ՏԵՍԽԻՄ-ի՝ Հռոմում կայացած համաժողովում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | July 29, 2011 10:56
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀԽ անդամ, պետաիրավական հարցերով ՀԽ հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը և ՀԽ աշխատակազմի ղեկավար Հակոբ Բարխուդարյանը, հուլիսի 21-23-ը Հռոմում մասնակցեց Տնտեսական և սոցիալական խորհուրդների և նման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի ( ՏԵՍԽԻՄ- AICESIS) գլխավոր համաժողովին:
Համաժողովի օրերին Հայաստանի Հանրային խորհրդի պատվիրակության նախաձեռնությամբ սկսվեց ՏԵՍԽԻՄ-ի շրջանակներում ԱՊՀ երկրների Հանրային խորհուրդների կամ նույնանման կառույցների ասոցիացիա ստեղծելու գործընթացը: Ռուսաստանի Հասարակական պալատի ներկայացուցիչները կողմ արտահայտվեցին նախաձեռնությանը, Ուկրաինայի Ազգային եռակողմ սոցիալ-տնտեսական խորհուրդը՝ ընդհանուր առմամբ կողմ լինելով նախաձեռնությանը, վերջնական որոշումը խոստացավ ներկայացնել Կիևում խորհրդակցելուց հետո:
ՏԵՍԽԻՄ-ի շրջանակներում ստեղծվել և գործում են բազմաթիվ ասոցիացիաներ, որոնցում ամենաակտիվը Ֆրանսիան է՝ ֆրանկոֆոն երկրների հետ ստեղծած ասոցիացիաներով: Այսպիսի համագործակցությունն օգնում է բազմաթիվ հարցեր օրակարգ ընդգրկել և դրանց ընդունումն առաջ տանել մի քանի երկրի միասնական ջանքերով, ինչն առավել արդյունավետ է:
ՀՀ Հանրային խորհուրդը ՏԵՍԽԻՄ-ի լիիրավ անդամ է դարձել 2010թ.:Այս կառույցին չեն անդամակցում Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը. նրանք բոլորն էլ իրենց երկրներում չունեն հանրային խորհուրդներ կամ նույնանման մարմիններ:
Համաժողովի ընթացքում ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակության և Ռուսաստանի, Չինաստանի նույնանման կառույցների պատվիրակությունների հետ առանձին երկկողմ հանդիպումներում պայմանավորվածություն ձեռք բերվեց վերջիններիս Հայաստան կատարելիք այցերի շուրջ: Թե Ռուսաստանի Հասարակական պալատի, թե Չինաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի ներկայացուցիչները նախնական պայմանավորվածությամբ, Երևան կայցելեն առաջիկա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
ՀՀ Հանրային խորհրդի և Հունաստանի Տնտեսական և սոցիալական կոմիտեի պատվիրակությունների հանդիպման ժամանակ որոշվեց նախապատրաստել համագործակցության հուշագրի կնքումը, որը տեղի կունենա կամ Հայաստանում, կամ Հունաստանում, կամ էլեկտրոնային եղանակով:
Համագործակցության հուշագրի ստորագրման պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև Մոնակոյի Ազգային տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության հետ:
Բրազիլիայի և Իսպանիայի նույնանման կառույցների պատվիրակությունների հետ ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակները պայմանավորվեցին համագործակցության հուշագիր կնքել հաջորդ տարի ամռանը Ռիո Դե Ժանեյրոյում նախատեսված՝ ՏԵՍԽԻՄ-ի հերթական համաժողովի ընթացքում:
Երկկողմ համագործակցության շուրջ բանակցություններ սկսվեցին նաև Իտալիայի Հանրային խորհրդի հետ:
Գլխավոր համաժողովի նստաշրջանում ընդլայնվեց միջազգային այս կառույցի նախագահության կազմը, որում ընտրվեց նաև Ռուսաստանը: ՏԵՍԽԻՄ-ի՝ հերթագայության կարգով ընտրվող նախագահությունում այժմ 15 երկիր է ընդգրկված:
Հերթագայության կարգով համաժողովի նախագահ ընտրվեց Ալժիրի ներկայացուցիչ Մոհամմեդ Սեղիլ Բաբեսը. այս պաշտոնում ընտրվելով՝ նա կդադարի ղեկավարել Ալժիրի Հանրային խորհուրդը:
ՀՀ Հանրային խորհրդի
տեղեկատվություն






Facebook
Tweet This
Email This Post
