Վարդավառն այս տարի կնշվի հուլիսի 31-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 29, 2011 15:30
Վարդավառն տոնին, որն այս տարի նվելու է հուլիսի 31-ին, միմյանց վրա ջուր ցողելու ավանդույթը 5000 տարվա պատմություն ունի: Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամնակ ասաց Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ղազար Քահանա Պետրոսյանը: Նա նշեց, որ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը կապված է Նոյ նահապետի հետ, երբ նա, ջրհեղեղեից փրկվելուվ, ստեղծեց այդ կարգը` ի հիշատակ այն բանի, որ Աստված այլեւս ջրհեղեղով աշխարհը չի կործանելու: «Այս սովորույթը մտավ նաեւ հեթանոսական շրջան: Միմյանց վրա ջուր ցողելու քրիստոնեական մտածողությունն Աստծո խոսքով երկիրը ողողելն է»,- նշեց նա:
Հոգեւորականի խոսքով` Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է եւ Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության` տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
NEWS.am-ի հարցին, թե ինչու Հայաստանի տարբեր շրջաններում Վարդավառը տոնում են տարբեր ժամանակաշրջաններում, Տեր Ղազար Քահանա Պետրոսյանը նշեց. «Երբ անաստվածները խլեցին տպարանը Մայր Աթոռի ձեռքից եւ հնարավորություն չկար նույնիսկ օրացույց տպելու եւ տեղեկացնելու ժողովրդին, Վարդավառի տոնից չզրկվելու համար ժողովուրդը ընտրեց մեկ օր եւ այդպես էլ նշում է»:
Ասուլիսին ներկա ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանը նշեց, որ Վարդավառը հնագույն արմատներ ունեցող տոներից մեկն է, որը հագեցած է ժողովրդական, եկեղեցական ավանդույթներով, բայց ժամանակի ընթացքում դրանց մի մասը մոռացվել է, մի մասն էլ` մինչ այժմ պահպանվում են: Վարդավառը ունի նախատոնական, տոնական եւ հետտոտանական շրջաններ: Վարդավառի բազմաթիվ տարրերից, ըստ ազգագրագետի, մեր ժամանակներ է հասել մատաղի սովորույթը, խնջույքները եւ միմյանց վրա ջուր ցողելու ավանդույթը: Իսկ թե ինչու են մնացած ավանդույթները մոռացվել, ապա, ըստ ազգագրագետի, պատճառը 70 տարիներն էին (ԽՍՀՄ շրջանը- խմբ.), երբ կազմակերպված արգելք կար եկեղեցական ծիսակատարությունների նկատմամբ: Նշենք, որ Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է, որը, ըստ քրիստոնեական ավանդույթի, հանգուցյալներին հիշելու խորհուրդ ունի:






Facebook
Tweet This
Email This Post
