Յուրաքանչյուր 100-րդ հայաստանցի մեկնել է ու չի վերադարձել

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 28, 2011 14:52

2011-ի առաջին կիսամյակի ուղևորափոխադրումների մասին տվյալների ամփոփումից հետո ամենաքննարկվող թեման միգրացիան է, ավելի ստույգ` բնակչության արտագաղթը երկրից: Թեման այնքան հնչեղություն ստացավ, որ անգամ նախագահ Սերժ Սարգսյանը միգրացիոն խնդիրներին նվիրված  խորհրդակցություն հրավիրեց,  որտեղ նշվեց` այն փաստը, որ այս տարի  Հայաստանից մեկնողների թիվն առաջին 6 ամիսներին 67 հազար մարդով գերազանցել է ժամանողներինը,  նոր միտում չէ և միանգամայն համապատասխանում է անցած տարիների միտումներին:

Իսկ որպես մեկնողների թվի գերազանցության պատճառ նշվեց այն, որ  համաշխարհային տնտեսությունը հաղթահարել է ճգնաժամի հետևանքները և, մասնավորապես Ռուսաստանում, տնտեսության վերականգնմանը զուգընթաց, Հայաստանից վերսկսվել է աշխույժ աշխատանքային միգրացիան:

«Հայկական սոցիալ-ժողովրդագրական նախագիծ» ՀԿ-ի նախագահ, Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը, անդրադառնալով վերջին տարիների միգրացիոն իրավիճակին, ասում է.  «Այն, ինչ ունենք, այնքան մտահոգիչ է, որ էլ ավելի սրելու կարիք չկա:  Մարդկանց արտահոսքը վերջին երեք տարիներին աճելու միտում ունի. 2008-ին Հայաստանից մեկնել և չի վերադարձել  23 հազար, 2009-ին` 25 հազար և արդեն 2010-ին երկիրը լքել է շուրջ 30 հազար մարդ, որը երկրի բնակչության մեկ տոկոսն է կազմում, այսինքն` ամեն 100-րդ մարդը մեկնել է և չի վերադարձել»:

Եգանյանն ասում է, որ վերջերս կատարված միգրացիոն գերապատվությունների ուսումնասիրության տվյալների համաձայն` հայաստանցիների մեծ մասը ցանկանում է մեկնել եվրոպական երկրներ, սակայն երբ պահը գալիս է, մեկնում են ՌԴ, քանի որ Ռուսաստան մեկնելն  ավելի հեշտ է, անցագրային  խնդիրներ չկան: Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հրապարակած տվյալների`  2002-2007 թթ. Հայաստանից հեռացել է 205 հազար մարդ կամ երկրի բնակչության 6,5-7 տոկոսը: Նրանց մեծ մասը հաստատվել է ՌԴ-ում:  ՀՀ բնակչության 44 տոկոսն էլ իր ապագան երկրում չի տեսնում:

Ժողովրդագրագետը հատկապես մտահոգիչ է համարում այն իրողությունը,  որ մեկնողները հիմնականում երիտասարդ` 20-50 տարեկան  վերարտադրողական տարիքի տղամարդիկ են: Այսինքն` մարդկանց արտահոսքով խախտվում է երկրի բնակչության սեռատարիքային կազմը, խախտվում է նաև վերարտադրողականության բնականոն գործընթացը. «Ներկայիս դեմոգրաֆիական խնդիրների և ծնելիության իրական պատկերի պատճառը նաև դա է»:

Եգանյանը մեկնողների թվի աճը պայմանավորում է երկրում տեղի ունեցող փոփոխություններով. «Միգրացիան անմիջապես արձագանքում է տեղի ունեցող սոցիալ-տնտեսական փոփոխություններին»: Նա երկրից հեռանալու երկու հիմնական պատճառ է նշում` աշխատատեղերի բացակայությունը կամ ցածր աշխատավարձը, որն աշխատավորի ընտանիքին արժանավայել գոյատևման հնարավորություն չի տալիս: Մյուս դրդապատճառը բարոյամշակութային կամ սոցիալ-հոգեբանական գործոնն է, որ գնալով գերակշռող է դառնում միգրացիոն հոսքում:

Անդրադառնալով միգրացիոն քաղաքականությանը` Եգանյանը նշում է, որ «պետական քաղաքականությունը միտված է միգրացիային»: Մասնագետի խոսքով` որոշումներ կայացվում են առանց փորձաքննությունների, իսկ այդպիսի իրավիճակում շատ որոշումներ հենց խթանում են մարդկանց արտահոսքը: Նման օրինակ է համարում Երևանում փողոցային առևտուրն արգելելու մասին որոշումը.  «Բացառված չէ, որ օրվա վաստակից զրկված առևտրականների մի մասը լքի երկիրը, տոմսի փող գոնե այդ մարդիկ կունենան»:

