 թվականից միջկառավարական համաձայնության հիման վրա գործող Ռուսաստանի միգրացիոն ծառայության ներկայացուցչությունը: «Համերկրացիներ» ծրագրի շրջանակներում 822 ընտանիք արդեն լքել է Հայաստանը` մշտական բնակություն հաստատելով մեծամասամբ Ռուսաստանի հեռավորարեւելյան երկրամասերում:
Փորձագետների խոսքերով` այս ցուցանիշը չի արտացոլում ոչ պաշտոնական միգրանտների իրական քանակը, որը, նրանց խոսքերով, հասնում է տասնյակ հազարավորների: 2008 թվականից ի վեր երկիրն ավելի քան 120 հազար մարդ է լքել, ինչը բարձր ցուցանիշ է 3,25 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար:
Հայաստանյան մի խումբ մտավորականներ, արտագաղթի մեծացող ծավալներից անհանգստացած, բաց նամակ են հղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին` կոչ անելով քայլեր ձեռնարկել երկրի ժողովրդագրական վիճակին սպառնացող երեւույթի դեմ:
«Տագնապով արձանագրում ենք, որ արտագաղթը Հայաստանից չի դադարում։ Ժողովրդագրական իրավիճակը ծայրաստիճան վատթարացել է։ Արտագաղթը Հայաստանից վերածվում է տնտեսական եւ ազգային աղետի։ Հիմնական պատճառները ոչ միայն աղքատությունն է, այլեւ կառավարման համակարգին առնչվող հիմնախնդիրները եւ դրանցից ածանցյալ բարոյական եւ հոգեբանական վատթարացող միջավայրը», – նշվում է բաց նամակում:
Հունիսի 30-ին անցկացված ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում ՀԱԿ-ի անդամ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ վերջին 2,5 տարվա ընթացքում Հայաստանը լքել է 250 000 մարդ:
Պաշտոնյաները հերքում են այն, որ իրադրությունն իսկապես այնքան լուրջ է, ինչպես նկարագրված է նամակում, սակայն ընդունում են, որ արդեն ավելի քան 26 հազար հայաստանցիներ են հետաքրքրություն ցուցաբերել «Համերկրացիներ» ծրագրի նկատմամբ:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2011 թվականի միայն հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանից մեկնել է ավելի քան 47 000 մարդ:
Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն իր հերթին ասում է, որ եթե արտագաղթն ահագնացող չափերի հասներ, ապա դա կարտացոլվեր ուղեւորահոսքի ցուցանիշների մեջ: Սակայն Հայաստանի սահմանը հատող ուղեւորահոսքի ցուցանիշները վերջին երեք տարիներին մեծ տարբերություններ չեն գրանցել:
Ըստ նրա` 2008-ին մեկնողների եւ ժամանողների բացասական տարբերությունը կազմել է 23 000 մարդ, 2009-ին` 25 000, իսկ 2010-ին` 29 860, ընդհանուր երեք տարիների համար կազմելով 77 860 մարդ: 2011-ի առաջին 5 ամիսներին եւս միտումները նույնն են մնում:
Արտագաղթի խնդրով մտահոգ մտավորականները հատկապես «Համերկրացիներ» ծրագիրն են վտանգավոր համարում Հայաստանի ապագայի համար:
«Էմիսարները գնում են գյուղեր, բաժանում են այս բլանկները: Մենք տեսնում ենք, թե այդ ծրագրին մասնակցելու համար ինչպիսի հերթեր են գոյանում»,- ասում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Սա արդեն անկախ երկրի պահվածք չէ: Նման գործընթացները կկանգնեցնեն երկիրը ժողովրդագրական ճգնաժամի վտանգի առջեւ»:
Հայաստանում ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Կանդեւը նշում է, որ ծրագիրը նպատակ չունի բռնի կերպով վերաբնակեցնել հայաստանցիներին: Իրենք միայն օժանդակում են կամավոր կերպով արտագաղթել ցանկացողներին:
«Միեւնույն է, գնացողը կգնա, արգելես, թե ոչ: Ռուսաստան հասած քաղաքացին ստանում է ճանապարհածախսի փոխհատուցում, իսկ Հեռավոր Արեւելքում բնակություն հաստատածները նաեւ` մինչեւ 120 000 ռուբլի աջակցություն», – ասում է Կանդեւը:
Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշում է, որ իսկապես մեծացել է «Համերկրացիներ» ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում: Սակայն, այդ նպատակով դիմած ավելի քան 26 000 հայաստանցիներից միայն 822-ն է ստացել վերաբնակչի կարգավիճակ, ինչը նա բացատրում է ռուսական կողմի առաջարկած ոչ այնքան գրավիչ պայմաններով:
Միգրացիոն ծառայության պետն ասում է, որ հայաստանցիների մեծ մասը` մոտ 65 տոկոսը, մեկնում է Ռուսաստան, 5 տոկոսը` Ուկրաինա եւ Բելառուս, 10 տոկոսը` ԱՄՆ, 10 տոկոսը` Եվրոպա, մնացած 10 տոկոսը` այլ երկրներ:
Միաժամանակ, Եգանյանը նշում է, որ դժվար թե հնարավոր լինի ճիշտ հաշվարկել վերջնականապես մեկնածների թիվը, քանի որ վերադարձող ուղեւորների քանակը միշտ չի հաշվարկվում:
«Յուրաքանչյուր միգրանտ ուղեւոր է, բայց յուրաքանչյուր ուղեւոր միգրանտ չէ, եւ ուղեւորահոսքի մեջ վերջնական մեկնածների թիվը պարզելու համար պետք է հատուկ ուսումնասիրություն անցկացնել: Երկրից զանգվածային արտագաղթ եղել է 90-ականների առաջին կեսին, երբ մեկնողների եւ ժամանողների տարեկան բացասական տարբերությունը 120-220 000 մարդ է եղել, իսկ 90-ականների երկրորդ կեսին` մոտ 60 000: Դրական տարբերությամբ տարիներ են եղել 2003-2006-ին», – ասում է նա:
Բնակչության արտագաղթի մակարդակը հատկապես բարձր է սահմանամերձ գյուղերում, որոնք ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար:
Երեւանից 120 կմ հեռավորության վրա գտնվող հայ-ադրբեջանական սահմանամերձ Գետիկ գյուղի բնակիչներից շատերն արդեն լքել են իրենց տները, մյուսները պատրաստվում են:
Գետիկի գյուղապետ Աշոտ Դալլաքյանը խոստովանում է, որ համայնքի բնակչությունը տարեցտարի պակասում է, արտագաղթը կանգ չի առնում: 150 տնտեսությունից (530 բնակիչ) 30-ի դռները փակ են, եւ տարեցտարի այդ թիվը մեծանում է: Անցյալ տարի 6 ծնունդ է եղել, այս տարի ընդամենը մեկ երեխա է գնացել առաջին դասարան:
«Ճանապարհները վատն են, գործարարները ներդրումներ չեն անում` տարածաշրջանը ռիսկային համարելով. մոտ ենք սահմանին: Ուզում եմ գոնե մի լավ բան ասել, բայց ոնց մտածում եմ` չկա: Երկու հատ անասունը մի տարի պահում ենք, վերջը մորթում, որ մի զույգ կոշիկ ու մակարոն առնենք: Բա լավ չի՞ գնանք», – ասում է Գետիկ գյուղի բնակիչ Արայիկ Սարիբեկյանը:
Խնդրով մտահոգ մտավորականները հույս ունեն, որ իրենց հղած նամակից հետո Աժ-ում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ, կստեղծվի աշխատանքային խումբ եւ կմշակվի կոնկրետ գործողությունների ծրագիր։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, արձագանքելով մտավորականների կողմից իրենց ուղղված նամակին, հայտարարել է, որ մտադիր են լսումներ կազմակերպել ԱԺ-ում, եւ պատրաստ են իրենց հնարավորությունները ներդնելու, կառավարության հետ միասին լուծելու այդ ցավոտ խնդիրը:
«Չեմ կարծում, թե հնարավոր է այդ հարցը միանգամից լուծել, բայց հնարավոր է մեղմել իրավիճակը: Պատճառը սոցիալական է, պետք է սոցիալական լարվածությունը մեղմել, աշխատատեղեր ստեղծել», – ասել է Աբրահամյանը:
Գայանե Մկրտչյանը ArmeniaNow էլեկտրոնային պարբերականի թղթակիցն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)






Facebook
Tweet This
Email This Post
