Տեղյա՞կ եք, թե ինչ արտահայտություններ է արել Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | July 28, 2011 19:23

Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է հայ և լեհ լրագրողների հարցերին

 

«Ինտերֆաքս» գործակալություն-ՀՀ Նախագահը Ստրասբուրգում` Եվրոպայի Խորհրդի ամբիոնից հայտարա­րեց, որ Լեռնային Ղարաբաղը նույնպես Եվրոպայի մաս է: Որպես Արևելյան գործընկերության և առհասարակ եվրաինտեգրման ջատագովներ, չե՞ք կարծում, որ հարկ է, որ Եվրոմիությունը ֆինանսական և տեխնիկական օժանդակություն տրամադրի ԼՂ-ում իրականացվող բարեփոխումների գործընթացին, քանի որ, անկախ նրանից` ԼՂ-ն ճանաչված է, թե` ոչ, այնտեղ իրականացվող բարեփոխումները միտված են ժողովրդավարության ամրապնդմանը:

Ս.Սարգսյան– Ժողովրդավարությունը բացարձակ արժեք է, և, այս առումով, ցանկացած օժանդակություն ժողովրդավարությանը մենք շատ բարձր ենք գնահատում: Ուստի, եթե վաղը Եվրամիությունն օժանդակի Լեռնային Ղարաբաղին` ամրապնդելու ժողովրդա­վարական կառույցները, ամրապնդելու պետական կառույցները, մենք միայն ուրախ կինենք: ԼՂՀ քաղաքացիներն, իհարկե, ակնկալում են այդ օժանդակությունը, որով­հետև արդեն 17 տարի է նրանք ընթանում են այդ ճանապարհով: Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենում ընտրություններ, որոնք անցնում են միջազգային չափանիշներին համապատասխան, ինչով և՛ նրանք, և՛ մենք հպարտանում ենք: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավորություն է ընձեռվել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում ներկա լինեն բոլոր քաղաքական ուժերը: Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել երեք նախագահական ընտրություններ, ընտրվել են երեք նախագահներ, և նրանցից որևէ մեկը ժառանգաբար իշխանություն չի ստացել: Նաև այդ պատճառով է, որ Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանություններն իրենց երբեք թույլ չեն տալիս վիրավորական արտահայտություններ անել ադրբեջանական ժողովրդի մասին, ինչը նրանց պատիվ է բերում` ի տարբերություն հարևան երկրի ղեկավարության, որը, իհարկե, կարողանում է հոդաբաշխ արտահայտվել, բայց չի կարող իր ատելությունը թաքցնել: Իսկ ինչպես հայտնի է` թշնամանքով լցված մարդը չի կարող լավ, նորմալ որոշումներ կայացնել և, իհարկե, այս պարագաներում Եվրամիության օժանդակությունը Լեռնային Ղարաբաղին ուղղակի անհրաժեշտություն է:

Լեհաստանի հանրային հեռուստաընկերություն– Կազանյան ֆիասկոյից հետո գոյություն ունի՞ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մշտական և խաղաղ լուծման հնարավորություն: Եվ եթե՝ այո, ապա ի՞նչ պահանջներ պետք է կատարի Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ, որպեսզի, իսկապես կայուն լուծման հասնի:

Ս. Սարգսյան– Իհարկե, ես կազանյան հանդիպումը ֆիասկո չէի անվանի, թեև ինչպես նշեցի և՛ մենք, և՛ միջազգային հանրությունը բավականաչափ սպասելիքներ ունեինք այդ հանդիպումից: Ուղղակի, տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար և ինչի մասին ես խոսեցի ԵԽԽՎ-ում: Խոսքս առաջին հերթին համապատասխան մթնոլորտի բացակայության մասին է, և առաջին հերթին այդ մթնոլորտը պետք է բարելավվի. չի կարելի սեփական ժողովրդին ամեն օր, ամեն մակարդակով թունավորել: Չգիտեմ, դուք, օրինակ, երեկ հետևե՞լ եք միջազգային լրահոսին, տեղյա՞կ եք, թե ինչ արտահայտություններ է արել Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին: Եվ արդյո՞ք դա նորմալ մարդու արտահայտություն է, էլ չեմ խոսում երկրի ղեկավարի մասին: Ղարաբաղցիների և, ընդհանրապես, հայ ժողովրդի պահանջը միակն է` խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքին համապատասխան, և այդ իրավունքի սկզբունքները շարադրված են «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթղթում, որը կողմերին են առաջարկել Մինսկի խմբի համանախագահները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը: Մենք այլ պահանջներ չունենք: Այսինքն` մեր պահանջները համահունչ են միջազգային հանրության պահանջներին:

«Պրոսավա» գործակալություն-Հարցս Վարշավայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի կապակցությամբ է. պարո՛ն Նախագահ, ի՞նչ ակնկալիքներ ունեք Արևելյան գործընկերությունից:

Ս.Սարգսյան-Վարշավայի գագաթաժողովից մենք առաջին հերթին ակնկալում ենք տարբերակված մոտեցում, տարբերակված գնահատականներ. ոչ թե այն առումով, որ եթե չլինեն տարբերակված գնահատականներ կամ նույնիսկ եթե չլինեն գնահատականներ, ապա դա նշանակում է, որ մեր երկրներում պետք է դադարեցվեն բարեփոխումները: Ո՛չ: Ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ մեր երկրում մենք բարեփոխումներ իրականացնում ենք ոչ թե նրա համար, որպեսզի հաշվետվություններ տանք, ոչ թե նրա համար, որպեսզի մեզ գնահատականներ տան, այլ նրա համար, որ առանց այդ բարեփոխումների մենք չենք տեսնում զարգացում, չենք տեսնում ուժեղ պետության և զարգացած հասարակության կառուցում: Բայց երբ գնահատականներ են հնչում ոչ թե հաշվի առնելով առաջընթացը, այլ ելնելով այլ հանգամանքներից, կարծում եմ, որ սա ուղղակի հակասում է նույն քաղաքականության սկզբունքին: Եթե փորձեմ հակիրճ ձևակերպել, ապա սկզբունքը կայանում է հետևյալում. ավելի մեծ օժանդակություն՝ մեծ առաջընթացին: Տարբերակված մոտեցում, ուրիշ՝ ոչինչ:

Դիտվել է 1055 անգամ:
Print Friendly

Leave a Reply