Եգանյանը չի բացառում նաև այն հնարավորությունը, որ պետական մակարդակով որոշում կայացնող որոշ մարդկանց ձեռնտու է միգրացիան. «Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսին կլիներ մեր տնտեսության վիճակը, եթե չլինեին տրանսֆերտները: Կամ ո՞վ պետք է առևտուր կատարի սուպերմարկետներից, եթե ընկնի բնակչության գնողունակությունը»:

Միգրացիայի միտումների մասին խոսելով` Եգանյանը նշում է, որ խորհրդային տարիներին`  մինչև 1979 թ., Հայաստանից արտահոսք չի եղել, ընդհակառակը` ամեն տարի երկրի բնակչությունը 2-3 հազարով ավելացել է ի հաշիվ իմիգրացիայի կամ հայրենադարձության: 1980-ից ի վեր, երբ սկսեց դանդաղել ԽՍՀՄ-ի սոցիալ-տնտեսական զարգացումը, Հայաստանում սկիզբ դրվեց մշտական և սեզոնային միգրացիային: Տարեկան երկիրը լքում էր 5-10 հազար մարդ: «Իսկ 90-ականներին ունեցել ենք ահավոր միգրացիոն հոսք: Այն ժամանակվա մեկնածների մեծ մասը մտադիր էր վերադառնալ, այսինքն` կարծում էր, որ միգրացիան ժամանակավոր է, սակայն հետագայում, դեպքերի բերումով, նրանց հիմնական մասն այդպես էլ Հայաստան չվերադարձավ` մնալով արտերկրում»,- ասում է Եգանյանը:

Առկա միգրացիոն խնդիրների լավագույն լուծումը, ըստ Եգանյանի, բարձրաձայնվել է նախագահականում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, մնում է այն կյանքի կոչել: «Միակ գործոնը, որ կարող է իսպառ բացառել Հայաստանից մեկնողների ու ժամանողների թվաքանակի բացասական տարբերությունը, մեր երկրում այնպիսի պայմանների ստեղծումն է, ինչպիսի պայմանների համար մարդիկ հեռանում են երկրից:  Այլ ճանապարհ չկա»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Միգրացիայի թեմային զուգընթաց շահարկվող թեմաներից է նաև առկա թվերի իսկությունը: Նախագահականում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նույնպես նշվել է, որ Հայաստանում միգրացիայի վերաբերյալ վիճակագրության պակաս կամ տվյալների հավաքման թերացումներ կան, որոնք թույլ չեն տալիս կարճաժամկետ հատվածի համար պարբերաբար և ճշգրիտ պատկերացումներ կազմել իրավիճակի և զարգացումների մասին: «Հայաստանից արտագաղթի և մշտական բնակչության մասին ճշգրիտ տվյալները հասանելի կարող են լինել մարդահամարի արդյունքում, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, և մենք արդյունքները կունենանք 2012 թ. փետրվարի վերջին»,- ասել է նախագահը:

Մասնագետները  միգրացիայի մասին տվյալներ ստանալու չորս աղբյուր են  տարբերում,  որոնցից երեքը տրամադրում են միայն թվային, քանակական տվյալներ և մեկը միայն` որակական տեղեկություն` միգրացիայի պատճառների և հետևանքների մասին:

Տեղեկատվության աղբյուրներն են մարդահամարը, միգրացիայի ընթացիկ գնահատման թերթիկը, սահմանահատումների տվյալները և ընտրանքային հետազոտությունները: Եգանյանն ասում է, որ մարդահամարի միջոցով հնարավոր է պատկերացում կազմել մինչ այդ տեղի ունեցած տեղաշարժերի մասին: Երկրորդ աղբյուրը արդյունավետ չի գործում, քանի որ ոչ բոլոր մեկնողները և ժամանողներն են լրացնում թերթիկը. «Միայն նրանք են գրանցվում, որոնք ինչ-ինչ խնդիրների պատճառով այլ կերպ պարզապես չեն կարող»: Իսկ ընտրանքային հետազոտությունները, որոնք և որակյալ տեղեկություն կարող են ապահովել, թանկ հաճույք են և գրեթե չեն կատարվում. «Հայաստանի անկախության տարիներին 4-5 նման հետազոտություն է կատարվել, բայց ոչ պետական միջոցներով, դրանք ֆինանսավորել կամ իրականացրել են միջազգային կառույցները»:

 

 

 

 

 

 

Դիտվել է 1581 անգամ:
Print Friendly

Leave a Reply