Գյումրեցիներն ընդդեմ աղբի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 28, 2011 10:38
«Քաունթերփարթ Ինթերնեշընլ» հայաստանյան գրասենյակը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական ներդրումներով Գյումրիում իրականացնում է «Գյումրու բնապահպանական ճամբար.սովորենք մեր միջավայրի մասին» ծրագիրը: Այն իրականացվում է «Նոր սերունդ» մանկապատանեկան եւ երիտասարդական կազմակերպության կողմից, եւ բաղկացած է երկու բաղադրիչներից’ինֆորմացիոն եւ շահերի պաշտպանության գործընթաց, որի շրջանակներում իրականացվել է սոցիոլոգիական հարցում Գյումրու 250 բնակիչների շրջանում: Հարցումները վերաբերել են քաղաքի աղբահանությանը:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց «Նոր սերունդ» կազմակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, հարցումները ցույց են տվել, որ բնակիչների մեծ մասի կարծիքով’ քաղաքում աղբահանությունը կատարվում է նորմալ, բայց կան որոշակի թերացումներ, որոնք ուղղելու կարիք ունեն:
«Բնակիչները հիմնականում առաջ են քաշել աղբամանների քանակի ավելացման, աղբամանների տարածքների տեղափոխան եւ աղբի տեղափոխման պարբերականության հետ կապված խնդիրները: Դրանք հիմնականում խիտ բնակեցված թաղամասերում առաջ եկած խնդիրներն են: Ասեմ, որ քաղաքապետարանն ի սկզբանե համագործակցում է եւ պատրաստակամ է մեզ հետ քննարկել առաջադրված հարցերը»,-նշեց Ս. Գաբրիելյանը:
Հարցումների արդյունքներն ու առաջարկությունները կազմակերպությունը նպատակ ունի ներկայացնել քաղաքապետարանին: Ի դեպ, որպես առաջարկություն’ կներկայացվի նաեւ թաղամասերից մեկում աղբի տեսակավորման խնդիրը’ թղթերի, ապակե եւ պլաստիկ շշերի համար հատուկ աղբամանների տեղադրում:
Ծրագրի մասնակից երիտասարդների օգնությամբ հավաքվել են 3 հազար պլաստմասե շշեր, որոնց օգնությամբ կառուցվել է այլընտրանքային ջերմոց եւ տրամադրվել Գյումրու թիվ 10 դպրոցին:






Facebook
Tweet This
Email This Post
