Ի՞նչ է սեփականության իրավունքը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | August 5, 2011 7:00

Հասարակության տնտեսական հարաբերությունների հիմքը սեփականության ձևն է: Սեփականության իրավունքը յուրաքանչյուր տնտեսական ու քաղաքական համակարգի էության, անձի իրական ազատությունների երաշխավորման հիմնական բնութագրիչն է: Սեփականությունն ինքնին հարաբերություն է, բնութագրում է արտադրության միջոցի, տվյալ գույքի տնօրինման, տիրապետման ու օգտագործման նկատմամբ անձի կամ անձանց խմբի իրավունքն ու պարտականությունը: Բազմաթիվ երկրներում սեփականությունը գլխավորապես մասնավոր և հանրային է: Մնացած բոլոր ձևերը դրանց տարատեսակներն են:

Հանրային սեփականության իրավունքի սուբյեկտներ կարող են լինել, օրինակ, պետությունը` ամբողջապես, նրա ինքնավար սուբյեկտները, տեղական ինքնակառավարման մարմինները: Իսկ մասնավոր սեփականության սուբյեկտ կարող է լինել  որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ: Սեփականության այս ձևը կարող է լինել ինչպես մասնավոր, այնպես էլ կոլեկտիվ, խառը և այլ ենթաձևերով:

Սեփականության վերաբերյալ դրույթներն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ և այլ հոդվածներում, որոնցում, մասնավորապես, նշվում է, որ «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը», ինչպես նաև. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը»: Այս տրամաբանությունը շարունակում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը` ամրագրելով, որ «սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով»:

Տիրապետումը գույքի գտնվելն է սեփականատիրոջ տնտեսությունում, նրա փաստացի տնտեսական իշխանության ներքո: Տիրապետման իրավազորությունը գույքն իր տնտեսական իշխանության ներքո, սեփական տնտեսությունում պահելու` օրենքի վրա հիմնված հնարավորությունն է:

Օգտագործման իրավունքի էությունն այն է, որ գույքն իր սոցիալ-տնտեսական նշանակությամբ ծառայեցնելու միջոցով տիրապետողները դրանից ստանում են արտադրական, կենցաղային, մշակութային և այլ պահանջմունքների բավարարում, տարբեր օգուտներ, պտուղներ և եկամուտներ:

Տնօրինումը սեփականատիրոջ կողմից օրենքով նախատեսված շրջանակներում գույքի նկատմամբ իրավահարաբերություններ առաջացնելու, փոփոխելու կամ դադարեցնելու միջոցով գույքի իրավական և փաստացի ճակատագիրը որոշելու իրավունքն է:

Կտակելու իրավունքը գույքի տնօրինման եղանակներից է: Այդ իրավունքը Սահմանադրությունն առանձնապես արժևորել է այն պատճառով, որ կտակելը իրավահաջորդության առավել տարածված և քաղաքացու կամքով սեփականության իրավունքի փոխանցման եղանակ է:

 

Ավետիք Հարությունյան

 

Դիտվել է 3750 անգամ:
Print Friendly

Leave a Reply