Երևանյան ամենահին ու ամենամշակութային սրճարանում երիտասարդներ գրեթե չեն լինում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | August 3, 2011 15:00

«Սա «Կազիրյոկն» է, սա «Պապլավոկն» է, սա էլ Հռիփսիկն է, սուրճ է եփում»: Ֆորշի «Հենց այսպես էլ ապրում ենք» հայտնի երգում այս խոսքերն են հնչում, երբ նա թվարկում է Երևանին շունչ ու ոգի հաղորդող հարազատ կերպարների անունները: Հաստատ կարող ենք ասել, որ երիտասարդ երևանցիներից քչերն են հասկանում երգի այս հատվածը, քանի որ «Կազիրյոկը» նրանց համար «գլամուրային» սրճարան չէ, չեն այցելում, իսկ  Հռիփսիկին էլ ուղղակի չեն ճանաչում: Սակայն Ֆորշի տեսահոլովակի բոլոր հայտնի կերպարները լավ գիտեն «Կազիրյոկի» և հատկապես Հռիփսիկի պատրաստած սուրճի «գինը»…

1951 թվականն էր, Աշտարակից Երևան հարս եկած 21-ամյա Հռիփսիմեն աշխատում էր «Կազիրյոկի» դիմաց գտնվող ջրի խանութում (այդ ժամանակ «Կոզիրյոկը» չկար): 1956 թ. տնօրենը հայտնում է, որ շուտով խանութի հարևանությամբ սրճարան է բացվելու, և Հռիփսիմեին առաջարկում է սրճարանի «գործը» իր ձեռքն առնել: «Ճիշտ է, ջահել ես, բայց երևում է, որ շատ զուսպ ես, ու քայլերդ էլ մտածված են»,-ասում է նա: Հռիփսիմեն համաձայնում է: «Այդպես եկա և մինչ օրս մնացի էստեղ»,-ծիծաղելով պատմում է «Կազիրյոկի» տիրուհին` 81-ամյա տիկին Հռիփսիմեն:

Նրա խոսքով` «Կազիրյոկը»` Երևանի առաջին «մառոժնիանոցի» անունը, տասնամյակներ առաջ ուսանողներն են դրել հավանաբար հովհարավոր գլխարկի տեսքի պատճառով: 1995 թ., երբ տիկին Հռիփսիմեն այն սեփականաշնորհել է, վերանվանել է իր անունով, սակայն սրճարանի հին անվանումով ցուցանակը պահպանել է:  Այժմ սրճարանն ունի երկու անուն` «Կազիրյոկ» և «Հռիփսիմե»:

«Այն ժամանակ սրճարանը հազիվ 14 քմ տարածք էր զբաղեցնում,- հիշում է տիկին Հռիփսիմեն,- մետաղյա ափսեներ, ընդամենը մի փոքրիկ սառնարան… Բայց ամբողջ ուսանողությունն էստեղ էր ու ոչ միայն ուսանողությունը, այլև բոլոր հայտնի մարդիկ` Սևակը, Ֆրունզիկը, Հրաչյա Ներսիսյանը, Դավիթ Մալյանը…»:

Երբ տիկին Հռիփսիմեն թվարկում էր արվեստագետների և գրողների անունները, հանկարծ ձայն տվեց կողքի սեղանին նստած կնոջը. «Անուշ, ա՛յ  Անուշ, արի՛, ազիզ…»: «Ասա՛, քա՛ղցր»,- արձագանքեց տիկին Անուշն ու մոտեցավ:

Անուշ Վարդանյանը Գրողների միության մանկական բաժնի տնօրենն է, ինչպես նաև «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիրը: Նա հաճախ է այստեղ լինում, քանի որ, ըստ նրա, այս սրճարանը միակն է, որ պահպանում է հին Երևանի բույրը: «Բացի այդ, սրճարանը շատ մատչելի է, իսկ տիկին Հռիփսիմեն մոր, քրոջ պես է վերաբերվում իր հին հաճախորդներին,- ասում է նա,- եթե անգամ այդ պահին գումար չի լինում, հանգիստ ես, քանի որ կարող ես հետո էլ վճարել: Մի խոսքով, սա իսկական տուն է, դեռ տնից էլ լավ է, որովհետև տանը հոգնում ես, իսկ այստեղ միայն հանգստանում»:

Պարզ, համեստ այս սրճարանը գուցե արտաքին տեսքով չկարողանա մրցել երևանյան շքեղ ու նորաոճ սրճարանների հետ, սակայն ունի մի բան, որ չունի ոչ մի նորելուկ սրճարան` ջերմ ու անկեղծ մթնոլորտ, որտեղ բոլորն իրար ճանաչում են, ժպտում ու բարևում: «Կազիրյոկի» հավատարիմ հաճախորդները, անգամ Սփյուռքից, երևանյան սրճարանային բազմության մեջ շարունակում են իրենց մի գավաթ սուրճն ու ընկերական զրույցը վայելել հենց այստեղ` վերհիշելով հին և բարի ժամանակները, իսկ սրճարանի տիրուհուն տեսնելիս հարազատի պես մոտենում են, սեղմում ձեռքը, հարցուփորձ անում:

Ճիշտ է, կոմերցիոն առումով էլ է սրճարանը զիջում մյուսներին, բայց տիկին Հռիփսիմեն չի դժգոհում. «Էստեղ ավելի շատ գալիս են զրուցելու, քան առևտուր անելու,- ներողամիտ ժպիտով ասում է նա,- բայց հո ամեն ինչ փողով չի՞ որոշվում…»:

Տիկին Հռիփսիմեն հավատարիմ ու վստահելի ընկեր է ոչ միայն իր հաճախորդների, այլև իր աշխատողների համար: Այսօր դժվար է պատկերացնել մի «շեֆի», որը աշխատողների հետ հավասար գործ անի:  «Աման էլ եմ լվանում, տեսնում եմ` նեղն են, չեն հասցնում, օգնում եմ: Ի՞նչ կա դրա մեջ»,-զարմանում է նա:

Զարմանալի է, քանի որ մեր օրերում սրճարանի տերերն իրենց «օբյեկտում» երևում են հիմնականում փափուկ բազկաթոռի մեջ մխրճվելու և «ախպեր-տղերքի» հետ սուրճ խմելու համար: Մինչդեռ «Կազիրյոկի» տիրուհին չի ամաչում աշխատելուց, հավատում է, որ աշխատանքն իսկապես գեղեցկացնում է մարդուն, ու ավելացնում, որ պետք է լավ աշխատել և բարեխիղճ լինել: «55 տարի ամեն օր աշխատել եմ, երբեք հանգստի չեմ գնացել: Կհավատա՞ք, Երևանից դուրս չեմ եկել: Շատ ժամանակ որդուս դասատուն իր տուն է տարել, գիշերը գնացել-վերցրել եմ,- հիշում է տիկին Հռիփսիմեն և հուզված, աչքերի արտասուքը սրբելով շարունակում,- ես կյանքի ոչ մի բարիքից չեմ օգտվել, բայց դրա փոխարեն կարողացել եմ իմ երեխաներին ու թոռներին լավ կրթության տալ, չհաշված, որ էսքան մեծ հարգանք եմ վայելում. դա էլ իմ վաստակն է»:

Բոլորը կարող են երազել քաղաքի ամենագեղեցիկ ու բանուկ մասում այսպիսի մի  սրճարան ունենալու մասին, կարող են նույնիսկ նախանձել, բայց տիկին Հռիփսիմեն հիշեցնում է` ինքն այս ամենին հասել է 21 տարեկանից սկսած գիշեր-ցերեկ աշխատելու գնով. «էստեղ իմ ամբողջ կյանքն եմ դրել,- ասում է նա,- թող նախանձելու փոխարեն իրենք էլ ստեղծեն: Բոլորն ուզում են, որ վերևից տանձն ընկնի իրենց բերանը: Ո՞վ ասաց, որ աշխատանք չկա: Սուտ է, կա աշխատանք, թող չարչարվեն, ձգտեն ու կհասնեն իրենց ուզածին»:

Ի՞նչ կլինի իրենից հետո «Կազիրյոկի» ճակատագիրը, կշարունակի՞ այն մնալ որպես Երևանի հին ու բարի հուշ, կպահպանի՞ արդյոք իր մշակութային ոգին` չի կարող ասել անգամ ինքը` տիկին Հռիփսիմեն. «Ես ի՞նչ իմանամ, թե ինձանից հետո ինչ կլինի, իմ թոռներն էլ են այսօրվա երիտասարդներից, նրանք էլ են ուրիշ կերպ մտածում…»:

Իսկ քանի դեռ կա տիկին Հռիփսիկը, «Կազիրյոկը» կշարունակի հին ավանդույթները` բոլոր արվեստագետներին, գրողներին, մշակութային գործիչներին հրավիրելով մի բաժակ սուրճի ու անկեղծ զրույցի: Իսկ սրճարանի  բարի, համեստ ու հասարակ տիրուհին կշարունակի ամեն օր առավոտյան գալ աշխատանքի և ուշ երեկոյան հոգնած վերադառնալ տուն:

 

Դիտվել է 2029 անգամ:
Print Friendly

Leave a Reply