Տխուր վիճակ տարիներ շարունակ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | August 3, 2011 7:00

Մեր երկրի ֆուտբոլային ակումբներն անփառունակ ավարտեցին մրցելույթները եվրոպական գավաթային մրցաշարերում: Պայքարի ոլորտ ներգրավված հայկական  չորս թիմերից ոչ մեկը չկարողացավ անգամ մեկ քայլ առաջ անցնել: Ընդ որում,  «Փյունիկը» և «Միկան» ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների ու Եվրալիգայի մրացաշարերում որակավորման երկրորդ փուլից էին պայքարի ոլորտ ներգրավվել: Իսկ «Բանանցը» և «Ուլիսը» Եվրալիգայի մրցաշարում խաղում էին որակավորման առաջին փուլից: Եվ խայտառակ արդյունքներ արձանագրվեցին:

Մեր թիմերն անցկացրած 8 խաղից միայն մեկն ավարտեցին ոչ-ոքի, մյուսները տանուլ տվեցին, խփեցին 2 գնդակ և բաց թողեցին 18-ը: Ընդ որում, Հայաստանում կայացած հանդիպումներում մեր թիմերը ոչ մի անգամ չկարողացան գրավել մրցակիցների դարպասը: Արդյունքն այն է, որ  ՈւԵՖԱ-ի մրցաշարերի մասնակից ակումբների  գործակիցների աղյուսակում Հայաստանը 47-րդից նահանջեց 50-րդ հորիզոնական: Իսկ դա նշանակում է, որ 2013-ին Չեմպիոնների լիգայի մրցաշարը մեր երկիրը  սկսելու է որակավորման 1-ին փուլից, որում մեր թիմի մրցակիցը կարող են լինել Ֆարերյան կղզիների, Անդորրայի կամ Սան Մարինոյի չեմպիոնները, այսինքն` ամենաթույլերը: Ընդ որում, դժվար է ասել, թե նույնիսկ այդ պարագայում Հայաստանի չեմպիոնը կկարողանա՞ հաղթահարել  գեթ մեկ արգելք: Փաստն այն է, որ  եվրոպական ակումբային մրցաշարում առաջ շարժվելու փոխարեն հետ ենք գնում: Ակումբային ֆուտբոլում գործակիցների հաշվարկման մեխանիզմը շատ թափանցիկ է: Ամեն երկրից  Եվրոպայի չեմպիոնների լիգայի, Եվրալիգայի մրցաշարերի մասնակցած ակումբների վաստակած ընդհանուր միավորների քանակը բաժանվում է դրանց թվի վրա: Առաջին փուլերում հաղթանակի համար  թիմերը ստանում են 1, իսկ ոչ-ոքիի համար` կես միավոր: Իսկ 2-րդ փուլից սկսած` արդեն նշված թվերը կրկնապատկվում են, հաջորդ փուլ դուրս գալու դեպքում էլ տրվում է լրացուցիչ 1 միավոր: Վերջին հինգ տարիների գործակիցների գումարով էլ երկրները տեղաբաշխվում են աղյուսակում, որի հիման վրա հետագայում կատարվում է վիճակահանությունը:

Ի դեպ, կարող ենք նախանձել մեր սահմանակից երկրներին, քանի որ պայքարը շարունակող թիմեր ունեն: Եվրալիգայի որակավորման երկրորդ փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարել են Վրաստանը ներկայացնող Ռուսթավիի «Մետալուրգը», Թբիլիսիի «Դինամոն», Ադրբեջանի Աղդամը ներկայացնող «Ղարաբաղը»:

Ընդ որում, մեր թիմերի հետ կատարվածն ամենևին էլ պատահականությանը չի կարելի վերագրել:

Ուշագրավ է, որ Հայաստանի առաջնության մասնակից թիմերի կեսը` 4-ը խաղալու հնարվորություն են ստանում եվրոպական գավաթային մրցաշարերում: Ոչ մի երկրում Եվրոպա դուրս գալու հարցն այդպես հեշտ չի լուծվում: Բայց ամեն տարի գրեթե նույնը կրկնվում է, մերոնք վերստին հաստատում են, որ այդ ստուգատեսներում անմրցունակ են: Ընդ որում, վիճակագրական տվյալները գրեթե նույնն են: Օրինակ` 2009-ի մրցաշրջանում մեր ակումբները պարտվելով 1 գնդակ են խփել և 17-ը բաց թողել: Ինքնին հասկանալի է, որ որևէ թիմ հաջորդ փուլ դուրս գալ չէր կարող: 2010-ին էլ արձանագրվել է  1 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 5 պարտություն: Մրցակիցների դարպասն է խփվել 3, իսկ սեփականում բաց թողնվել 17 գնդակ:

Ֆուտբոլը նաև քաղաքանություն է, իսկ այսպիսի ֆուտբոլը մեզ պատիվ չի բերում: Փաստն այն է, որ ակումբների տերերը չեն ցանկանում համապատասխան ներդրումներ կատարել, արտասահմանից ֆուտբոլիստներ հրավիրել և լուրջ թիմեր մրցասպարեզ հանել եվրոպական գավաթային մրցաշարերում: Իսկ թե ինչքանով է ձեռնտու այդպիսի ֆուտբոլ ունենալը, թերևս միայն նրանց է հայտնի, քանի որ յուրաքանչյուրը մեծ շահեր ունի և հենց այնպես ֆուտբոլի համար փող չի ծախսում:

 

 

 

 

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply