Նորամուտ Սև ծովի ափին

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 31, 2011 15:00

Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականը Վրաստանի Ուռեկի ծովափնյա քաղաքում ուսումնմամարզական հավաք անցկացրեց, որից հետո մասնակցեց լողափնյա հանդբոլի միջազգային մրցաշարի: Փաստորեն, մեր մարզուհիները Սև ծովի ափին իրենց նորամուտը նշեցին մեզ համար էկզոտիկ համարվող այս մարզաձևում: Այդ ամենի մասին, ինչպես նաև, թե ինչ նպատակ է հետապնդում լողափնյա հանդբոլը մեր երկրում արմատավորելը, զարգացնելը, այդ առումով ինչպիսի հեռանկարներ կան, խնդրեցինք տեղեկացնել Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հարություն Մելքոնյանին:

– Նախ, Ուռեկիում հիանալի մարզաբազա է սարքավորվել, որը ծառայում է ոչ միայն լողափնյա հանդբոլին, այլև ֆուտբոլին: Այն մարզիկների, մարզիչների հիանալի կացարան ու ճաշարան ունի: Եռօրյա ուսումնամարզական հավաքի  ընթացքում ամեն օր մեր մարզուհիները, մարզիչ Աստղիկ Գյուրջինյանի ղեկավարությամբ,երկու պարապմունք էին անցկացնում: Հավաքականի կազմում 16-17 տարեկան մարզուհիներ էին: Սա այն թիմն է, որի հետ  մեծ հույսեր ենք կապում:  Եկող տարի այն մասնակցելու է դասական հանդբոլի  «Չելենջ տրոֆի» միջագային մրցաշարին: Իսկ սեպտեմբերին հանդես կգա լողափնյա հանդբոլի այդ տարիքի խաղացողների Եվրոպայի առաջնությունում, որը կայանալու է Բաթումում: Փաստորեն,  այդ ստուգատեսների  նախապատրաստական փուլն էր: Ինչ վերաբերում է լողափնյա հանդբոլին, ապա այժմ  լողափնյա մարզաձևերն արագորեն տարածվում են, մի մասն արդեն  օլիմպիական գրանցում է ստացել: Ակնկալվում է, որ լողափնյա հանդբոլն էլ այդպիսի կարգավիճակ կստանա:

Ի դեպ, այդ օրերին Բաթումում անցկացվում էր լողափնյա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, իսկ  Ուռեկիում առաջին  անգամ կազմակերպված լողափնյա հանդբոլի միջազգային մրցաշարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ու տոնակատարության էր վերածվել: Շատ էին մեզ շրջապատող հայերը` եռագույն դրոշներով: Եվ  մեր երկրից հանգստանալու եկածները խաղերի ժամանակ փորձում էին քաջալերել Հայաստանի թիմին: Զուգահեռ նաև տղամարդկանց թիմերի մրցաշար էր անցկացվում: Ի դեպ, նախապես խոստացել էին մրցաշարի մասնակիցներ գործուղել նաև Ադրբեջանի ներկայացուցիչները: Դժվարանում եմ ասել, թե ինչն էր պատճառը,  որ նրանք այդպես էլ մրցավայր թիմեր չուղարկեցին, թերևս մեր երկրի ներկայացուցիչների ներկայությունը: Իսկ  ըստ հայտարարութան` վերջին պահին անձնագրերի հետ կպված խնդիրներ են առաջացել:

Լողափնյա հանդբոլն անծանո՞թ էր մերոնց:

– Անցյալ տարի Հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիան մասնագետ էր գործուղել Հայաստան: Եվ Սևանի ափին  սեմինար կազմակերպվեց, ուսումնամարզական հավաք անցկացվեց: Բայց թե գործնականում ինչ պետք է արվի մրցման ընթացքում, մերոնք առաջին անգամ էին  բացահայտում: Հայաստանի ընտրանին առաջին հանդիպումում մեկ միավորի տարբերությամբ` 8:9, 8:9 հաշվով  զիջեց Փոթիի հավաքականին: Ընդ որում, մրցավարները կոպիտ սխալներ թույլ տվեցին ի վնաս մեզ: Բայց դրանք միտումնավոր չարվեցին: Բանն այն է, որ մրցավարների համար էլ այս մարզաձևը նորություն է, նրանք քաջատեղյակ չէին կանոններին, իսկ դրանք լողափնյա հանդբոլում էապես տարբերվում են այս մարզաձևի դասական մրցումներում կիրառվողներից: Լողափնյա հանդբոլում առաջին կեսի հաղթողը մեկ միավոր է ստանում, երկրորդ կեսինը` նույնպես: Իսկ եթե հաշիվը հավասար է, ապա  թիմերից յուրաքանչյուրին տրվում են 4-ական տուգանային նետումներ: Խաղացողը, գնդակն իր թիմի դարպասապահից ստանալով, գրոհում է մրցակցի դարպասը: Եթե նա, օդային փոխանցումով գնդակը ստանալով, անմիջականորեն է գրավում մրցակցի դարպասը, 2 միավոր է տրվում, բայց եթե քայլեր կատարելուց հետո է գնդակը  դարպասն ուղարկում, ապա շնորհվում է 1 միավոր, և այլն: Փաստորեն, շատ բան նմանվում է շոուի, և մրցավարների վճռից  է կախված, թե քանի միավոր է տրվում:

