Թուրքիան դատապարտում է Հայաստանի նախագահի հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 27, 2011 21:06

Թուրքիայի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է հունիսի 23-ին Ծաղկաձորում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, հաղորդում է թուրքական Zaman պարբերականը:

Ծաղկաձորում կայացած հանդիպման ժամանակ պատասխանելով Հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներից մեկի հարցին` «… մեզ սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սեւանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արեւմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ», Սերժ Սարգսյանը, նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, մասնավորապես, ասել էր. – «Այդ ամբողջը կախված է քեզնից եւ քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջեւ դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին

 

անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որեւէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, եւ այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու եւ քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը»:

Այս խոսքերը Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը գնահատել է որպես «արեւմտյան Թուրքիան օկուպացնելու»` դպրոցականներին ուղղված կոչ: Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության համաձայն` «պետական գործիչների առաջնահերթ պարտքը պետք է լինի իրենց հասարակությունները, հատկապես երիտասարդությանը խաղաղ եւ բարգավաճ ապագային պատրաստելը»: Պաշտոնական Անկարան «շատ անպատասխանատու վարքագիծ» է որակում երիտասարդներին եւ գալիք սերնդին այնպիսի կոչեր անելը, որոնք կարող են ազգերի միջեւ թշնամանք եւ ատելություն սերմանել:

Հայաստանի նախագահը, մինչդեռ, իր վերոհիշյալ խոսքերը այսպես էր շարունակել. – «Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, եւ սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, եւ մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան»:

 

/www.azatutyun.am

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply