Պաշտոնական այցով Հայաստանում է Լեհաստանի նախագահը

Պաշտոնական, Օրվա լուր | | July 28, 2011 15:58

 

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:

Լեհաստանի նախագահն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու առանձնազրույցն ու երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Սերժ Սարգսյանը ողջունել է  Նախագահ Կոմորովսկուն և նրա գլխավորած պատվիրակությանը մեր երկրում: «Սա Ձեր առաջին պաշտոնական այցելությունն է Հայաստանի Հանրապետություն, և մենք համարում ենք, որ  շատ լավ առիթ է խոսելու մեր հարաբերությունների ապագայի մասին: Մեր համոզմամբ, հայ-լեհական  հարաբերությունները լավ ապագա ունեն, որովհետև դրանք մի կողմից հենվում են մեր դարավոր բարեկամության վրա` մեր երկու ժողովուրդներն իրար շատ լավ են ճանաչում, մյուս կողմից մենք դավանում ենք ընդհանուր արժեքներ, ինչը հնարավորություն է տալիս խոսելու երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման մասին:

Մենք ցանկանում ենք Լեհաստանի հետ մեր հարաբերությունները խորացնել: Դուք առաջին անգամ եք այցելում Հայաստան, թեև մենք գիտենք, որ Լեհաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո, մի փոքր կանգառ եք ունեցել Հայաստանում, և մենք դա համարում ենք լավ նշան: Սա նաև շատ լավ առիթ է շնորհավորելու Լեհաստանին և անձամբ Ձեզ`  Եվրամիության նախագահությունն ստանձնելու կապակցությամբ: Մենք Ձեզ հաջողություն ենք մաղթում: Այդ հաջողության պտուղներից, վստահաբար, օգտվելու ենք նաև մենք», ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Լեհաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը` հրավերի և ջերմ ընդունելության համար, նշելով. «Լեհաստանի, նաև ձեր տարածաշրջանի համար այս պահը շատ կարևոր է, քանի որ Լեհաստանը ԵՄ նախագահող երկիր է հանդիսանում: Հայաստանի համար կարևոր է, քանի որ Ձեր երկիրը եվրաինտեգրման գործընթացում է:

Լեհաստանն ամբողջությամբ բաց է Հայաստանի համար և պատրաստակամ` այդ գործընթացում աջակցելու, կիսվելու իր փորձով: Ցանկանում եմ, որ մեր նախագահության ընթացքում կարևոր գործիք լինի Արևելյան գործընկերության զարգացումը»,-ընդգծել է Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև ստորագրվել է մշակույթի, կրթության և գիտության բնագավառում 2011-2013թթ. համագործակցության մասին գործնական ծրագիր, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի և  ԼՀ գլխավոր անասնաբույժի միջև` անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին հուշագիր և Հայկական զարգացման գործակալության ու Լեհաստանի տեղեկատվության և օտարերկրյա ներդրումների գործակալության միջև` Փոխըմբռնման հուշագիր:

Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի և Լեհաստանի նախագահերի համատեղ մամուլի ասուլիսում:

 

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply