Երևանի փողոցներում վաճառվում են տեսողությանը վնասող ակնոցներ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 5, 2009 14:48

dscn0379-2Ակնաբույժներն ասում են, որ դրսում վաճառվող էժանագին պլաստմասե ակնոցները վնասում են տեսողությունը:

22-ամյա Զարուհի Ասատրյանն իր ակնոցը գնել է պատահական սեղանիկից ու դժգոհում է, որ հենց կրում է, աչքերն արյուն են լցվում: «Աչքերս սկսում են մրմռալ, քոր է գալիս, սկզբում մտածում էի` ալերգիա է, թե ինչ, բայց հետո հասկացա, որ ակնոցից է»,-պատմում է Զարուհին:

Հայաստանում չկա բժշկական որևէ մարմին, որ վերահսկի արևային ակնոցների որակը: Ըստ Ստանդարտների ազգային ինստիտուտի` արևային ակնոցները չունեն նաև տեխնիկական կանոնակարգ և սերտիֆիկացման ենթակա չեն. չկա նաև որևէ լաբորատորիա, որը կարողանա ստուգել դրանց տեխնիկական որակը:

«Նաիրի» բժշկական կենտրոնի ակնաբույժ Սեդա Մուրադյանը որպես մասնագետ է խորհուրդներ տալիս: Ասում է, որ կարևոր է արևային ակնոցի գույնը. կապույտ, կարմիր ակնոցները գրգռում են աչքերը և վտանգավոր են: «Խորհուրդ եմ տալիս ընտրել ծխագույն ու շագանակագույն ակնոցներ, իսկ պլաստմասան, առհասարակ, վնասում է տեսողությունը»:

Ամեն քայլափոխի վաճառվող արևային ակնոցները ներկրվում են հիմնականում Չինաստանից, Թուրքիայից և Դուբայից. դրանց միջին գինը 2-3000 դրամ է, մանկականը` 500-1000 դրամ:

«Ռոսիա» տոնավաճառի առջև արևային ակնոցներ վաճառող Կարենն ինքն է գնում Չինաստան և տարբեր ֆաբրիկաներից գնում դրանք: Ասում է, որ «էտ էժանագին ակնոցները բոլորն էլ անորակ բաներ են, պատրաստված են վատ մշակված պլաստմասայից, չունեն ոչ մի հավատարմագրող փաստաթուղթ»:

Կարենն ասում է, որ երբեմն գալիս են գնորդները ու բողոքում, որ իր մոտից գնած ակնոցները ցավեցնում են աչքերը:

«Բայց ես ի՞նչ անեմ, մարդկանց մեծ մասը սա է կարողանում գնել, մենք էլ սա ենք բերում, լավ ակնոց առնելու համար պետք է շատ փող ունենալ»,-ասում է Կարենը:

«Ինտեր օպտիկ» խանութում ամենաէժան արևային ապակյա ակնոցն արժե 50 000 դրամ: Խանութի աշխատակիցն ասում է, որ իրենց ֆիրմային ակնոցները ներկրվում են Իտալիայից, Ֆրանսիայից և Մոսկվայից, ունեն որակի հատուկ փաստաթղթեր, որոնք տալիս են գնորդին:

Մասնագիտացված խանութներում աշխատում են նաև ակնաբույժներ:

«Ինտեր օպտիկի» ակնաբույժ Լարիսա Հարությունյանը նշում է, որ ապակին պետք է լինի բարձրորակ և պարզ, ակնոցի քթամասերը պետք է ճիշտ նստեն ամեն մի դեմքի վրա, նաև կարևոր է կորությունը, քանի որ արևային ակնոցի սխալ կորության դեպքում մարդը քայլելիս կորցնում է իր կողմնորոշումը:

Դիտվել է 2140 անգամ:
Print Friendly

Leave a Reply