Բնական աղետների ռիսկերի նվազեցումը միտված է մարդկային և բնապահպանական ռեսուրսների ակտիվի պահպանմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | July 29, 2011 7:30

Բնական աղետների հետևանքով առաջացած կորուստները հետզհետե աճում են` մարդկությանը կանգնեցնելով լուրջ մարտահրավերների առջև: Երկրաշարժ, ջրհեղեղ, սողանք, սելավ, ձնհալ, փոթորիկ, կարկուտ և այլն. սրանք բնական աղետներ են, որոնք լուրջ հետևանքներ են ունենում մարդկանց, հատկապես աղքատ մարդկանց գոյատևման և կենսագործունեությունն ապահովելու համար ձեռք բերված միջոցների վրա:

Մարդկությունը պարբերաբար ծրագրեր է մշակում և իրականացնում աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Աղետների նվազեցման  համաշխարհային համաժողովը տեղի  է ունեցել 2005 թ. Ճապոնիայում ` Հյոգո քաղաքում, որտեղ ընդունվել է  2005-2015 թթ. աղետներին դիմակայելու ունակությունների զարգացման ծրագիր:

Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության բաժնի աղետների նախապատրաստման ծրագրի ֆինանսավորմամբ  2010-2011 թթ. Հայաստանի չորս մարզերում իրականացվեց աղետների ռիսկերի նվազեցման ծրագիր, որը Հայկական Կարմիր խաչ ընկերության, «Օքսֆամ Մեծ Բրիտանիայի» հայաստանյան մասնաճյուղի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ) հայաստանյան գրասենյակը:

Մարզերն ընտրվել են Ազգային վիճակագրական տվյալների հիման վրա, համաձայն որոնց` 2003-2007 թթ. եղած  աղետների մոտ 60 տոկոսը բաժին է ընկնում Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին: «Տարածված կարծիք կա, որ եթե դու աղետներով չզբաղվես, աղետները քեզնով կզբաղվեն,- ծրագրի արդյունքները ներկայացնելիս ասաց «Արտակարգ ալիք» լրատվական գործակալության տնօրեն Նիկոլայ Գրիգորյանը:- Ես համոզված եմ, որ եթե այս դասընթացները ժամանակին լինեին, Գյումրիում այդքան զոհեր չէինք ունենա»:

1988 թ. երկրաշարժի  հետևանքով եղել է 25 հազար զոհ:

Ծրագրային գործողություններն իրականացվել են մի քանի ուղղություններով` աղետների ռիսկի նվազեցման քաղաքականության մեջ երեխաների կարիքների և երեխաների իրավունքների, ինչպես նաև ազգային կրթական համակարգի համատեքստում աղետների ռիսկի նվազեցմանն առնչվող խնդիրների արտացոլում:

Ծրագրի ընթացքում Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիք և Վայոց ձոր մարզերում ուսուցանվել է մոտ չորս հազար երեխա, իսկ դպրոցական հաստատություններն արդեն ապահովված են աղետների ռիսկի նվազեցման պատրաստվածությամբ:

«Օքսֆամ Մեծ Բրիտանիա» հայաստանյան գրասենյակը ծրագիրն իրականացրել է Վայոց ձորի 10 համայնքներում:  Ծրագրում ընդգրկված համայնքների 60 ուսուցիչների համար իրականցվել են «Առաջին օգնություն» և «Աղետների ռիսկերի նվազեցում» թեմաներով մեկօրյա դասընթացներ:  Բոլոր դասընթացների ժամանակ ստեղծվել է աղետի արհեստական վիճակ և բացատրվել, թե ինչպես պետք է երեխան գործի տվյալ աղետային իրավիճակում:

«Ես համոզված եմ, որ այն երեխաների թիվը, որոնք նախկինում գաղափար չեն ունեցել սրանից, կրկնապատկված է,- ասաց Գրիգորյանը,- որովհետև երեխաները միմյանց փոխանցում են գիտելիքները»:

Եվրամիության պատվիրակության առաջին խորհրդական Օննո Սիմոնսը նշեց, որ մի փոքր չարագույժ է հնչում, երբ խոսում են դպրոցականների շրջանում աղետների նախապատրաստման մասին. «Սակայն երբեք չես իմանա, թե երբ կամ որտեղից կգա աղետը, այդ պատճառով էլ պետք է լավ նախապատրաստվել»:

Եվրոպայի  Միությունը 1996-ից աշխարհի այն երկրներում, որտեղ աղետի ռսիկեր կան, նմանօրինակ ծրագրեր է իրականացնում:  2010-2011 թթ. իրականացված այս ծրագիրը տարածաշրջանային է, որն իրականացնելու համար ծախսվել է 2 մլն եվրո:

 

 

 

 

Դիտվել է 2358 անգամ:
Print Friendly

Leave a Reply