Հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը սպասվում է 40 աստիճան տաքություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 28, 2011 16:24
Ջերմաստիճանը հանրապետությունում հասել է բացարձակ առավելագույնի: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը, նախորդ օրերին Արարատյան դաշտում գրանցվել է 38-39 աստիճան տաքություն, իսկ երեկ’ 39.5 աստիճան:
Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է աննշան’ 0.5-0.8 աստիճանի նվազում. ջերմաստիճանը չի գերազանցի 39 աստիճանը: Հուլիսի 30, 31, օգոստոսի 1-ին’ Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում 40 աստիճան ջերմություն կգրանցվի: Գիշերը սպասվում է 27-28 աստիճան, որը գիշերվա համար եւս տաք է, կթուլանա երեկոյան ժամերին քամու ուժգնությունը, որը «փրկում էր» մեզ տապից: Օգոստոսի 2-4-ը ջերմաստիճանի նվազումը նկատելի չի լինի’ ընդամենը 3-4 աստիճան:
Օգոստոսի 5-ից ջերմաստիճանի նվազումն արդեն էական կլինի, 4-5 աստիճան’ 40-ի համեմատ, անգամ սպասվում է անձրեւ: Զ. Պետրոսյանի փոխանցմամբ’ մոտ 8 օր կպահպանվի 38-40 աստիճան տաքությունը: «Ստեղծվել է հրդեհավտանգ իրավիճակ’ խոտը չոր է, պայմաններն այնպիսին են, որ ամենափոքր վրիպումը վատ հետեւանքներ կարող է ունենալ»,- ասաց բանախոսը’ նշելով, որ Արարատյան դաշտում բնական հողի տաքությունը 75 աստիճան է. դա բնական հողի առավելագույն ջերմաստիճանն է: Նման բարձր ջերմաստիճան հազվադեպ է գրանցվում. խոսքը հողի մակերեսի մասին է:
Զ. Պետրոսյանը խորհուրդ տվեց հաճախակի լոգանք ընդունել, փորձել քիչ շարժվել, անգամ’ քիչ ուտել. եթե տվյալ միջոցները չօգնեն, ապա կարելի է դիմել բժշկի խորհրդատվությանը: Նա չբացառեց, որ օդի ջերմաստիճանի բարձրացման հետեւանքով կարող է բարձրանալ մարդու մարմնի ջերմաստիճանը:






Facebook
Tweet This
Email This Post