Ինչևէ, հավասար պայքարում մերոնք զիջեցին: Եվ քիչ էր մնում, որ լողափում խաղի ընթացքին հետևած մեր հայրենակիցները հաշվեհարդար տեսնեին վրիպումներ թույլ տված մրցավարների հետ: Ի դեպ, մեր հավաքականը երիտասարդական կազմ ուներ, մինչդեռ մրցակից բոլոր թիմերում էլ տարեց խաղացողներ էին: Վրաստանը մինչև 17 տարեկանների հավաքական չուներ: Ընդ որում, եթե մեր ուժեղագույններից թիմում ընդգրկեինք 27-ամյա Արմինե Անտոնյանին, որ  անցած տարի «Չելենջ տրոֆի» մրցաշարում լավագույն ռմբարկու և խաղացող է ճանաչվել, ապա Հայաստանի հավաքականի ներուժը կբազմապատկվեր: Սակայն ցանկացել էինք, որ մեր երիտասարդ խաղացողները միայն իրենց ուժերին ապավինեն: Եվ ոչ միայն մեր, այլև վրացի մասնագետների համոզմամբ, անկախ արդյունքից, մեր թիմն իր պատրաստվածության մակարդակով հիանալի տպավորություն է թողել: Թբիլիսիի հավաքականին առաջին կեսում մերոնք հաղթեցին 8 գնդակի առավելությամբ: Երկրորդ կեսում դարձյալ մրցավարական  վրիպումներ եղան, և մերոնք պարտվեցին մեկ գնդակի տարբերությամբ: Հաշիվը դարձավ 1:1: Իսկ լրացուցիչ նետումներով Հայաստանի հավաքականը բացահայտ առավելություն ուներ` 4:0: Թբիլիսիի հավաքականն էլ հաղթեց Փոթիի ներկայացուցիչներին: Այսպիսով, առաջին տեղի համար պետք է պայքարեին Հայաստանի և Թբիլիսիի հավաքականները: Սակայն որպեսզի գրավչություն լինի, կազմակերպիչները խնդրեցին, որ մերոնց դեմ դուրս գա Թբիլիսիի և Փոթիի միացյալ, այսինքն` Վրաստանի հավաքականը: Այդ հանդիպումը տանուլ տալով` մերոնք, ի վերջո, զբաղեցրին երկրորդ հորիզոնականը:

Ի դեպ, Հայաստանի հավաքականը դասական հանդբոլի հանդիպում անցկացրեց Փոթիի հավաքականի հետ, որի կազմն ուժեղացրել էին Վրաստանի մյուս քաղաքների հավաքականների խաղացողները: Թեև մերոնք  պարտվեցին 6 գնդակի տարբերությամբ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մերոնք մրցել են իրենցից տարիքով մեծ, փորձառու, եվրոպական մրցաշարերում հանդես եկած խաղացողների հետ, ապա արդյունքը գոհացնող է: Կարևորն այն է, որ սեղմ ժակետում մեր ընտրանին ուսումնամարզական պարապմունքներ և 4 խաղ անցկացրեց, ինչը կարևոր է մրցակցային փորձ կուտակելու, հանդբոլիստուհիների ֆիզպատրաստականության մակարդակը բարելավելու համար: 7-ի փոխարեն Վրաստան էր ուղևորվել11 մարզուհի: Անկախ ամեն  ինչից, ուսումնամարզական հավաքը և մրցաշարի մասնակցությունը շատ օգտակար էին, քանի որ մեր երկրի ներկայացուցիչները դրսում  միջազգային մրցաշարերի հազվադեպ են մասնակցում: Սեպտեմբերին Բաթումում անցկացվելու է լողափնյա հանդբոլի միջազգային մրցաշար, որում խաղալու են արտասահմանյան  մեկուկես տասնյակ երկրների, այդ թվում` Նորվեգիայի, Դանիայի, Բելառուսի, Ուկրաինայի մինչև 17 տարեկանների հավաքականները: Այդ ստուգատեսում հանդես գալու հրավեր են ստացել նաև Հայաստանի ներկայացուցիչները: Փաստորեն, 2012-ին Բաթումում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ դա կլինի ստուգողական մրցաշար: Եթե նախկինում դժվար էր ասել, թե ինչ ներուժ ունենք, ապա այժմ ակնհայտ է, որ հանդբոլիստուհիների թիմով կարող ենք ակնկալիքով մասնակցել հին աշխարհամասի առաջնությանը: Բացի այդ, սեպտեմբերին մինչև 17 տարեկան պատանիների  միջազգային մրցաշար է անցկացվելու Քութաիսիում: Հնարավոր է, որ  մերոնք նույնպես խաղան: Ի դեպ, 2015-ին Թբիլիսիում «Եվրոպայի երիտասարդական  օլիմպիական օրեր» փառատոնի ծրագրով անցկացվելու  է հանդբոլի մրցաշար, որին նույնպես պետք է պատրաստվել:

Փաստորեն, լողափնյա հանդբոլը նոր է Եվրոպայում տարածվում: Կարելի է ասել, որ տարբեր երկրների հավաքականների կարողություններն իրարից շատ բանով չեն տարբերվում:

– Ինչ-որ  չափով այդպես է, բայց մեզ հետաքրքրողը մեր անելիքն է: Առաջիկայում լողափնյա հանդբոլի կանոնների մասին գրքույկ կպատրաստվի և կբաժանվի Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի մասնագետներին, շահագրգիռ անձանց: Հատկապես Գեղարքունիքի մարզում լողափնյա հանդբոլը զարգացնելու մեծ հնարավորություններ կան:

Ինչ խոսք, լավ է, որ դրսում մերոնք ուսումնամարզական հավաք են անցկացրել, միջազգային մրցումների մասնակցել: Բայց Հայաստանում ե՞րբ պայմաններ կլինեն, որպեսզի նույն բանն այստեղ կատարվի:

– Սևանի ափին` Մարտունիում, մարզաբազա է սարքավորվում:

 

Դիտվել է 1637 անգամ:
Print Friendly

Leave a Reply