Փորկապություն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 30, 2011 7:04

Մինչև մարդն իր կյանքը ևս մեկ կենցաղային հայտնագործությամբ կզարդարեր,  կարելի է ասել, առողջ կենսակերպ էր վարում: Թվում է, թե հայտնագործությունը չնչին բան էր, սակայն մարդկության կյանքը շատ փոխեց: Մեր նախնին իր պետքերը թփերի մեջ էր բավարարում կամ` մութ անկյուններում: Զուգարանակոնքը հայտնագործելու վտանգը թերևս կարելի է ատոմային ռումբի հետ համեմատել, այն իմաստով, որ մարդկանց մոլորության մեջ է գցել: Փորձենք բացատրել` ինչու. երբ մարդն իր մարմնի ծանրությամբ դիրքավորվեց զուգարանակոնքին կամ, ինչպես կատակով ասում են, տնքաթասին, նրա մկանների բոլորովին այլ խումբ սկսեց լարվել այն մկանների փոխարեն, որոնք պատասխանատու են կղանքի արտամղման համար. փաստորեն,  վերջիններս անգործության մատնվեցին:

Բացի այդ, մարդիկ սկսեցին շատ ուտել, փափուկ քնել ու քիչ շարժվել, ուստի շատերի համար այդ «դուրսբերման» պրոցեսը շատ դժվարացավ: Որոշ տվյալների համաձայն` աղիքների դատարկումը պետք է հերթագայի սնունդ ընդունելու գործընթացին: Իսկ մենք կարծում ենք ու հարմարվել ենք այն մտքին, որ եթե օրական գոնե մեկ անգամ «դատարկվում ենք», դա նույնիսկ  գերազանց ցուցանիշ է: Իսկ սնունդ ընդունելուց հետո ամեն անգամ կեղտոտում են երեխաները, յոգերը, նրանք, ովքեր հեռու են քաղաքակրթության հրաշքներն ըստ արժանվույն գնահատելուց ու շարունակում են մեր նախապապերի «լավագույն ավանդույթները»:

Եթե «դատարկման» վերոնշյալ տարբերակները (օրական գոնե մեկ անգամ) ձեզ ծանոթ չեն ու օրական մեկ անգամն էլ կարծես  չի ստացվում, կնշանակի փորկապություն ունեք, ինչի պատճառները բազում են, սակայն ավելի շատ պայմանավորված են լյարդի ու մարսողական տրակտի գործունեությամբ: «Ծույլ» աղիքներն աշխատեցնելու համար պետք է մի քիչ ուշադրություն հատկացնել այդ խնդրին: Թուլությունը (աթոնիա) կարող է  սննդակարգում  բջջանքի  պակասի ու անբավարար հեղուկի հետևանք լինել: Սթրեսն ու ֆիզիկական վարժությունների պակասը նույնպես կարող է հանգեցնել փորկապության:

Նախ ասենք, որ հասուն մարդու օրաբաժնում ամենաքիչը պետք է 6 բաժակ հեղուկ  լինի: Իսկ  օրգանիզմին բջջանք են «մատակարարում» ամբողջահատիկ (թեփը չհանած) հացահատիկները, մրգերն ու բանջարեղենը: Շատ բջջանք են պարունակում լոբազգիները, սև սալորը, թուզը, չամիչը, ծիրանը, եգիպտացորենի փաթիլները, վարսակաձավարը, տանձը և ընկույզը: Մի նախազգուշացում. որպեսզի գազերից չտանջվեք, սննդաբաժնում  հյուսվածքամթերքն ավելացրեք աստիճանաբար: Ֆիզիկական վարժությունները նպաստում են, որ սնունդն առաջ շարժվի աղիքներով: Սակայն դա չի նշանակում, որ անմիջապես ուտելուց հետո պետք է զբաղվեք սպորտով: Սթրեսը նույնպես փորկապության պատճառ կարող է լինել: Կօգնի լիաթոք ծիծաղը: Զգուշացեք այն սննդատեսակից, որից արդեն նկատել եք, որ փորկապություն է առաջանում: Հաճախ  պանիրը, կաթը, բրինձը, արմավն են պատճառ դառնում փորկապության: Կաթնամթերքի ողջ տեսականին պարզապես կարելի է «տոնական» համարել աղիքների համար: Սակայն հիշեք, որ օրինակ` 2 օրվա, ոչ թարմ մածունը հակառակ ազդեցությունն ունի, քանի որ այն  պնդացնող հատկություն ունի: Ոմանց մոտ փորկապություն է առաջանում սովորական իրավիճակի փոփոխության հետ կապված, ասենք հյուր եք գնացել, գործուղման մեջ եք կամ էլ հիվանդ եք: Այդ դեպքում  պետք է ընդամենը մի բուռ  թրջած չիր ուտել կամ էլ 1-2 խնձոր: Իսկ եթե երեկոյան քնելուց առաջ մի բաժակ թարմ (նույն օրվա) մածուն կամ կեֆիր խմեք ու առավոտյան  դեռևս անկողնում պառկած մի քիչ շփեք փորը, վեր կենալուց  հետո էլ մի բաժակ  կիտրոնով ու մեղրով գոլ ջուր խմեք, ապա  փորկապության մասին կարող եք մոռանալ ընդմիշտ:  Եթե ձեռնարկված միջոցները չօգնեն, վերանայեք ձեր մթերքի զամբյուղը: Եթե 2-3 օր զուգարան չեք մտել, ուրեմն պետք է հոգնա անել կամ էլ գլիցերինային մոմիկներ  օգտագործել: Իսկ եթե այն շարունակում է  դառնացնել ձեր կյանքը, կարելի է շաբաթական մեկ անգամ թուլացնող միջոց կիրառել, սակայն  այն ժամանակ միայն, եթե այլևս ոչ մի բնական միջոց չի օգնում:

 

Դիտվել է 7384 անգամ:
Print Friendly

Leave a Reply