Մաշկի մաքրությունը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | August 10, 2011 7:00

Բնականաբար, բոլոր կանայք, անկախ տարիքից, կամենում են գերազանց տեսք ունենալ: Մաշկի մաքրությունն արտացոլում է առողջությունը: Ցավոք, մեր էկոլոգիական ու կլիմայական պայմաններում դժվար է պահպանել մաշկի լավ տեսքը, սակայն հնարավոր է: Ամեն ինչ կախված է մեզանից, ժամանակից ու ցանկությունից: Մաշկն այն  թաղանթն է, որը պաշտպանում է օրգանիզմը մանրէներից, վնասվածքներից, տաքացումից ու սառեցումից: Պետք է պարզապես մաշկին փոքր-ինչ օգնել արտաքին անբարենպաստ պայմաններին դիմակայելու համար: Ի՞նչն է խանգարում, որ մեր մաշկը լինի հարթ, մաքուր ու գեղեցիկ: Ի՞նչն է այդպես փչացնում մաշկի տեսքը:

Հիմնականում փչացնում են բծերը, կորյակները, ճարպագնդերը, յուղոտ փայլը, լայնացած անցքերն ու մազանոթային ցանցերը:  Փաստորեն անպետք ու անհաջող երևույթների մի ամբողջ ճամպրուկ է հավաքվում, որից տհաճություն  է զգում մաշկի տերը: Մաշկը սկսում է փչանալ հաունացման ու դեռահասության շրջանում: Մեզանից յուրաքանչյուրն աշխատում է այդ փուլն արագ անցնել, քանի որ այդ անհասկանալի գոյացությունները խանգարում են անձնական կյանքին ու երբեմն հանգեցնում բարդույթների: Կարևոր է այդ ամենին վերաբերվել ինչպես, ասենք, ջրծաղիկ հիվանդությանը: Չէ՞ որ բոլորը գիտեն, որ ողջ կյանքի ընթացքում հիվանդանում են մեկ անգամ: Պզուկներն ու կորյակները նույնպես կյանքում պատահում են մի շրջանում ու այլևս չեն կրկնվում: Սակայն դա իհարկե չի նշանակում, որ խնամելու կարիք չկա: Խնամքի պակասը կարող է հանգեցնել հիվանդության, որը հետագայում բուժել այլևս անհնար կլինի: Առաջին խորհուրդը հետևյալն է:

Որպեսզի մաշկը ճիշտ շնչի ու պահպանի գեղեցկությունը, պետք է  հետևել որոշակի սննդակարգի ու անպատճառ սննդաբաժնի մեջ ներառել բանջարեղեն, մրգեր ու ձուկ: Բացառեք յուղալի, աղի, ապխտած, կծու, ինչպես նաև գազավորված ըմպելիքները: Քաղցրակերները պետք է սահմանափակեն  քաղցրն ու խմորեղենը: Մի մոռացեք նաև ալկոհոլային խմիչքների  ու ծխախոտի մասին, որոնք նպաստում են մաշկային ցանին: Շատ կարևոր է քունը, պարզ, սովորական ջրի կիրառումը, զբոսանքը մաքուր օդին:

Տեղին է հիշել մեր տատիկների խնամքի միջոցները. օգտակար են գոլորշիով, երիցուկով, սոխի ու մեղրի դիմակները: Բարերար ազդեցություն է ունենում կաթով խառնած վարսակաձավարի (հերկուլեսի) դիմակը, որը մաքրվում է երիցուկի թուրմով: Կարելի է լվացվել նաև մաղադանոսի եփուկով: Պիգմենտային բծերից ու պեպեններից կօգնի ազատվել կիտրոնը. կտրած շերտերը 10 րոպե դրեք դեմքին,  կիտրոնը ոչ միայն սպիտակեցնում է, այլև ձգում ու սնուցում է մաշկը:

Սակայն չի բացառվում, որ թվարկված ոչ մի միջոց ձեզ չօգնի, այդ դեպքում անպայման պետք է խորհրդակցեք բժշկի հետ:

 

Դիտվել է 3913 անգամ:
Print Friendly

Leave a Reply