Ո՞ւմ ենք վստահում մեր ատամները

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 29, 2011 11:43

Առողջ և գեղեցիկ ատամներ ունենալ ցանկանում են բոլորը: Սակայն, միշտ չէ, որ ցանկությունն ու հնարավորությունները համընկնում են: Հայաստանում ստոմատոլոգիական ծառայության վիճակի, խնդիրների ու անելիքներին էր նվիրված Հայաստանի ստոմատոլոգիական ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանի հանդիպումը լրագրողների հետ:

Եթե 20-30 տարի առաջ ատամնաբուժությունը մեր երկրում ցածր մակարդակի վրա էր, ապա այսօր, ասոցիացիայի նախագահի խոսքով, այն լուրջ զարգացում է ապրում. «Մեր մասնագետներն այսօր չեն զիջում արտասահմանցիներին»,-վստահեցրեց Գևորգյանը` հավելելով, սակայն, որ այս առաջընթացին զուգահեռ ի հայտ են եկել բացասական շատ երևույթներ:
Դրանցից առաջինը բանախոսը նշեց բժշկական ուսումնարանների թվաքանակի աճը, որի արդյունքում ավելանում է ատամնաբույժների քանակը, նվազում` որակը. «Զարմանալի է, բայց Եվրոպայում ատամնաբույժների թվով Հայաստանը 1-ին տեղում է: Եթե մյուս երկրներում յուրաքանչյուր անձին սպասարկում է 4-5 ատամնաբույժ, ապա մեր երկրում` յուրաքանչյուրին` 17»,- նշեց Ա. Գևորգյանը:

Հայաստանում գործում է 750-ից ավելի ատամնաբուժական կլինիկա, որոնցից, սակայն, Գևորգյանի խոսքով, քչերն են ապահովում բարձրակարգ սպասարկում` թե’ մասնագիտական, թե’ սանիտարական տեսանկյունից: Իսկ որոնք էլ ապահովում են, վարում են համապատասխան գնային քաղաքականություն. «Ատամնաբուժական նյութերն ու սարքավորումները թանկ են: Եվ եթե տվյալ կլինիկաներն օգտվում են բարձրակարգ խանութներից, այլ ոչ` անհատ վաճառողներից, հետևաբար ծառայություններն էլ են թանկանում: Արդյունքում քչանում են հիվանդները, իսկ կլինիկայի եկամուտը` նվազում: Հերթը հասնում է նրան, որ այդ կլինիկան այլևս չի կարողանում նոր սարքավորումներով վերազինվել»:

Աշոտ Գևորգյանը նշեց, որ փոփոխությունների է ենթակա ատամնաբուժարաններին արտոնագիր տրամադրելու կարգը: Արդյունքում, Գևորգյանի խոսքով, ասոցիացիային կտրվեն ատամնաբուժարանները վերահսկելու լծակներ, ինչպես բոլոր երկրներում. «Լիցենզիա տրամադրելու կարևոր նախապայմանները տարածքը և սարքավորումներն են: Երբ հանձնաժողովից գնում են ստուգելու, տեսնում են, որ դրանք համապատասխանում են: Սակայն, հնարավոր է այդ աթոռը կամ սարքավորումը կլինիկայի տերն ընկերոջից վերցրած լինի, զուտ ցուցադրելու համար: Շարունակական հսկողություն չկա»,-նշեց Գևորգյանը: Նույն աթոռին և վիրահատական ծառայություններ, և օրինակ` պրոթեզավորում կամ լիցք իրականացնելն արգելվում է` սանիտարահիգիենիկ տեսանկյունից: Արտոնագրում, ըստ Աշոտ Գևորգյանի, նշվում է, թե տվյալ ատամնաբուժարանում որ ծառայություններն են թույլատրված, ընդամենը հիվանդը պետք է ուշադիր լինի. «Ամոթ բան չկա, երբ հաճախորդը մտնում է ատամնաբուժարան, պետք է նայի արտոնագրին` իրեն վտանգի չենթարկելու համար»:

Իսկ ատամնաբույժներին հաճախ չդիմելու կամ էլ «դանակը ոսկորին» չհասնելու և ամուր ատամներ ունենալու համար, Աշոտ Գևորգյանը հիշեցրեց` ատամները լվանալ օրական 2 անգամ, իսկ 6 ամիսը մեկ դիմել ատամնաբույժներին:

Aysor.am

 

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply