Կարեն էլչյան. «Եթե հայկական եկեղեցիների վերադարձման հետ կապված վախը չլիներ, Վրաստանը վաղուց կարգավիճակ կտար բոլոր կրոնական համայնքներին»

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | July 29, 2011 14:00

«Անկախի» հարցազրույցը թիֆլիսահայ երիտասարդ ակտիվիստ, Վրաստանի հայկական համագործակցության կենտրոնի նախագահ Կարեն Էլչյանի հետ:

Պարոն Էլչյան, ի՞նչ փոխեց վրացահայության համար Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն կարգավիճակ տալը:

– Մենք 20 տարի սպասել էինք կրոնի մասին օրենքին, որը գոյություն չուներ Վրաստանում,  և 20 տարի անց պետությունը ընդունեց ոչ թե օրենք, այլ փոփոխություններ կատարեց քաղաքացիական օրենսգրքում: Այս փոփոխությունը ենթադրում է, որ կրոնական միավորումներին թույլատրվում է ստանալ իրավաբանական անձի կարգավիճակ, բայց դրանով նրանց չի տրվում  սեփականության իրավունք. այսինքն` եկեղեցիների հարցը չի լուծվում: Նման է մի վիճակի, երբ մարդուն տալիս են անձնագիր, բայց նա քաղաքացի չի դառնում. աբսուրդ է: Սակայն փոփոխությունը ընդունելուց հետո էլ պետությունը ստիպված գնաց որոշ զիջումների` տեղի տալով եկեղեցու ճնշումներին: Տեղի ունեցավ եկեղեցու սինոդի ժողովը, որտեղ ինչ-որ կոմպրոմիսային լուծումների գնացին: Ու հիմա հավանաբար պառլամենտն ու եկեղեցին կմշակեն ինչ-որ մեկնաբանություն այդ փոփոխության վերաբերյալ, որից մեզ հաստատ ոչ մի լավ բան չի սպասում:

Ինչո՞վ է պայմանավորված վրաց եկեղեցու նման լուրջ դիմադրությունը:

– Վրաց եկեղեցին շատ լուրջ դեր ունի վրացական հասարակության ներսում, ընկալվում է որպես վրացիների ինքնությունը, ավանդույթները, շահերը պաշտպանող ամենաազգային կառույց: Նա չի ուզում կորցնել իր դե յուրե և դե ֆակտո մոնոպոլիստ դիրքը և մյուս եկեղեցիներին էլ շատ իրավունքներ տալ: Բայց  նրանց միտինգների, ցույցերի ամենաառաջին պատճառը հայկական եկեղեցիների հարցն է: Հայ Առաքելական եկեղեցին պահանջում է վերադարձնել վրացիների կողմից արհեստականորեն վիճելի հայտարարված 6 հայկական եկեղեցիները` 5 եկեղեցի Թիֆլիսում և մեկն էլ Ախլցխայում (չնայած իրականում Թիֆլիսում 6-ն  են): Սակայն վրացիները ոչ միայն մտածում են անտեր մնացած այս եկեղեցիների վերադարձման մասին, այլև վախենում են, որ հայերը կպահանջեն վերադարձնել արդեն իսկ վրացացված հայկական եկեղեցիները:

Խնդիրն այն է, որ  XX դարասկզբին Թիֆլիսում նվազագույն հաշվարկով 24 հայկական եկեղեցիներ կային: Խորհրդային շրջանում մի շարք եկեղեցիներ փակվեցին, անկախության տարիների ընթացքում Հայ առաքելական եկեղեցին ոչինչ չարեց, ու այդ անտեր մնացած եկեղեցիները, որոնք կա՛մ ուղղակի փակ էին, կա՛մ աղբով էին լցված, կա՛մ ծառայում էին կենցաղային նպատակներով, վրացական եկեղեցին պաշտոնապես փոխանցեց վրացիներին: Այսօր Թիֆլիսում մնացել է 6 չգործող եկեղեցի: Եթե ժամանակին դրանք փոխանցվեին իրենց տիրոջը, այսինքն` Հայ առաքելական եկեղեցուն, Մուղնու Սուրբ Գևորգ և Կարմիր Ավետարան եկեղեցիները չէին քանդվի: Իսկ եթե այդ իրենց կողմից վիճելի համարվող եկեղեցիների հարցը մի քանի տարի էլ ձգձգվի, ապա մի քանի տարուց այդ եկեղեցիներից կմնան  սոսկ ավերակներ, որովհետև այդ եկեղեցիներից միայն  2-ն են այսօր ամուր կանգնած. Նորաշենն է ամենալավ վիճակում և Սուրբ Նշանը, որի ներսում, սակայն, ամբողջությամբ աղբ ու փոշի է լցված: Եթե հայկական եկեղեցիների հարցը չլիներ, նրանք վաղուց կարգավիճակ կտային բոլոր համայնքներին և միգուցե ավելի բարձր կարգավիճակ, քան հիմա են տալիս:

Տխուր է, որ Վրաստանում, որը կոչվում է ժողովրդավարության կղզյակ Կովկասում,  միայն ուղղափառ եկեղեցին կարգավիճակ ուներ: Հիմա ընդունեցին այդ փոփոխությունը և կարգավիճակ տվեցին 5 եկեղեցու: Չնայած ընթացքում բոլորը մոռացան մյուս չորս եկեղեցիների ներկայացուցիչների` հրեաների, կաթոլիկների,մահմեդականների, բապտիստների մասին և ընկան հայերի հետևից:

Ինչո՞ւ այդ փոփոխությունը հատկապես հակահայկականության մեծ ալիքի տեղիք տվեց, ի՞նչ դեր ունի վրաց եկեղեցին այս հարցում:

– Այնպես չէ, որ հակահայկականության հիմնական քարոզողը վրաց եկեղեցին է: Վրաստանում հակահայկականությունը շատ տարածված է: Բայց  ուրախ եմ, որ վերջերս հայտնվեցին մի քանի վրացիներ, ովքեր սկսել են խոսել դրա մասին: Առաջ ոչ ոք չէր խոսում, որ Վրաստանում հակահայկականություն կա: Հակահայկականությունը վրացիների ինքնության մի մասն է դարձել:

Իսկ ինչպե՞ս է դրսևորվում:

– Դրսևորվում է նախ մամուլում: Վերջին մի շաբաթվա ընթացքում չկա մի թերթ, որ հայերի մասին վատ բան գրած չլինի: Մի քանի օր առաջ բացել էինք  նրանց թերթերից մեկը: Չեք հավատա, բայց 28 հոդվածից 20-ը հայերի մասին էր ու բնականաբար` հակահայկական բովանդակությամբ: Նույն կերպ հեռուստատեսային հաղորդումները, քաղաքական-հասարակական գործիչների, մտավորականների ու այսպես կոչված փորձագետների հայտարարությունները: Ասում են, թե «հայերը միշտ դավաճանել են վրացիներին», «հայերը միշտ գողանում են վրացական մշակույթը, վրացական հողերը, վրացական եկեղեցիները, երաժշտությունը, խոհանոցը», «հայերը մտածում են ծովից ծով Հայաստան ստեղծելու մասին», «հայերը սեպարատիստ են, ուզում են Ջավախքը խլել» ու այդպես շարունակ:  Ճիշտ է, չեմ լսել, որ  նրանց պետական բարձրաստիճան պաշտոնյաները վերջին երկու տարիների ընթացքում հայերի դեմ հրապարակային ինչ-որ հայտարարություն անեն, բայց մյուս բոլորի  շրջանում դա նկատելի է: Դա վերաբերում է նաև ազգափոխ, վրացացած հայերին,  որոնք ձուլվելով փորձում են իրենց ցույց տալ շատ ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապն է. համարում են, որ ինչքան շատ գոռան ընդդեմ հայերի, հայերին հայհոյեն, այնքան վրացի կդառնան:

Վրաստանում եկեղեցիներին կարգավիճակ տալը Հայաստանում մեկնաբանվում էր որպես հայկական կողմի դիվանագիտական հաղթանակ:

– Այս փոփոխության հարցում հայերի դերն իսկապես մեծ է եղել, քանի որ ամենաշատը բողոքում էր հայկական համայնքը, և այդ առումով ամենամեծ աջակցությունն էլ գալիս էր Հայաստանից: Բայց նաև եղել է ճնշում կաթոլիկ երկրներից, Վատիկանից, Թուրքիայից ու Ադրբեջանից,  նրանք աշխատում են ավելի գրագետ: Նրանք սուսուփուս լոբբինգ են արել: Հայերը դիվանագետ չեն, գոռում են` մենք պահանջում ենք: Դուք պետք է տեսնեիք` ինչ էր կատարվում Վրաստանում: Երբ ինչ-որ բան հայտարարում ես, պիտի սպասես արձագանքին: Ամեն խոսելուց հետո հայության իրավիճակն ավելի է վատանում, հակահայկականությունը նոր թափ է ստանում. բացասական արդյունքն ավելի մեծ է: Պետք է ավելի նուրբ ու գրագետ աշխատել: Շատ միջազգային կազմակերպություններ կան, որոնց կարելի է դիմել վրացահայության հարցերով, նրանց ռեսուրսը օգտագործել: Աշխատել Եվրոպայում և Ամերիկայում, որպեսզի նրանք վրացահայության խնդիրներով ճնշեն Վրաստանին:

Իսկ Հայաստանի կողմից ամեն ինչ ավարտվում է հայտարարություններով: Ասենք` վարչապետը հայտարարում է, որ պիտի վրացահայության խնդիրների հետ կապված հայեցակարգ մշակել: Անցել է 2 տարի, ու դեռ չի էլ մշակվել: Բայց կարելի է ոչ թե գոռալ այդ մասին, այլ լուռ հայեցակարգ մշակել ու աշխատել դրան համապատասխան, իսկ բարձրաձայն հայտարարել, որ մենք խնդիր չունենք վրացիների հետ: Ադրբեջանցիները ո՞նց են անում. հազարից մեկ ինչ-որ մեկը հայտարարություն անի իրենց իրավունքների խախտման մասին, խոսի մզկիթների խնդիրներից: Բայց դրա փոխարեն ադրբեջանական պատվիրակություններ են գալիս-գնում, բացում են ինչ-որ մշակույթի կենտրոն, բիզնես են սկսում, աշխատում են բնակչության հետ: Մի քանի տարի առաջ ադրբեջանցիները հայերի նման էին աշխատում, հետո նկատեցի, որ իրենց մոտեցումը փոխեցին: Հիմա ասում են` տեսնո՞ւմ եք` հայերը ինչ պահանջներ ունեն, սեպարատիստ են, ինքնավարություն են ուզում, մենք ինքնավարություն չենք ուզում, մենք խնդիր չունենք ձեզ հետ: Այսպես հարվածը տեղափոխում են հայերի վրա ու ընթացքում տակից աշխատում, բազմանում, վրացերեն սովորում ու իրենց ինքնությունն էլ չեն կորցնում: Հետո արդեն իրենց իրավունքների մասին կբարձրաձայնեն, երբ ավելի ուժեղ կլինեն:

Բայց Հայաստանում ու նաև Վրաստանում հայությունը մեղադրում էր իշխանություններին, որ չեն բարձրաձայնում վրացահայության խնդիրների մասին:

– Այո, քանի որ հայ համայնքը ուժ չունի, հայության հետ ոչ ոք հաշվի չէր նստում: Այդ պարագայում մեր բողոքները տարբեր հարցերի շուրջ ոչ ոք չէր լսում: Եվ մենք էլ միշտ հույս ունեինք, որ պետական մակարդակով հանդիպումների ժամանակ անդրադարձ կլինի նաև մեր խնդիրներին: Երբ խոսում էին մեր մասին, ուրախանում էինք: Սակայն հիմա հասկանում եմ, որ դա սխալ էր: Հայ համայնքի խնդիրը  Վրաստանի ներքին խնդիրն է: Հայ համայնքի խնդիրը պիտի լուծվեր համայնք-պետություն ձևաչափով, իսկ վրացիները կարողացան մարդու իրավունքների հարցը  տանել միջազգային հարաբերությունների ֆորմատ: Հայաստանին ուղղակի ստիպեցին խառնվել այս հարցերին: Սա  նրանց համար լայն դաշտ է բացում մանիպուլյացիաների ու սակարկությունների համար: Հիմա,  օրինակ, հայկական եկեղեցիները վերադարձնելու դիմաց պահանջում են եկեղեցիներ տալ իրենց Հյուսիսային Լոռիում:

Անդրադառնանք թիֆլիսահայության խնդիրներին: Ինչքա՞ն է այսօր թիֆլիսահայության թվաքանակը, և որո՞նք են հիմնական խնդիրները:

– Վրաստանում 2002 թ. մարդահամարի տվյալներով Թիֆլիսում ապրում է 84 հազար հայ: Բայց դժվար է ասել, թե 84 հազարից քանիսն է իրեն հայ զգում. 20 տարվա ընթացքում հազարավոր հայեր դարձել են վրացի` փոխելով ազգանունը և կրոնը: Կային շատ գյուղեր, որոնք ամբողջությամբ բնակեցված էին հայերով, հիմա դրանք դարձել են վրացական: Դա պետական ծրագիր էր, որը մինչ այսօր էլ ոչ այնքան ակտիվ տեմպերով, բայց գործում է: Ասենք` մտնում ես գյուղ, տեսնում ես, որ մարդը դեմքով հայ է, բայց իրեն վրացի է համարում: Գնում ես գերեզման ու տեսնում, որ նոր սերունդը վրացական անուն-ազգանուններով է, հետո ավելի ես խորանում, տեսնում ես վրացական ազգանուն, հայի անուն, իսկ հին սերնդի մոտ  տեսնում ես հայի անուն և ազգանուն: Մարդկանց համոզել են, թե իրենց նախնիները վրացի են եղել, ու իրենք պիտի վերադառնան իրենց արմատներին: Սակայն կան նաև բռնի ազգափոխման դեպքեր, երբ դեռ խորհրդային տարիներին պահանջում էին ազգանուն փոխել, եթե մարդը ուզում էր պաշտոն ստանալ, սպորտում առաջ գնալ կամ ուղղակի աշխատանքը չկորցնել:

Իսկ ինչպիսի՞ն է դպրոցների վիճակը, կա՞ հայ մեծանալու հնարավորություն Թիֆլիսում:

– Թիֆլիսում մոտ 50 դպրոց կար խորհրդային տարիներին, հետո ընթացքում թիֆլիսահայությունը գնաց ռուսականացման:  Փաստորեն, թիֆլիսահայերի մենթալիտետի, տնօրենների պատճառով, որոնք ամեն ինչ արել են, որ հայերը չգնան հայկական դպրոց, այսօր Թիֆլիսում մնացել է միայն մեկ դպրոց, որն ընդամենը 200 աշակերտ ունի: Իսկ ռուսական դպրոցների աշակերտների 70%-ը հայեր են: Մենք ունենք հայերենը պահպանելու խնդիր: Թիֆլիսում ապրող 84 հազար հայերից հազիվ մի 10000-ը հայերեն խոսեն, թե ոչ: Բայց այդ հայերենը դժվար է հայերեն անվանել: Նաև Վրաստանում հայերի համար գործ չկա: Ասում են` հավասարություն է, ժողովրդավարություն  է, բայց չկա գոնե մի հայ, որը ինչ-որ նորմալ տեղում աշխատի: Ուղարկում ես ինքնակենսագրական ինչ-որ աշխատանքի ընդունվելու համար, և պատասխան է  գալիս, որ մեզ հայ աշխատող պետք չէ: Սա կարելի է համարել հայերի նկատմամբ ատելություն կենցաղային մակարդակում, ինչպես շատերն են պնդում: Սակայն երբ նայում ես կուսակցական ցուցակները ընտրությունների ժամանակ և ոչ մի հայի ազգանուն չես տեսնում, քաղաքապետարանի սակրեբուլոյում ոչ մի հայ  չկա և առահասարակ, այլազգի չկա, նշանակում է, որ վրացիները այլազգիներին գործ չեն տալիս, մանավանդ` հայերին:

Վրաստանում ասում են` ջավախահայության հիմնական խնդիրը վրացերեն չիմանալն է, որ իմանան, կինտեգրվեն, լավ կապրեն: Հայաստանի կրթության նախարարն էլ նույն բանն է ասում: Թիֆլիսահայությունը լավ գիտի վրացերեն, ի՞նչ փոխվեց, ինտեգրվե՞ց, աշխատանք գտա՞վ. հակառակը` մի մասը մարգինալիզացվեց, մյուս մասը` առավելագույնս ձուլվեց:

Իսկ մշակութային կյա՞նքը:

– Մշակութային կյանքը Թիֆլիսում հիմնականում իրագործվում է եկեղեցուն կից կառույցների միջոցով: Մեր կազմակերպությունն էլ վերջին տարիներին փորձում էր աշխատել թիֆլիսահայության հետ: Հետո զգացինք, որ դա մեծ արդյունք չի տալիս: Ասում են` կաթողիկոսի այցի ժամանակ Ջավախքում մոտ 10000 մարդ է հավաքվել, իսկ Թիֆլիսում` ընդամենը 400-500: Դա խոսում է երկու բանի մասին. նախ, որ Թիֆլիսի հայությունը դեգրադացված է, և երկրորդ` տեղի եկեղեցին վատ  է աշխատում: Այստեղի հայությանը արթնացնելու համար պետք է լուրջ ծրագիր մշակել ու ներդրումներ անել:

 

Հարցազրույցը վարեց Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

Դիտվել է 1906 անգամ:
Print Friendly

Leave a Reply