Առողջապահության նախարարությունը կոչ է անում գործատուներին` ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու անհրաժեշտ պայմաններ ապահովել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 28, 2011 16:20

«Հայպետհիդրոմետ»-ը շոգի պատճառով հիմնարկներում աշխատանքն ընդհատելու իրավասություն չունի: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը, իրենք կարող են միայն ահազանգել, ինչը եւ անում են, իսկ համապատասխան նախաձեռնությամբ հանդես պիտի գա Առողջապահության նախարարությունը:

Հանրապետությունում արձանագրված շոգ եղանակի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները հիմնված են աշխատանքային տեղերում առկա ջերմաստիճանի վրա եւ սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 153 հոդվածով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը, հաշվի առնելով ամառային եղանակը’ նախարարությունը խորհուրդ է տալիս’ այն դեպքերում, երբ աշխատատեղերում, աշխատանքի բնույթով պայմանավորված, հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ, հատկապես’ ծանր ֆիզիկական եւ լարված մտավոր աշխատանքի դեպքերում, աշխատողներին հովանալու եւ հանգստանալու հնարավորություն տրամադրել, ապահովել բարձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանվելու պաշտպանական միջոցներ’ գլխարկներ, բաց գույնի, բնական նյութերից, օդափոխությունն ապահովող արտահագուստ, ստվեր առաջացնող հովանոց, ակնոց եւ այլն:

Նախարարությունը կարեւորում է նաեւ բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար անհրաժեշտ պայմանների’ խմելու ջրի, հանքային ջրի, թանի, լվացվելու միջոցով հովանալու առկայությունը, աշխատանքային ռեժիմի փոփոխություն’ աշխատանքի, հատկապես’ առավել ծանր եւ լարված աշխատանքի կատարումը նախատեսելով օրվա զով ժամերին, եւ երկարատեւ ընդմիջում’ օրվա շոգ ժամերին: Առողջության պահպանման նպատակով Առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլոր գործատուներին եւ աշխատողներին’ կիրառել տրված խորհուրդները:

 

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply