Նոր ժամանակացույց` մայրաքաղաքի բուհերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 29, 2011 14:23

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատվել է Երեւանի պետական համալսարանի դասաժամերի ժամանակացույցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ-ի լրատվական ծառայությունից, համալսարանում 2011-2012 ուսումնական տարվա մեկնարկից դասերը կսկսվեն առավոտյան ժամը 09:30-ից եւ կավարտվեն երեկոյան 19:05-ին:

Հիշեցնենք, որ դասաժամերը փոխելու վերաբերյալ հայտարարությունը եղել է դեռեւս հուլիսի 1-ին’ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից: Նրա խոսքով’ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերն ապակենտրոնացնելու եւ երթեւեկությունը թեթեւացնելու նպատակով ԿԳՆ-ն ընդառաջել է Երեւանի քաղաքապետի առաջարկին’ իր ենթակայության տակ գտնվող բուհերում փոխել դասերը սկսելու ժամերը: Ըստ նախարարի’ այս փոփոխությունը կատարվել է առավոտյան ժամերին տրանսպորտային գերծանրաբեռնվածությունը ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հանրապետության մյուս քաղաքներում թեթեւացնելու համար:

Ըստ այդմ’ ԵՊՀ-ի առաջին հերթի ուսանողների 6-րդ դասաժամն առաջիկա ուստարում կավարտվի 14:15-ին, երկրորդ հերթափոխը կսկսվի 14:30-ին եւ կձգվի մինչեւ 19:05′ ազդարարելով 12-րդ ժամի ավարտը:

Հիշեցնենք, որ մինչեւ 2010-2011 ուսումնական տարվա ավարտը ԵՊՀ-ում դասերը սկսվել են առավոտյան ժամը 08:30-ից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳ նախարարության բուհերի բաժնից, Երեւանի քաղաքապետարանի միջնորդությամբ ու հաստատմամբ’ նախարարությունը մայրաքաղաքի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններին գրություն է ուղարկել’ դասաժամերի նոր ժամանակացույցի վերաբերյալ: Նախարարությունից շեշտեցին նաեւ, որ այս որոշումը չի տարածվում հանրապետության մարզերի բուհերի վրա:

 

Դիտվել է 1594 անգամ:
Print Friendly

Leave a Reply